Հեքիաթների մի հավատացեք

Հեքիաթների մի հավատացեք
Կիրակի օրը՝ մարտի 6-ին, պետք է կայանար «Ժառանգություն» կուսակցության խորհրդի ընդլայնված նիստ, որը պետք է քննարկեր խորհրդարանում «Ժառանգության» գործունեության ապագան, մասնավորապես՝ «Ժառանգությունը» շարունակելո՞ւ է ԱԺ նիստերի բոյկոտը, թե՞ ոչ:



Հաշվի առնելով քաղաքային վերջին մարտերում «Ժառանգության» եւ ոստիկանների միջեւ բախումը, խորհրդի նիստը հետաձգվել է: Այն կկայանա մարտի 13-ին։ Երեկ մեր հարցին, թե իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ դուք եք հարձակվել ոստիկանների վրա, «Ժառանգության» վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Այդ դեպքում ես պահանջում եմ, որ ողջ տեսաերիզը, որ նկարահանվում էր ոստիկանության կամ ԱԱԾ-ի կողմից, հեռուստատեսությամբ ցույց տան, ու մարդիկ տեսնեն չմոնտաժված տարբերակը»:



Իսկ ի պատասխան այն մեղադրանքների, թե «Ժառանգությունը» ղեկավարվում է Արեւմուտքից, Մարտիրոսյանը հայտարարեց. «Հեքիաթներին մարդիկ սիրում են հավատալ եւ սեփական անկարողությունն ու ուրիշների հաջողությունն ինչ-ինչ զորավոր աջակիցների առկայությամբ պայմանավորել: «Ժառանգությունն» անկախ է, բազմաթիվ անգամներ տեսել եք, որ հակադրվել է ինչպես Արեւմուտքի ցանկություններին, այնպես էլ Հյուսիսի կամ Արեւելքի: «Ժառանգությունը» բացառապես հայաստանակենտրոն կուսակցություն է եւ հենց այդ շրջանակում էլ իր գործունեությունն իրականացնում է»: