Հոռետեսական կանխատեսումներ

Հոռետեսական կանխատեսումներ
Երեւանի մամուլի ակումբը, Մամուլի աջակցության «Ինտերնյուս» ՀԿ-ն, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստան» կազմակերպությունները մի քանի օր առաջ հաղորդագրություն էին տարածել՝ մտահոգություն հայտնելով վերջերս հայկական ԶԼՄ-ների դեմ պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավն արատավորող տեղեկատվության հերքման եւ բարոյական վնասի փոխհատուցման պահանջով հարուցվող դատական գործերի աճի առնչությամբ:



Ըստ նրանց՝ դատարանների կողմից այս գործերի քննությունը հաստատում է հոռետեսական կանխատեսումները, որ, առանց հաշվի առնելու առկա իրողությունները, բարոյական վնասի փոխհատուցման ինստիտուտի հապճեպ ներմուծումը վտանգի տակ կդնի մի շարք պարբերականների գոյությունը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքում 2010 թվականին կատարված փոփոխություններում առկա այն վտանգը, որ կոնկրետ հոդվածի իրական հանրային արձագանքի եւ հասցված վնասի չափի որոշման հարցում դատարանները, առանց հրապարակվող տեղեկատվության հասարակական նշանակությունը եւ պատասխանողի ֆինանսական դրությունը հաշվի առնելու, կամայական վճիռներ կայացնելու հնարավորություն են ստանում՝ օրինագծերի քննարկման ընթացքում բազմիցս մատնացույց է արվել լրագրողական հանրության ներկայացուցիչների կողմից:



Ըստ հաղորդագրության՝ օրենքի «ուժից» բացառապես օգտվում են «այս աշխարհի ուժեղները»` քաղաքական եւ գործարար վերնախավի ներկայացուցիչները` հաշիվներ մաքրելով իրենց համար ոչ ցանկալի ԶԼՄ-ների եւ լրագրողների հետ, իսկ դատական վերջին գործերն էլ վկայում են, որ դատարանները պատրաստ են աջակցելու լրագրողների դեմ ծավալվող  արշավին: Մի խոսքով, կոչ են արել ՀՀ Ազգային ժողովին` հնարավորինս արագ վերանայել վիրավորանքի եւ զրպարտության մասին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի դրույթները: Մշակել համապատասխան պարզաբանումներ` ձեւակերպելով բարոյական վնասի փոխհատուցման բանական եւ հիմնավոր սահմաններ` այդպիսով ապահովելով յուրաքանչյուր գործով դրա կոնկրետ հանգամանքները հաշվի առնելու հնարավորություն:



Այն, որ դատարանները գործում են միայն լրատվամիջոցների դեմ, վկայում է նաեւ «Հետք» էլեկտրոնային լրատվամիջոցի լրագրող Գրիշա Բալասանյանի եւ խմբագիր Էդիկ Բաղդասարյանի  հաղորդման հիման վրա պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մերժումը: Հիշեցնենք, որ պատգամավորը սեռական բնույթի հայհոյանքներ էր տեղացել միայն այն պատճառով, որ լրագրողն իր բջջայինին էր զանգել՝ որոշ պարզաբանումներ ստանալու նպատակով: Այն մերժվեց հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Իսկ «Հայկական ժամանակ» օրաթերթին դատի տված օլիգարխների՝ Ռուբեն Հայրապետյանի, Սամվել Ալեքսանյանի եւ Լեւոն Սարգսյանի հայցը բավարարվեց՝ այն դեպքում, երբ ՀԺ-ն տպագրել էր կոնկրետ զրուցակցի տեղեկատվություն:



Մամուլի «բերանը» ֆինանսական ճնշմամբ փակելու այս մեթոդը գնալով ավելի է ահագնանում նախընտրական շրջանում, երբ երկրի հերն անիծած պատգամավորներն ու քաղաքական գործիչները  հանրությանը ներկայանալու խնդիր ունեն: Ինչ են մտածում պատգամավորներն այս օրենքի հետեւանքների առնչությամբ: ՀՀ առաջին օմբուդսմեն, «Ժառանգության» պատգամավոր Լարիսա Ալավերդյանն ասաց. «Հայաստանում իրավակիրառական պրակտիկան ավելին է, քան օրենքի տառը: Սա է պատճառը, որ շատ անգամ լավագույն օրենքը բերում է բավականին զարգացած երկրի, իսկ Հայաստանում այն աշխատում է ի չարս: Դա պատահական չի, այն կարելի է կանխատեսել: Դրական իրավակիրառական պրակտիկայի սոցիալական սովորությունների պակասությունը՝ մի կողմից, եւ քաղաքական մենաշնորհը՝ մյուս կողմից:



Այ, դրանք միշտ բերում են նրան, որ կարծես մի երկրում ուրիշ արդյունք բերի, մեզ մոտ՝ պարտադիր բացասական: Անշուշտ, մենք պետք է հասկանանք, որ զանգվածային լրատվամիջոցները պետք է աշխատեն՝ իրենց արտահայտվելու մշակույթն ամեն օր բարձրացնեն, այսինքն ավելի խիստ արտահայտվեն՝ չկպնելով մարդկային արժանապատվությանը: Այնքան մեծ  բառապաշար կա, որ կարելի է բնութագրել բացասական երեւույթները»: Իսկ դաշնակցական Ալվարդ Պետրոսյանն ասաց, որ ինքն այն մարդկանցից է, ում, ամեն դեպքում, ցավ են պատճառել լրավամիջոցները: Մի անգամ տպագրել են, որ Արաբկիրի շուկան տիկին Պետրոսյանին է պատկանում:



Տիկնոջ խոսքով՝ տիպաբանական բաժանում անգամ չեն արել: Օրինակ գրող Պետրոսյանն ինչպե՞ս կարող է շուկա ունենալ. «Բայց ես հարցին ավելի շատ նայում եմ որպես նախկին համքարության անդամ, իմ գրական կյանքը որպես լրագրող եմ սկսել: Ես երիտասարդ սերնդից պահանջ ունեմ, որ մեդալի երկու կողմը չեն նայում, երեւույթի մասին գրում են միակողմանի: Բայց որ ես դատի տամ՝ հնարավոր չի: Ես կարծում եմ, որ պետք է լրագրողների հետ լեզու գտնել, բանավիճել: Ես չեմ իջնի՝ սկանդալային կեղտոտ բամբասանքների հետ բանավիճեմ, առավել եւս՝ դատի տամ»: Օրենքի հետ կապված էլ կարծում է, որ այն շատ չի շահարկվի, իրեն դուր չեն գալիս դատի տալու գործընթացները: