Ռուսոյի խոսնակը հերքե՞լ է

Ռուսոյի խոսնակը հերքե՞լ է
Ադրբեջանական «Day.az» լրատվական կայքը տեղեկատվություն է տարածել, համաձայն որի` Ավրամ Ռուսոյի մամուլի խոսնակ Աննա Լոսեւան հերքել է հայկական ԶԼՄ-ներում տարածված երգչի հայտարարությունը:



«Ավրամը չի ասել այն, ինչ գրել են Հայաստանի լրատվամիջոցները»,- ըստ «Day.az»-ի` ասել է Աննա Լոսեւան: Հիշեցնենք, որ մարտի 5-ին Երեւանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ երգիչը հայտարարել էր, թե հաճույքով մենահամերգով հանդես կգա Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, եթե իրեն հրավիրեն: «Երկու անգամ Ադրբեջան եմ գնացել, թող ինձ Ադրբեջան չթողնեն, ի՞նչ գործ ունեմ, ուրախ-զվարթ կգնամ եւ կերգեմ Ղարաբաղում, բայց հրավիրող չկա: Վաղը թող ասեն՝ կգնամ ու շատ մեծ համերգ կտամ, թող հետո Ամերիկա էլ չթողնեն գնամ»,- հայտարարել է երգիչը` ավելացնելով, որ ինքը հպարտ է իր հայկական արմատներով:



Ադրբեջանական լրատվամիջոցները, իհարկե, հայտնի են Հայաստանի վերաբերյալ կեղծ, երբեմն հնարովի տեղեկություններ տարածելու իրենց հմտություններով, սակայն չի բացառվում, որ Հայաստանից հեռանալուց հետո Ավրամ Ռուսոյի պրոդյուսերը նրան խորհուրդ է տվել չայրել Ադրբեջանում համերգով հանդես գալու կամուրջները: Այլ կերպ ասած, ազգությունը` ազգություն, բիզնեսը` բիզնես: «Մենք հիմա համերգների ենք, բայց վաղը վերադառնալու ենք Մոսկվա: Ավրամը պատրաստ կլինի անձամբ հանդիպել Ձեզ հետ եւ պատմել, թե ինչպես է եղել ամեն ինչ»,- «Day.az»-ի թղթակցին ասել է երգչի մամուլի խոսնակը:



Նշենք, որ միջազգային հանրությանը հայտնի այն դեմքերը, ովքեր այցելում են ԼՂՀ, Ադրբեջանի կողմից հայտարարվում են «ոչ ցանկալի անձ»: Ադրբեջանի «սեւ ցուցակը» գրեթե ամեն ամիս նոր անուններով է համալրվում, քանի որ գնալով ավելի շատ մարդիկ են ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը եւ այցելում Ստեփանակերտ: