Կա ձայնագրություն եւ տեսագրություն

Կա ձայնագրություն եւ տեսագրություն
«Ժառանգության» պատգամավորներն այսօր պատրաստվում են Հատուկ քննչական ծառայությանը հանցագործության մասին հաղորդում ներկայացնել: Նրանք պահանջելու են քրեական գործ հարուցել մարտի 3-ին կառավարության առջեւ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:



Հիշեցնենք, որ նշված օրը կառավարության շենքի դիմաց ոստիկանների եւ «Ժառանգության» պատգամավորների միջեւ բախում էր տեղի ունեցել: Մոտ 40 ոստիկաններ` Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի՝ Բազազի գլխավորությամբ, հարձակվել էին կառավարության դիմաց հավաքված ակցիայի մասնակիցների վրա, քաշքշել ու հարվածներ հասցրել: Տեղի ունեցածի հետեւանքով կտրուկ վատացել էր Անահիտ Բախշյանի վիճակը: Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հայտարարել էր, թե միջադեպի հետ կապված՝ ծառայողական քննություն է նշանակելու:



Զարուհի Փոստանջյանը նշեց, որ հանցագործության մասին հաղորդման կրկնօրինակները կուղարկվեն նաեւ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների: «Ժառանգության» պատգամավորները համոզված են, որ իրենց հաղորդմանն անպայման ընթացք կտրվի, քանի որ կա կոնկրետ ձայնագրություն եւ տեսագրություն: «Այս միջադեպը չի կարող ոչ մի հետեւանք չունենալ, քանի որ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է, եւ եթե ոստիկանները չպատժվեն, պատասխանատվության չենթարկվեն, ապա դա շատ վատ հետեւանքներ կարող է ունենալ մեր հասարակության համար»,-ասաց Ստեփան Սաֆարյանը: