Թոշակառուների առաջարկությունը ՀՀ նախագահին

Թոշակառուների առաջարկությունը ՀՀ նախագահին
Հարգելի նախագահ, մեր երկիրը, մեր հայրենիքը թաղված է կոռուպցիայի ու ախպերության մեջ, որի վերջնական արդյունքը երկրի կործանումն է: Մարդկությունը դարերով պայքարում է այդ չարիքի դեմ եւ եկել է այն համոզման, որ շատ թե քիչ լավագույն պայքարը երկրի առաջին դեմքի անկաշառ լինելու գործոնն է:



Եթե երկրի առաջին դեմքը (ընտրված նախագահը) պաշտոնների եւ աշխատանքի նշանակելիս առաջնորդվի ազնիվ ու անկաշառ նկատառումներով, ապա նշանակողը խստորեն կարող է պահանջել, որ մինչեւ վերջին պետական չինովնիկ, տեսուչ նշանակվի նույն սկզբունքով ու բոլորից պահանջի առավելագույնս թափանցիկ աշխատելաոճ (մեր երկրում այս մեթոդը բացարձակապես կիրառելի է…):



Միաժամանակ նախագահից մինչեւ վերջին տեսուչ պետք է հասկանան, որ ժողովուրդը վարձել է իրենց որոշ ժամանակահատվածով մեր երկրի ղեկավարման եւ ոչ թե անհատակ գրպանները լցնելու համար:Դուք` այսինքն ընտրված զանգվածը, պարտավոր եք խստիվ ղեկավարվել ՀՀ Սահմանադրության պահանջներով, այլ ոչ թե ինչպես ցանկանաք, ինչպես եղել է եւ կա առայսօր:Ինչ ենք առաջարկում Ձեզ: Քանի որ Դուք եւս պետք է ապրեք ապահով կյանքով եւ աչք չդնեք ուրիշի ունեցվածքին կամ նրանցից չպահանջեք «մաղարիչներ», մենք՝ թոշակառուներս, պատրաստ ենք մեր ամսական թոշակից 1000 դրամ հատկացնել ձեզ (չնայած մեր երկրի թոշակառուները չեն գոյատեւում այդ թոշակի շնորհիվ, ուստի ամսական 1000 դրամ ավել-1000 դրամ պակաս՝ չի ազդի նրանց գոյությունը մի կերպ քարշ տալու պրոցեսին):



Ինչ կստացվի կամ ինչ արժեք կունենա այս գործընթացը: Մեր երկրի 500 հազարից ավելի թոշակառուները կվարձատրեն մեր նախագահին ամսական ավելի քան 500 000 000 դրամով (հինգ հարյուր միլիոն) կամ ավելի քան 1.5 միլիոն դոլարով: Դուք դառնում եք միլիոն աշխատող ազատ մարդ, եւ Ձեր ձեռքերը ազատվում են ցանկացած օրինախախտին պատժելու համար: Դուք ոչ մեկի առաջ պարտավորվածություն չեք ունենում: Ձեզ մնում է բոլորից պահանջել աշխատել ըստ օրենքի, խստիվ ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության տառ ու բառով:



Ռազմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ  60-ականներից անկախական