Թատերագետները թող ներկայացման մասին գրեն

Թատերագետները թող ներկայացման մասին գրեն
Հարցազրույց



Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Ստեփան



Դավթյանի հետ



 



- Պրն Դավթյան, մայր թատրոնն այսօր շենքային խնդիրնե՞ր ունի:



- Սունդուկյանի շենքային պայմանները գոհացուցիչ չեն, վերանորոգման անհրաժեշտություն կա շենքի վարչական մասի, շենքի ֆասադի, որոշ արտադրամասերի դեպքում, բեմական տեխնիկան նույնպես շատ հին է, որոնց համար անհրաժեշտ են ֆանտաստիկ մեծ գումարներ: Ամեն դեպքում, ինչ-որ բաներ կատարվում են: Օրինակ, 2009-ին 10 մլն ծախսվել է շենքի հակահրդեհային ստորգետնյա ջրավազանը վերանորոգելու համար, 2010-ին շենքի մասնակի վերանորոգումների համար տրամադրվել է 18 մլն դրամ, ինչի արդյունքում վերանորոգվել են բոլոր գրիմանոցները, ընդունարանն ու իմ աշխատասենյակը, առաջին անգամ մաքրվել են ֆոյեների ապակե վիտրաժները: 2009-10թթ. պետության կողմից տրամադրվել է 50 մլն դրամ, ինչի շնորհիվ 7 ներկայացում ենք հանձնել հանդիսատեսի դատին, իսկ սա համարում եմ պետության կողմից հոգածության կոնկրետ վերաբերմունք ազգային ակադեմիական թատրոնի նկատմամբ:



- 50 մլն-ն բավականին տպավորիչ է հնչում, իսկ ինչի՞ց է, որ ներկայացման արդյունքը՝ դեկորներից մինչեւ դերասանական խաղ, այնքան էլ տպավորիչ չէ:



- Դա Ձեր կարծիքն է, այդպիսի բան չկա, դեկորների աղքատիկության մասին որեւէ մեկը նման բան չի ասել, կան քննադատություններ, բայց՝ թատերագետների կողմից, իսկ Դուք թատերագետ չեք ու չեք կարող նման բան ասել:



- Ես թատերասեր հանդիսատես եմ:



- Ես էլ որպես հանդիսատես՝ ասում եմ, որ շատ շքեղ են ներկայացումների դեկորացիաները եւ շատ թանկ:



- Այդ դեպքում նման շքեղ բեմադրություններ անելու համար բավարարո՞ւմ են պետության հատկացրած գումարները:



- Իհարկե բավարարում են. «Մուսա լեռան 40 օրը» ներկայացման համար պահանջը եղել է 18 մլն դրամ, այդքան էլ հատկացվել է, իսկ առաջներում նման գումարներ չեն ծախսվել ներկայացումների վրա:



- Քաղաքապետարանը վերականգնեց դպրոցականներին անվճար թատրոն բերելու ավանդույթը: Հանդիսատեսի խնդիրը դա ինչքանո՞վ կլուծի:



- Կարծում եմ՝ դպրոցական հանդիսատեսի խնդիրն ինչ-որ չափով կլուծի: Մեր թատրոնը մեծ է՝ 950 նստատեղ, ինչ խոսք, դժվար է այդքանն ապահովել, բայց այդքանով հանդերձ՝ մինչեւ 2008-ը մենք կարողացել էինք հասնել հանդիսատեսի հաճախելիության 65 տոկոսի, ինչը մեծ թիվ է, 2009-10 թթ. մենք ունեցանք անկում, եւ հանդիսատեսի հաճախելիության թիվը նվազեց մինչեւ 40-45 տոկոս: Կարծում եմ՝ դա պայմանավորված էր սոցիալական վիճակով:



- Իսկ գուցե գեղարվեստական ղեկավար չունենալո՞վ. թատրոնն արդեն 3 տարի է՝ չունի գեղղեկավար:



- Դա խաղացանկի վրա չի ազդել եւ չի կարող ազդել, որովհետեւ ցանկացած կառույց, այն էլ 90-ամյա մշակութային օջախը, ինչպես որ պետությունը, անձի փոփոխությամբ չի քանդվում:



- Բայց որոշ գործընթացներ բարձիթողի վիճակում են հայտնվում, չէ՞:



- Ինչպես երկիրը՝  թատրոնի խաղացանկն էլ չի կարող քանդվել: Գեղարվեստական ղեկավար չունենալու 2 տարում մենք 7 ներկայացում ենք բեմադրել՝ մեկը մյուսից հզոր դասական հեղինակներ:



- Կա՞ն մարդիկ, ովքեր այսօր կարող են իրենց ուսերի վրա կրել գեղարվեստական ղեկավարի պաշտոնը:



- Որ ասեմ շատ կան՝ ոչ: Անցած տարվանից մինչ այսօր էլ օրակարգում Արմեն Էլբակյանի թեկնածությունն է, ինչ-որ ժամանակ եղել են նաեւ Արմեն Մազմանյանի, Նիկոլայ Ծատուրյանի անունները: Քիչ են մարդիկ, դրանից էլ ավելի է դժվարանում ընտրության հարցը:



- Թատերագետների կարծիքով, կառավարության որոշումը՝ թատրոնը դարձնել ազատ բեմ, ամբողջությամբ ձախողվեց, ավելին՝ կարծիք կա, որ թատրոնը մեր աչքի առաջ կործանվում է:



- Իրենք հիմնավորում չունեն նման կարծիք արտահայտելու համար, թատերագետները թող գրեն ներկայացման մասին: Առանց տիրապետելու թատրոնի վիճակագրությանը, տնտեսությանը՝ կարծիքներ են հայտնում: Ի՞նչն է ոչնչացել, երբ 7 ներկայացում ենք արել, գումարներն ու պետության կողմից տրվող պահպանման ծախսերն ավելացել են: Նախկին գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանի օրոք էլ դրսից եղել են բեմադրիչներ:



Այն ժամանակ էլ թատրոնի դուռը բաց է եղել: Բայց այնպես էլ չէ, որ Սունդուկյանը դարձել է անտիպրիզային թատրոն, եւ ով ինչ ուզի, գա-անի. մենք մեր խաղացանկի վրա շեշտակի ուշադրություն ենք դարձնում: Եթե այդ թատերագիրը Լեւոն Մութաֆյանն է, ով գրել էր, որ ազգային թատրոնները ոչնչանում են ՀՀ նախագահի հովանու ներքո, ապա պետք է ասեմ, որ վերջին տարիներին ազգային թատրոնները նախագահի հոգածության ներքո են գտնվում:



- Բայց թատրոնի «անգլուխ» կարգավիճակից ոչ միայն թատերագիրներն են բողոքում, այլեւ թատրոնի դերասանները:



- Ես էլ եմ գտնում, որ գեղարվեստական ղեկավարի կամ գլխավոր ռեժիսորի ֆունկցիան անպայման պետք է թատրոնին՝ ու ոչ միայն բեմադրություն անելու համար, բավականին աշխատանքներ կան դերասանական խումբը համալրելու, հյուրախաղերի, փառատոնների կազմակերպման, ընդհանուր ճաշակի ձեւավորման հետ կապված: Այդ ամենը գեղղեկավարի ֆունկցիան է, որը ես չեմ կարող անել, չեմ էլ մտնի այդ դաշտը, որովհետեւ կարող է սխալ թույլ տամ: Ինչքան հնարավոր է՝ հրավիրյալ բեմադրիչներով, գեղխորհրդով այդ բացը փորձում ենք լրացնել:



- Գեղխորհրդի ներկայությունից ի՞նչ է շահել թատրոնը:



- Գեղխորհուրդը խորհրդատվական լուրջ մարմին է եւ ուղղորդում է թե ինձ, թե նախարարությանը, պիեսների ընտրության հարցում: Իրականում քննարկում է գնում, բանիմաց մարդիկ են հավաքված, ովքեր քննադատում էլ են: Օրինակ Արմեն Էլբակյանին ասացին, որ «Մուսան լեռան 40 օրը» ներկայացման 2-րդ գործողության մեջ շատ է իր կնոջ դերը:



- Կարծիք կա, որ թատրոնի տարածքն այսօր ավելի շատ վարձակալում են, քան տրամադրում ներկայացումներին:



- Ես Ձեզ թվերով պատասխանեմ. Վահե Շահվերդյանի օրոք մենք տարեկան տվել ենք 65 վարձակալության օր, իսկ նրա բացակայության 2 տարիների ընթացքում՝ 52: Հետեւաբար դա սուտ է. վարձակալության հիմնականում տրվում է այն ժամանակ, երբ թատրոնը չունի ներկայացում, տալուց էլ՝ օրինակ «Նո քոմենթ»-ին, բարձր գնով է տրվում, իսկ, ասենք, Խաչիկ Դաշտենցի երեկոյի համար լրիվ անվճար ենք տվել: Բացի այդ, իմ վրա պլան է դրված, որ այսքան գումար էլ պարտավոր եմ վարձակալությունից հայթայթել:



- Թատրոնն այսօր հաստիքային ռեժիսորներ ունի՞:



- Չունի, բայց ես երկու ռեժիսորների՝ Վահե Շահվերդյանին եւ Տիգրան Գասպարյանին, որոնց ներկայացումներն ընդհանուր խաղացանկի մեջ կազմում են 50 տոկոս, արտաբյուջետային եկամուտների հաշվին ընդունել եմ աշխատանքի, բայց ոչ նոր բեմադրություններ անելու, այլ իրենց ընթացիկ ներկայացումները վարելու, հսկելու համար:



- Այս 2-3 տարիների ընթացքում թատրոնում բեմադրություններ անելու առաջարկներ ռեժիսորների կողմից շա՞տ են եղել:



- Շատ, այս տարիների ընթացքում 20-30-ից ավելի հայտեր ենք ստացել, իսկ այս տարվա առաջին հայտերը 7-ն էին, որոնք բոլորն էլ գեղխորհուրդը նախնական մերժեց, որովհետեւ մյուս տարի պատրաստվում ենք նշել Սունդուկյան թատրոնի 90-ամյակը: Այսինքն այս տարվանից ենք պատրաստվում 90-ամյակին, դրա համար էլ մերժել ենք:



- Բեմադրիչ Սուրեն Շահվերդյանը պարբերաբար նշում է, որ թատրոնում իրեն բեմ չեն տրամադրում եւ իր բոլոր առաջարկները մերժում են:



- Մինչեւ 2008-ը թատրոնում բեմ տրամադրվում էր միայն Սուրեն Շահվերդյանին, որեւէ երիտասարդ բեմադրիչ այդ 15 տարիների ընթացքում մուտք չի գործել թատրոն: Սուրեն Շահվերդյանը բավականին վայելել է Սունդուկյանի բեմն ու հնարավորությունները, ու եթե 2 տարի էլ իրեն բեմ չեն տվել, ապա ոչ մեկը պարտավոր չի ամեն տարի իրեն բեմ տրամադրել. ինչ է, այս դեպքում արդեն թատրոնը փորձադաշտ չի՞ դառնում մի ռեժիսորի համար: Տաղանդավոր Վահե Շահվերդյանին հանեցին ոչ նրա համար, որ նա անտաղանդ էր, նա շատ շնորհալի, թատրոնին նվիրված, թատրոն հասկացող մարդ էր, բայց 14 տարի նույն ձեռագիրն էր, նույն ոճը, ինչի՞ համար՝ թող հանդիսատեսը տարբեր ճաշակներ տեսնի:



- Այսօր Սունդուկյան թատրոնն իր խաղացանկում քանի՞ ներկայացում ունի:



- 23 ներկայացում, եւ բոլորն էլ հասցնում ենք խաղալ: Կան ներկայացումներ, որ ժամանակի ընթացքում կորցնում են իրենց հանդիսատեսին, դրանք մենք արդեն հանել ենք: Այսօր մենք կոմեդիայի պակաս ունենք, հետո ուզում ենք այնպիսի գործ բեմադրել, որտեղ նոր սերունդը ներգրավված լինի, ուզում ենք նաեւ Սունդուկյանից որեւէ գործ բեմադրել եւ փորձ ենք անելու վերականգնել «Իմ սիրտը լեռներում է» ներկայացումը: Ուզում եմ նշել, որ պետությունն արդեն այս տարի լուծել է Սունդուկյանի գրքի հրատարակության ֆինանսավորման հարցը, որը 6-10 մլն կարող է կազմել: Բացի այդ, Ձմեռային այգում կբացվի մշտապես գործող ցուցահանդես-թանգարան: Իսկ սա, կարծում եմ՝ ազգային թատրոնի ոչնչացման մասին չի խոսում: