Երբ Քըրքի անունն օգտագործելով` «գործ են կպցնում»

Երբ Քըրքի անունն օգտագործելով` «գործ են կպցնում»
Մի քանի օր առաջ Հանրային խորհուրդը բավական ուշագրավ մի հաղորդագրություն էր տարածել փետրվարի 24-ին իրենց կողմից ընդունված մի որոշման մասին, որ վերաբերում էր հանրությանը ոչ այնքան ծանոթ «Սիս, Մասիս, նոր Հայաստան» ներդրումային ծրագրին:



Խոստովանենք` առաջին հայացքից բավական տարօրինակ էր հիմնականում զվարճանքի օբյեկտներ ընդգրկող այս ծրագրի նկատմամբ ՀԽ-ի եւ դրա նախագահ Վազգեն Մանուկյանի հետաքրքրությունը, որովհետեւ, ինչքան տեղյակ ենք, ՀԽ-ն ստեղծվել է որպես հանրությանը հուզող խնդիրների քննարկման  հարթակ եւ ոչ որպես առանձին մարդկանց ներդրումային ծրագրերի «PR կոնտորա»: Չխոսեմ արդեն տարածած հաղորդագրության վերնագրի մասին` Քըրք Քըրքորյանը համաձայնել է ստանձնել «Սիս, Մասիս, նոր Հայաստանի» կառավարումը, ինչից, նախ՝ մանկական ոգեւորության հոտ է գալիս, այնուհետ՝ տպավորություն է ստեղծվում, թե այսով ՀԽ-ն իր առջեւ խնդիր է դրել մեղմել այն տհաճ լուրի թողած ազդեցությունը, ըստ որի` Քըրք Քըրքորյանը որոշել է առհասարակ այլեւս գործ չունենալ Հայաստանի հետ` լուծարելով շուրջ 1,1 մլրդ ԱՄՆ դոլարի օժանդակություն ցույց տված «Լինսի հիմնադրամն» ու դրա հաշվին առկա 200 մլն ԱՄՆ դոլարը նվիրաբերելով Կալիֆորնիայի համալսարանի Լոս Անջելեսի համալսարանին:



Իմիջիայլոց, մեր իշխանությունները շատ կուզենային, որ այս մասին քար լռություն պահպանվեր: Մանավանդ որ իրենք լռել էին այդ մասին՝ հավանաբար նպատակ ունենալով ժամանակ առ ժամանակ «պլստալ լրագրողների տված հարցերի տակից», հայտարարելով, թե կազմվում են նոր ծրագրեր, թե հարաբերական դադար է հաստատված եւ այլն: Այնպես որ, Կալիֆորնիայի համալսարանի կողմից հրապարակված այս լուրն իսկական սառը ցնցուղ եւ ապտակ էր մեր իշխանությունների համար, մանավանդ նույն ժամանակ նաեւ «Հազարամյակների մարտահրավերների» ամերիկյան հիմնադրամի գործունեության դադարի ֆոնին: Պատկերացնում ենք նաեւ սփյուռքի նախարարուհու ողբերգության աստիճանը, որովհետեւ նա հաստատ չէր հրաժարվի այդ փողերն իր «Արի տուն» դարակազմիկ ծրագրով «անցկացնելու» հաճույքից: Հիմա դրանով, փաստորեն, ամերիկացիները կզբաղվեն, որովհետեւ հենց որ կառավարությունը հաստատի, նվիրատվության շնորհիվ Քըրքորյանը կստեղծի «Երազ» հիմնադրամը, որով էլ կրթաթոշակներ կտրամադրի ուսանողներին, կիրականացնի մարդասիրական ծրագրեր, հետազոտական մի շարք ծրագրեր:



Ի դեպ, չգիտեմ որքանով լուրջ, որովհետեւ Քըրքորյանի տեսակի լուրջ գործարարը դժվար թե պահի վիրավորանքով առաջնորդվեր, բայց ամերիկահայերի կողմից վարվող կայք-էջերից մեկում դեռ նախորդ տարվա նոյեմբերին էի կարդացել, թե Քըրքորյանը պատրաստվում է դադարեցնել «Լինսի» գործունեությունը Հայաստանում, որովհետեւ վիրավորված է «Հայաստան» հիմնադրամի նախագահի` թերթերից մեկին տված հարցազրույցից: Էությունը սա է` ամերիկահայերը բողոքել են, որ իրենց այստեղ «կթու կովի տեղ են դնում», որ, իրենց հասած տեղեկություններով` Քըրքորյանի փողերը նույնիսկ ըստ էության չեն գործածվում, հիմնադրամի նախագահն էլ (չի բացառվում` կատակով) ասել է. «Բայց դո՞ւք ինչու եք վրդովվում, եթե կթու կովը չի բողոքում»...



Հիմա եթե քրոնոլոգիայով առաջ ընթանանք, պիտի հիշենք, որ այդ դեպքերից մեկ ամիս չանցած` սփյուռքի նախարարությունը կոմսոմոլական խանդավառությամբ մի հաղորդագրություն էր տարածել, որում ասված էր. «Մեծ խանդավառությամբ է Երեւանում եւ ՀՀ մարզերում ծավալվում նախարարության «Մեր մեծերը» խորագրով ծրագիրը, որը մատաղ սերնդի մեջ կզորացնի հայրենասիրության եւ հայրենաշինության առաքինությունը»: Ընդ որում, շարունակության մեջ ասվում է, թե իրենք այդ մեծերի շարքում տեսնում են նաեւ «Մեծ եղեռնից մազապուրծ, խարբերդցի ծնողների զավակ, բիզնեսի բարձունքները նվաճած, հայրենիքին անմնացորդ նվիրված, ՀՀ ազգային հերոս...» Քըրք Քըրքորյանին, ում «ուզում են պատվել աղջնակի թոթովագին խոսքով ու պարմանուհու նազան պարով, պարմանու հաստատաքայլ քոչարիով... ուսուցչուհու նույնքան հաստատակամ ասմունքով»: Ավելին` նրա անունով են կոչել աղետի գոտու քաղաքներից մեկի մի փողոցը: Էն էլ հետո, թարսի պես, մեր աղբյուրներից ճշտեցինք, որ հիմնադրամի դպրոցաշինության ծրագրի գրասենյակի տնօրեն Հրայր Սարգսյանը տեղից վեր է կացել ու նախարարուհուն շշպռել, թե բա` իսկ Դուք տեղյա՞կ եք, որ Ձեր որոշումից Քըրքորյանն անչափ զայրացած է, որովհետեւ իրեն նման պատիվները ոչ միայն չեն հետաքրքրում, այլեւ գրգռում են:



Նկատենք, որ դա տեղի է ունեցել անցած դեկտեմբերին, եւ ահա, չանցած երկու ամիս, Քըրքորյանը լուծարում է հիմնադրամը, չնայած նախարարուհին նրան «պատվիրել էր ապրել վասն հայրենյաց», որովհետեւ «հայրենիքի համար կարեւոր է նաեւ ապրելը, եւ ո՛չ միայն ռազմի դաշտում ընկնելը»...



Հիմա գալով մեր ոչխարներին կամ «Սիս, Մասիս, Նոր Հայաստան» ներդրումային ծրագրին, ինչի առնչությամբ Քըրքորյանի անունը մեկ անգամ եւս հնչեցնելու համար, որքան հասկացանք,  իշխանությունները, եւ կարծես նաեւ Հանրային խորհուրդը, պատճառ ունեին: Հակառակ դեպքում նախ՝ հաղորդագրությունն այնպես չէր կազմվի, որ ընթերցողը մոլորեցվեր, իբր Քըրքորյանը նաեւ սեփականատեր է լինելու, իսկ հետո, ինչ-ինչ պատճառներից ելնելով, ծրագրի հեղինակ եւ այն հանրայնացնելու խնդրանքով Վազգեն Մանուկյանի մոտ հանդես եկած Արմեն Վարդանյանը, ով ամերիկահայ գործարար է, վռազ-վռազ չէր ընկնի խմբագրությունների դռները, թե՝ դուք սխալ եք ընկալել. Քըրքորյանը միայն կկառավարի, բայց ներդրումներ չի անի: Իհարկե, ծիծաղելի է, որ «զվարճանքների արքան» առանց ներդրումների, առանց սեփականության իրավունքի պիտի գա ինչ-որ մարդկանց մոտ՝ «կառավարող աշխատի»: Նաեւ կասկածելին այն է, որ տրվող հաղորդագրություններում մարդիկ անընդհատ շոշափում են Քըրքորյանին պատկանող «MGM Mirage» ընկերության անունը` միանշանակ առանց Քըրքորյանից իրավունք ստանալու, հակառակ պարագայում Քըրքորյանի կայք-էջերից մեկում այդ մասին գոնե մի լուրիկ կգտնեինք: Իսկ ամենակասկածելին այն է, որ այս ծրագիրը, պարզվում է,  դեռ Քոչարյանի ժամանակ է քննարկվել Զարգացման հայկական գործակալությունում: Ավելին` փակ դռների ետեւում շնորհանդես էլ է եղել:



Իմիջիայլոց, երկար փնտրելուց հետո իսկապես էլ մի լուր գտա այդ առնչությամբ, որում ասվում էր, որ շնորհանդեսին ներկա է եղել «MGM Mirage»-ի ներկայացուցիչը, ով այդ պահին Հայաստանում է եղել եւ հանդիպել է փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին: Ասվում էր նաեւ, որ ծրագրով հետաքրքրված են նաեւ չինացիները: Այսինքն տպավորություն է, որ ոչ թե Քըրքորյանն է հետաքրքրված եղել այս ծրագրով, այլ՝ «չերեզ» Արմեն Վարդանյան, իշխանություններն են ուզել «գործ կպցնել», ինչն ահա երեքուկես տարի «չի կպնում»: Արդյունքում` հիմա էլ ՀԽ-ն է որոշել օգտակար լինել գործին: Անհայտ է միայն` ընդամենը Վարդանյանի հետ զրուցելո՞վ, թե՞ «MGM Mirage»-ից ճշգրիտ տեղեկատվություն ունենալով...



Ցավոք, մենք չկարողացանք խոսել ՀԽ նախագահի հետ, իսկ իրենց կայք-էջին ուղարկված նամակն անպատասխան մնաց: Բայց հոգ չէ. մի քանի օրից ՀԽ-ն լսումներ է կազմակերպելու, եւ հուսանք՝ դեռ առիթ կունենանք հարցնելու, թե ինչու է ՀԽ-ն Քըրքորյանի անունը շահարկել իր հաղորդագրությամբ, եթե ծրագրի հեղինակը էլեկտրոնային կայք-էջերին հայտարարել է, թե անձամբ Քըրքորյանը ծրագրի հետ կապ չունի, իրենք «MGM Mirage»-ի հետ են միայն շփվել, որում Քըրքորյանը բաժնետեր է: Ծիծաղելի է ուղղակի՝ ոչի՞նչ, որ ոչ թե բաժնետեր է, այլ 100%-ով սեփականատեր, հետն էլ ոչ թե «MGM Mirage» է, այլ «MGM Mirage Rezorts»: Ո՞ւմ են ձեռ առնում էլեկտրոնային մեր դարում...



Ամփոփելով նկատենք, որ շուրջ 400 մլն ԱՄՆ դոլար կազմող այս ծրագրով նախատեսվում է լճափնյա հանգստավայրեր կազմակերպել, խաղատուն, զվարճանքի, հանգստի, մարզական այլ շինություններ կառուցել: Սակայն ծրագրի հեղինակն այն կարծիքին է, թե դա սոսկ հանգստավայր չէ` «այն Եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ կառուցվող նոր Ծիծեռնակաբերդ է»: Ինչ եք կարծում` մի քիչ շա՞տ չի՝  թող որ շքեղ, այնուամենայնիվ, կազինոյի համար...



 



ՀԳ - Ի դեպ, շատ հնարավոր է, որ այս ծրագրի հեղինակն ի՛նքն էլ զոհ է: Հենց նոր մի հարցազրույց կարդացի, որում նա ասում էր. «Կորել է վստահությունը երկրի հանդեպ, իշխանությունների հանդեպ, քցելը դարձել է սովորական բան: Դրա համար եմ ուզում, որ ծրագիրը դրվի հանրային քննարկման: Թող ժողովուրդը որոշի` պե՞տք է իրեն»: Դե դա քննարկումը կորոշի, բայց եթե ինքն անձամբ ասելու բան ունի «Հրապարակի» միջոցով` խնդրեմ:



Գոհար ՍԻՄՈՆՅԱՆ