Քադաֆիի դասերը բռնապետերին

Քադաֆիի դասերը բռնապետերին
Աշխարհում հազիվ թե բռնապետներ գտնվեն, որ իրենք իրենց ժողովրդի սիրեցյալ ու ժողովրդավար չկոչեն: Ոմանք ճամարտակում են, թե իրենք ժողովրդավարություն են կառուցում, մյուսները հայտարարում, թե ցանկացած քաղաքականությամբ էլ իրենք ընդունելի են ժողովրդին, երրորդներն իրենց առաջնորդ են կոչում եւ առաջնորդին մեծարելը դպրոցական դասացուցակներ մտցնում:



Անկեղծորեն դժվարանում ես հասկանալ՝ այդ անձինք իրականությունից այնպես են կտրված, որ կարծում են սիրվելու արժանի՞ք ունեն: Մոամար Քադաֆին զորօրինակ, որ մի շաբաթ առաջ կոչ էր անում իրեն սիրողներին փողոց դուրս գալ եւ իշխանություն վերցնել: Իհարկե, կոչին արձագանքող չգտնվեց. մայրաքաղաք Տրիպոլիում մարդիկ տներում մնացին փակված, մնացյալ քաղաքներում էլ փողոց դուրս եկածները Քադաֆիի նկարներն էին այրում, վրան կոշիկներ շպրտում ու Լիբիայի թագավորության շրջանի դրոշները ծածանում: Եվ ի՞նչ, Քադաֆին հետեւություն արե՞ց: Իհարկե` ոչ.



Եվ ի՞նչ, Քադաֆին հետեւություն արե՞ց: Իհարկե` ոչ. անմեղսունակի ջանադրությամբ շարունակեց կրկնել, թե ժողովուրդն իրեն սիրում է, իրեն բոլորն են սիրում եւ պատրաստ են իր համար պայքարել: Իրականում ոչ միայն Քադաֆիից զզված ժողովուրդը, այլեւ այդ ճամբար անցած նախկին իշխանավորները վերջին մի քանի օրերին Բենգազիում, Զավիայում, մյուս քաղաքներում Լիբիայի ազգային կոմիտեներ կազմավորեցին, որոնց ենթակայությամբ էլ զինված ջոկատներ են ձեւավորվում` մի կողմից Քադաֆիին հավատարիմ մնացած զինյալների հնարավոր հարձակումները ետ մղելու, մյուս կողմից` Տրիպոլիի վրա արշավ նախապատրաստելու համար:



Երեկ դարձյալ ուրբաթօրյա աղոթքից հետո մարդկանց կուտակումներից վախենալով՝ արցունքաբեր գազով եւ մահակներով զինված Քադաֆիի բանակայինները շրջափակել էին ամեն հնարավոր հրապարակ ու փողոց Տրիպոլիում: Երբ մի քանի հարյուր մարդ էլ հակաիշխանական կոչերով եւ թագավորության շրջանի դրոշներով հավաքվել էր հրապարակներից մեկում, ջոկատայինները վայրենությամբ նրանց ցրել էին: Թե դիմակայությունը որքան կշարունակվի՝ դժվար է ասել, սակայն էլ ավելի դժվար է կռահել Քադաֆիի վերջաբանը: Բուքմեյքերական գրասենյակները կարող են անգամ տոկոսադրույքներ սահմանել Քադաֆիի վերջաբանի սցենարի համար:



Լիբիային առնչված մարդկանց մեծամասնությանը թվում է, թե Քադաֆին ինքնասպան կլինի` իր կարծիքով, մարտիրոսվելով, իսկ իրականում՝ երկրագունդը մի խելագարից ազատելով: Այս տարբերակի օգտին է խոսում նաեւ Քադաֆիի` էկրաններին հայտնվելու հաճախականությամբ ուղղակի հեռուստաաստղ դարձած որդու հայտարարությունը, թե իրենք ունեն A, B եւ C պլաններ: A պլանն է ապրել եւ մահանալ Լիբիայում, B պլանը՝ ապրել եւ մահանալ Լիբիայում, C՝ ապրել եւ մահանալ Լիբիայում:



Քադաֆիի վերջաբանի երկրորդ հնարավոր սցենարը լրատվամիջոցներն են հիմնականում ասպարեզ նետում` Լիբիայի առաջնորդի եւ իր ընտանիքի` Լատինական Ամերիկա հեռանալու մասին: Նման ենթադրությունները բոլորովին հիմնազուրկ են, թե ինչ-որ առարկայական հիմք ունեն՝ դժվար է դատել: Սակայն այս տարբերակը, եթե նույնիսկ ընտրվի, միջանկյալ լուծում է: Ուղղակի ժամանակ շահելու քայլ` մինչեւ երրորդ տարբերակը:



Իսկ երրորդ տարբերակը պետք է առանձնակի հետաքրքրի Քադաֆիի հոգեւոր եղբայրակիցներին բոլոր մայրցամաքներում: Հայաստանում ավելորդ չի լինի, եթե տեղապահ Քոչարյանը գործընթացին հետեւի իրեն հասանելի մտավոր ողջ լարումով: Ինչպես հայտնի է, ընդամենը մեկ շաբաթ առաջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունեց բանաձեւ, որով առաջարկվում էր, որ Հաագայի միջազգային քրեական դատարանի մեղադրողն ուսումնասիրի Լիբիայում անմեղ մադկանց սպանությունների բնույթը եւ որոշի՝ արդյո՞ք առկա են մարդկության դեմ հանցագործության հատկանիշներ:



Անցնող շաբաթվա ընթացքում ոչ միայն Միջազգային քրեական դատարանի մեղադրող Լուի Մորենո Օկամպոն պաշտոնապես հետաքննություն սկսեց, այլեւ հայտնի դարձավ, որ Քադաֆիի հանցանքների 13 դրվագ  ուսումնասիրում է որպես մարդկության դեմ հանցագործություն: Որպես կանոն, դրանք ռազմական ուժի ապօրինի կիրառման դեպքերն են, որ հանգեցրել են քաղաքացիական բնակչության շրջանում մահացությունների: Մի դրվագում 13 հոգի է զոհվել, մեկ այլ դրվագում՝ 70 եւ այլն: Էականն այստեղ փաստվող մոտեցումն է, որ մարդկության դեմ հանցանքը զոհերի քանակից չք կախված, ինքնության հանցանք է դրվագներից յուրաքանչյուրը:



Մինչ տեղապահ Քոչարյանը Հայաստանում ազատության մեջ շրջում է, վատ չի լինի խորհի այն բանի շուրջ, թե Հայաստանում 2008-ի մարտի 1-ի իր գործողությունները որեւէ դրվագով կամ բնութագծով տարբերվո՞ւմ են այն հանցանքներից, որոնց համար այսօր Քադաֆիի եւ նրա ընտանիքի հանդեպ Հաագայի գործընթաց է սկսվել: Քոչարյանին ի՞նչ է թվում, իրեն մինչեւ ե՞րբ եւ ի՞նչն է պահելու, որ իր հանդեպ էլ Հաագայում նույնպիսի գործընթաց չսկսվի: Իշխանությունում մնացած յուրայիննե՞րը: Նրանք էլ մի կարճ ժամանակ հետո չեն լինի` ներառյալ հիմնական պաշտպան-պահապան Աղվան Հովսեփյանը: