Համակարգիչն ու հղիությունը նիհարեցնո՞ւմ են

Համակարգիչն ու հղիությունը նիհարեցնո՞ւմ են
Ողջ աշխարհը մտահոգված է ավելորդ քաշի խնդրով: Երբեմն այնքան հնարամիտ լուծումներ են առաջարկվում, որ հարկ է կանգ առնել ու արժանին մատուցել մարդկային երեւակայությանը:



Եթե այդ լուծումներն այնքան արդյունավետ լինեին, որքան հնարամիտ են, ավելորդ քաշը կանհետանար երկրագնդի վրայից, ինչպես ժամանակին` մամոնտները: Ամերիկան, որտեղ գիրությունը հորմոնային սննդի պատճառով առավել սուր հարց է, դիետաները փոխարինել է ներարկումներով: Մարդիկ ձգտում են հեշտ տարբերակների,  այնինչ սննդակարգի հետեւելը կամքի ուժ է պահանջում եւ ջանքեր: Եվ ահա, որոշ բժիշկներ առաջարկում են նիհարել հորմոնային ներարկումների միջոցով: Հղի կնոջ օրգանիզմում արտադրված հորմոններից մեկը, իբր, հալեցնում է ճարպը, ընդ որում՝ հենց մարմնի այն հատվածներում, որոնք դրա կարիքն ունեն` որովայնի, ազդրերի եւ այլն: Այս հրաշք հորմոնն արտազատում են հղի կնոջ մեզից: Ամերիկացի կանայք հավատում են, որ հորմոնի եւ օրական հինգ հարյուր կալորիա պարունակող սննդակարգի համակցումը հիանալի արդյունք է ունենում` թույլ տալով կարճ ժամանակում քաշ կորցնել, եւ վկայակոչում են այսկերպ նիհարած իրենց ընկերուհիներին: Նիհարելու այս միջոցը մեծ ժողովրդականություն է վայելում, որովհետեւ վերոհիշյալ հորմոնի ներարկումները կարող են կատարվել միայն դեղատոմսերով:



Եվ գտնվում են բժիշկներ, ովքեր այդ դեղատոմսերը դուրս են գրում: Համապատասխան վճարի դիմաց` խորհրդատվությունը  եւ մեկ ամսվա համար նախատեսված հորմոնն ու ներարկիչները հազար դոլար արժեն: Այս խնդիրն այնպիսի հնչեղություն է ստացել, որ ԱՄՆ առողջապահության վարչությունն ստիպված է եղել ուսումնասիրել հորմոնի ազդեցությունն օրգանիզմի վրա եւ հրապարակել է եզրակացություն, ըստ որի՝ հորմոնը ոչ մի նիհարեցնող կամ ախորժակ փակող ազդեցություն չի գործում: Նախազգուշացված ամերիկացի կանայք, սակայն, շարունակում են հորմոնային որսը, քանի որ, որքան էլ զարմանալի է, գոյություն ունեն հորմոնն օգտագործելով խիստ նիհարած կանայք: Նիհարելու խնդիրը ռուսական միջավայրում էլ ավելի օրիգինալ լուծում է ստացել: Ռուս ծրագրավորողները դեդուկցիայի մեթոդով գլխի են ընկել, որ եթե համակարգիչը կարելի է օգտագործել ցանկացած ոլորտում, ապա նիհարելու ոլորտում նույնպես կարելի է դրա համար կիրառություն գտնել: Նորամշակ համակարգչային ծրագիրը բեռնավորվում է համակարգչի հիշողության մեջ, եւ դուք, համակարգչի առջեւ նստած, նիհարում եք: Որքան շատ եք նստում համակարգչի առջեւ, այնքան ավելի եք նիհարում: Ծրագիրն օգտագործում է քսանհինգերորդ կադրի էֆեկտը. աչքի համար անտեսանելի, սակայն ենթագիտակցության մեջ տպավորվող քսանհինգերորդ կադրերը, երբ դուք համակարգչով աշխատում եք կամ խաղում, ձեզ ծրագրավորում են, որ քիչ ուտեք: