Քննիչն աշխատում է ի հեճուկս դատարանի

Քննիչն աշխատում է ի հեճուկս դատարանի
Իմ՝ Արմեն Սաշայի Հովհաննիսյանիս դիմումի հիման վրա 2008թ. հուլիսի 28-ին հարուցվել է թիվ 201143308 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի եւ 182-րդ հոդվածի 3-րդ մասով:



Ես եղել եմ «Արմեն-Համիկ ընկերներ ՀՁ» (հայտնի է որպես «Սուրճ Օրիգինալ») ՍՊԸ-ի գործընկերը: 2008թ. այլեւս չցանկացա համագործակցել «Արմեն-Համիկ ընկերներ ՀՁ»-ի հետ, ինչի վերաբերյալ հայտնեցի գործընկերոջս: Վերջինիս դուր չեկավ իմ մտադրությունը, եւ նա սկսեց սպառնալիքներով եւ ճնշումներով ինձ պահել որպես իր գործընկեր: Ընկերոջս հետ (նրա մեքենայով) գնացի Աբովյան՝ «Արմեն-Համիկ ընկերներ ՀՁ» ՍՊԸ տնօրեն Մարտիկ Անդրեասյանի հետ հանդիպման: Այդ հանդիպումը մեզ համար ճակատագրական եղավ:



Տնօրեն Մարտիկ Անդրեասյանը, նրա եղբայր Կորյուն Անդրեասյանը, նույն ՍՊԸ աշխատակից (պահեստապետ) Կառլեն Խաչատրյանը եւ վերջինիս եղբայր Վրեժ Խաչատրյանը մեզ ծեծի ենթարկեցին, զենքի սպառնալիքի տակ ինձ ստիպեցին մեծ գումարի պարտավորագիր ստորագրել, ուղղակի սպառնացին՝ «մի թեւդ թուրքերն են կտրել, մյուսը մենք ենք կտրելու»: Չբավարարվելով այդ ամենով, նույն օրը գիշերը Վանաձորի մեր բնակարան ուղարկեցին իրենց կամակատարներից մեկին՝ մեր բնակարանների սեփականության վկայականները վերցրին եւ Աբովյան քաղաքի նոտար Ռիմա Մխիթարյանի մոտ ստիպեցին ստորագրել պահանջվող փաստաթղթերը: Ավարտելով իրենց «գործը»՝ մեզ բաց թողին: Դեպքից կարճ ժամանակ անց մեկնեցի ԱՄՆ (մեր երկրում իմ եւ իմ ընտանիքի ապահովության կամ անվտանգության մասին միայն երազել կարելի է):



Վերոնշյալի մասին հայտնել եմ ՀՀ իրավապահ մարմիններին: Գործը շուրջ երեք տարի է՝ տեղից չի շարժվում: Գործարար հանցագործներից ոմանք նախկինում եղել են իրավապահ մարմինների աշխատողներ եւ շնորհիվ իրենց կապերի եւ փողերի՝ կարողանում են լեզու գտնել եւ քննիչի, եւ դատախազի հետ: Քննիչը 2009 թվականի հունվարին «փակեց գործը», քանի որ հանցագործության մեջ մեղադրվող անձինք քննիչին «հավաստիացրել էին», որ իրենք որեւէ խախտում չեն կատարել, ինձ եւ ընկերոջս չեն ծեծել եւ զենք չունեն: 2009 թվականի գարնանը քննիչի որոշումը՝ գործը փակելու վերաբերյալ, առաջին ատյանի դատարանը ճանաչեց անօրինական: Գործի քննությունը վերսկսվեց, եւ շուրջ 4 ամիս անց նույն քննիչը, ըստ էության ոչինչ չանելով, գործը կրկին փակեց: 2010թ. հոկտեմբերի 11-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը դարձյալ վերացրեց քննիչի որոշումը: Անցավ շուրջ 5 ամիս, եւ նույն քննիչը կրկին «փակեց գործը»:



Համոզված եմ, որ իմ բողոքի հիման վրա գործն իր տրամաբանական ավարտին չի հասցվում այն պարզ պատճառով, որ այն ուղղված է օլիգարխի եւ նրա բարեկամի ու կամակատարների դեմ, գործը քննում են նրա ազդեցության գոտում (բոլորն աբովյանցիներ են) եւ ազդեցության տակ գտնվող քննիչի կողմից:



Ըստ էության, ստեղծվել է մի իրավիճակ, երբ իրավապահ մարմինները, հաջողությամբ «համագործակցելով» եւ «ընդառաջելով» գործարար աշխարհի ներկայացուցչին, ինչ-որ մեկ կամ երկու քաղաքացու դիմումի հիման վրա նպատակահարմար չեն համարում կատարել Սահմանադրությամբ եւ օրենքով իրենց վրա դրված պարտականությունները:



Այս երեք տարիների ընթացքում բազմաթիվ դիմումներ եմ հղել եւ ՀՀ նախագահին, եւ մյուս բոլոր պատկան մարմիններին: Հերթական դիմումն եմ գրում, հուսով եմ, որ գոնե այս անգամ կպատասխանեն:



 



ՀՀ նախագահ



Սերժ Սարգսյանին



ՀՀ ԱԺ նախագահ



Հովիկ Աբրահամյանին



ՀՀ գլխավոր դատախազ



Աղվան Հովսեփյանին



ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին



Մեր ընտանիքի խախտված իրավունքների պաշտպանության համար Ձեզ երկու անգամ դիմել ենք: Մինչ օրս նախագահական նստավայրից որեւէ պատասխան չենք ստացել: Մեր իրավունքների պաշտպանության համար ձեռնարկել ենք ՀՀ օրենսդրությամբ նախատեսված, ինչպես նաեւ օրենքով չարգելված բոլոր քայլերը: Դիմել ենք իրավապահ մարմիններին, դատարաններ: Վերջին դատական ակտը կայացվել է 2010թ. հոկտեմբերի 11-ին. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մեր բողոքը բավարարել է: Դատարանի որոշումը մտել է օրինական ուժի մեջ: Հետեւաբար՝ այն օրենքի ուժով պարտադիր էր կատարման:



Կոտայքի քննչական բաժնում մինչ 2011թ. հունվար ամիսը որոշման կատարման ուղղությամբ ոչինչ չձեռնարկելով, մեր բողոքի հիման վրա հարուցված քրեական գործը հերթական` երրորդ անգամ որոշմամբ կարճվել է: Որոշումը մեզ չեն տրամադրել. նախորդ երկու որոշումները դատարանը վերացրել է: Այս նոր` երրորդ որոշումը եւս, բնականաբար, կվիճարկենք դատարանում:



Ձեզ` ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին ուղղված մեր հերթական դիմումով ցանկանում ենք մեկ անգամ եւս ձեր ուշադրությունը հրավիրել անպատժելիության եւ անօրինության այն մթնոլորտի վրա, որը տիրում է Հայաստանում: Բայց մեր հարցերը մնացել են անպատասխան:



- Մեր բողոքի հիման վրա հարուցված քրեական գործը քննել է Կոտայքի քննչական բաժնի քննիչ Մ. Կիրակոսյանը: Նա երեք անգամ որոշում է ընդունել՝ կարճել գործի վարույթը: Դատարանը երկու անգամ քննիչի որոշումը վերացրել է: Քննիչի երրորդ որոշումը նոր է կայացվել, եւ դեռեւս դատարան չենք դիմել: Ցանկանում ենք իմանալ՝ արդյո՞ք քննչական բաժնում մեկ քննիչ է աշխատում, ով տարիներ շարունակ, ի հեճուկս դատարանի որոշումների եւ բազմաթիվ անժխտելի փաստերի, գործի վերաբերյալ մնում է իր ոչ օրինական եւ անհիմն կարծիքին: Հնարավոր չէ՞ արդյոք պետական բյուջեից (հարկատուների հաշվին) աշխատավարձ վճարել այլ քննիչի, ով գործը կքննի օբյեկտիվ եւ օրենքով սահմանված կարգով: Գուցե այս դեպքում հնարավոր կլինի վերականգնել իրավապահների խաթարված հեղինակությունն ու վստահությունը հանրության շրջանում:



- Դատական ակտի կատարումից խուսափելու կամ կատարումից հրաժարվելու դեպքում նախատեսված է այն կատարման ներկայացնել Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով: Հնարավոր համարո՞ւմ եք արդյոք այն, որ հարկադիր կատարողներն ի զորու են հարկադրել դատախազական եւ քննչական մարմիններին՝ կատարելու դատական ակտը եւ վերականգնելու մեր խախտված իրավունքները: Ի վերջո, օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պետական պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ չկատարելը ՀՀ օրենսդրությամբ քրեորեն պատժելի արարք է: Արդյոք որեւէ մեկը պատասխան կտա՞ դատական ակտը չկատարելու համար:



- Մենք ձեզնից չենք խնդրում կատարել որեւէ անօրինական գործողություն կամ մեր քմահաճույքները: Մեր խնդրանքը, ինչպես եւ գործողությունները, համապատասխանում են Հայաստանի օրենքներին: Մենք խնդրում ենք, որ պաշտոնատար անձինք եւս մեզ` շարքային քաղաքացիներիս հետ հարաբերվեն նույն օրենքներով՝ իրենց իրավասությունների եւ պարտականությունների սահմաններում: Շուրջ երեք տարի է, իրավապահ մարմիններն օրենքների հետ վարվում են՝ ինչպես աճպարարն իր գործիքների հետ: Նման պայմաններում կարիք կա՞ արդյոք Ազգային ժողովում ծանր աշխատանք ծավալել` օրենքներ ընդունելու եւ դրանք կամայականորեն կիրառելու համար:



Մեծարգո պարոն նախագահ, Ձեր բազմաթիվ ելույթների եւ հայտարարությունների ժամանակ պահանջել, հանձնարարել եւ ցուցումներ եք տվել բոլոր պաշտոնյաներին՝ գործել օրենքով սահմանված կարգով, պաշտպանել եւ ապահովել օրինականությունը, վերականգնել հանրության վստահությունն իրավապահ մարմինների եւ արդարադատության նկատմամբ: Ինչպե՞ս կարող է այդ ամենը կայանալ, եթե իրական կյանքի պատկերն այն է, ինչը Ձեզ ներկայացրինք վերեւում:



Հուսով ենք՝ մեր այս դիմումն անպատասխան չի մնա:



Արմեն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հռիփսիմե ԱՎԱԼՅԱՆ



ԱՄՆ-Հայաստան