Սպիլբերգը գնել է Ասանժի մասին ֆիլմ նկարելու իրավունքը

Սպիլբերգը գնել է Ասանժի մասին ֆիլմ նկարելու իրավունքը
DreamWorks ընկերությունը, որի համասեփականատերերից է Սթիվեն Սպիլբերգը, ձեռք է բերել «Վիքիլիքսի» հիմնադիր Ջուլիան Ասանժի մասին երկու գրքերի էկրանավորման իրավունքը։ Ինչպես հայտնում է reuters.com-ը, ամերիկյան կինոընկերությունը համաձայնություն է կնքել, որով իրավունք է ստանում գնել ավստրալացու երկու կենսագրական գրքերը։ Դրանցից մեկը՝ «Վիքիլիքս. Ջուլիան Ասանժի պայքարը գաղտնիության դեմ», գրել են Guardian-ի լրագրողներ Դեւիդ Լին ու Լյուկ Հարդինգը։ Երկրորդ գիրքը՝ «Վիքիլիքսի ներսում. Աշխատելով Ջուլիան Ասանժի հետ աշխարհի ամենավտանգավոր սայթի վրա» անվանմամբ, գրել է Ասանժի նախկին ենթակա Դոմշայթ-Բերգը։



Թեեւ Սպիլբերգը DreamWorks-ի հիմնական գործընկերներից է, սակայն նոր նախագծին նրա անմիջական մասնակցության մասին դեռ չի խոսվում։ Հայտնի չէ նաեւ, թե ովքեր են լինելու ռեժիսորը, պրոդյուսերը եւ գլխավոր դերակատարը։ Ներկա պահին թերթերն Ասանժի դերի հիմնական հավակնորդ են համարում ամերիկյան դերասան Մեթ Դեյմոնին։ Կարելի է նշել նաեւ Լեոնարդո Դի Կապրիոյին, Ջուդ Լոույին եւ Մայքլ Շինին։