Մի լողացեք եւ խուսափեք դեպրեսիայից

Մի լողացեք եւ խուսափեք դեպրեսիայից
Ամերիկացի գիտնականները պնդում են, որ դեպրեսիան ժամանակակից մաքրասիրության հետեւանքն է: Բանն այն է, որ մարդու օրգանիզմն անհիշելի ժամանակներից օգտվել է որոշ առողջարար բակտերիաների «ծառայություններից»՝ ցանկացած տեսակի բորբոքումներից խուսափելու համար:



Այդ բակտերիաները չափավորում են մարդու օրգանիզմի բորբոքային ռեակցիան այս կամ այն հարուցիչի նկատմամբ: Անթերի հիգիենայի հետեւանքով մարդու մարմինը զրկվում է հողի, ուտելիքի եւ աղիքների մեջ ապրող «հին ընկերներից», ուղեղը հեշտությամբ բորբոքվում է, եւ առաջանում է դեպրեսիա: Այս վարկածը իր հերթին հիմնվում է այն ենթադրության վրա, որ դեպրեսիան սովորաբար ուղեկցվում է ուղեղի բորբոքումով:



Հիգիենայի եւ դեպրեսիայի միջեւ եղած կապը հաստատելու նպատակով գիտնականները ուսումնասիրում են Արեւելքի բնակիչների կենցաղը: Այդ կապի օգտին է խոսում նաեւ այն փաստը, որ երիտասարդները շատ ավելի հաճախ են տառապում ընկճախտով, քան մեծահասակները, իսկ երիտասարդները սովորաբար ավելի են հետեւում անձնական հիգիենայի կանոններին:



Բորբոքումների եւ առողջարար բակտերիաների միջեւ եղած կապը հաստատելու դեպքում գիտնականների ձեռքը կընկնի դարի հիվանդությունների, անգամ ուռուցքի բուժման մատչելի բանալի, քանի որ գրեթե բոլոր հիվանդություններն էլ բորբոքային պրոցեսների հետեւանք են, իսկ առողջարար բակտերիաները կանխում են բորբոքումները:



Միաժամանակ փորձեր են կատարվում բակտերիաների վերականգնման միջոցով բուժել դեպրեսիան:



Գոյություն ունեն նաեւ դեպրեսիայի բուժման այլ` ոչ ավանդական միջոցներ, ինչպես, ասենք, լուսաբուժությունը: Հայտնի է, որ արեւը համարվում է «երկնային անտիդեպրեսանտ»: Նրա լույս տալու հատկությունն օգտագործելով` այժմ բուծվում է ոչ միայն սեզոնային ընկճախտը, այլեւ ընկճախտն ընդհանրապես: Լուսաբուժության արդյունքները չեն զիջում դեղորայքային բուժումների արդյունքներին եւ ի լրումն` նաեւ անվնաս են:



Լուսաբուժության հնարավորություն չունենալու դեպքում կարող եք սենյակների լամպերը փոխարինել հզոր լամպերով, որոնց արձակած լուսավորությունը մոտ է ցերեկայինին: Մյուս մեթոդը շոկային թերապիան է, որի ժամանակ հիվանդի ուղեղը ենթարկում են էլեկտրաշոկի: Մի չնչին դոզան բավարար է լինում հիվանդին ընկճախտից արագ դուրս բերելու համար: էլեկտրաշոկն իրականացնում են հիվանդին քնեցնելով: Միայն թե այս բուժման թերությունն այն է, որ հիվանդը կարող է կորցնել վերջին մեկ-երկու ամսվա իրադարձությունների հիշողությունը: Մեծ մասամբ դեպրեսիայով տառապողներին այս փաստը չի կանգնեցնում. նրանք համաձայնում են ընկճախտից ազատվել` դրա դիմաց վճարելով սեփական հիշողությունը:



Պետք է նկատի ունենալ, որ  մեծ մասամբ դեպրեսիան նորմալ բան է: Ամերիկացիները հարցում են կատարել, եւ հարցվածների ութսուն տոկոսը խոստովանել է, որ ժամանակ առ ժամանակ ընկճվում է: Այստեղ կա մի ուրիշ վտանգ. պետք չէ ընկճախտի ցանկացած դրսեւորում «բուժել»: Բուժման կարիք ունեցող եւ «նորմալ» դեպրեսիան տարբերակելու համար առաջարկվում են որոշակի կրիտերիաներ` նախ, դեպրեսիայի տեւողությունը պետք է գերազանցի երկու շաբաթը, երկրորդ, այն պետք է ուղեկցվի կրկնվող նոպաներով, պետք է դիտվեն քնի խանգարումներ եւ հոգնածություն, պոտենցիայի նվազում: Ահա սրանք են բուժման ենթակա ընկճախտի ախտանշանները: Եթե դրանք ձեզ մոտ բացակայում են, աշխատեք մտածել հաճելի բաների մասին, ձեզ համար զբաղմունք գտեք, փոխեք լամպերը եւ մոռացեք դեպրեսիայի գոյության մասին:



 



Աստղիկ ՍԱՐԳՍՅԱՆ