Պատահականություն, զուգադիպություն, օրինաչափություն

Պատահականություն, զուգադիպություն, օրինաչափություն
Թուրքիայի դատարաններից մեկը օրերս որոշում է կայացրել` չապամոնտաժել Կարսի Ժողովուրդների բարեկամության արձանը` մինչեւ սկսված դատաքննությունների ավարտը:



Այդ արձանը վերջին տարիներին է ստեղծվել, 2009-ին Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվելիս արձանը հաճախ էր հայտնվում միջազգային հեռուստաալիքների էկրաններին: Այն ժամանակ քարի կոմպոզիցիան կիսավարտ էր` գորշագույն քարից դեմ-դիմաց բարձրացող հսկայական սիլուետներ` տղամարդու եւ կնոջ: Ըստ ոմանց՝ արձանը խորհրդանշում է հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ երբեմնի բարեկամությունը, ըստ այլոց՝ ընթացող վերահաշտեցումը:



Այժմ վարչապետ Թայիբ Էրդողանը հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կոչ էր արել արձանն ապամոնտաժել, մի երկու աննպաստ գնահատական էլ հայտնել էր քանդակի գեղարվեստական արժեքի մասին: Արձանի հեղինակն էլ իր ստեղծագործությունը եւ, ինչպես Ռ. Քոչարյանի գրասենյակը կասեր՝ «բարի համբավը» պաշտպանելու համար դիմել էր դատարան: Հասկանալիորեն Կարսի իշխանությունները, անսալով «տարածաշրջանային առաջնորդի» կոչին (Էդիկ Շարմազանովներ շաղ են տրված ամենուր, որոնց սեփական կուսակցապետերը տարածաշրջանային առաջնորդներ են թվում), քվեարկությամբ որոշել էին Էրդողանի կոչն ի կատար ածել:



Ի պատասխան՝ դատարանն արգելք դրեց ապամոնտաժման բոլոր գործողությունների վրա, մինչեւ դատական ատյաններում գործի քննությունն ավարտվի: Բնականաբար, Թուրքիայում էլ, ինչպես աշխարհի ցանկացած երկրում, դատական ատյանները մի քանիսն են, եւ մինչեւ որեւէ գործ հասնի վերջին ատյանին, մի քանի տարի կանցնի: Իրականում կարիք էլ չկար քանդակի համար մի քանի տարվա անձեռնմխելիություն երաշխավորել դատական միջամտությամբ, շոուն տրվում է մի քանի ամսվա համար: Արձանի թեման եւ դատաքննությունները հասարակական հնչեղություն են կրում միայն խորհրդարանական ընտրարշավի շրջանակներում: Ընտրություններից հետո արձանի մասին էլ, Էրդողանի կոչի մասին էլ մոռացվելու է:



Հնարավոր է, բայց մի քիչ դժվար է հավատալ, թե դատարանի որոշումը իշխանությունների ցուցմունքով չի կայացվել: Մի քանի ճակատով խաղալը Էրդողանի թուլությունն է եւ ուժը՝ միաժամանակ: Ամբոխավարություն՝ առաջնաբեմում, պրագմատիզմ՝ կուլիսներում. դա Էրդողանի ոճն է:  Ընդսմին, սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Էրդողանը հակահայկական ուղղվածության հայտարարություն է անում, հետո երկրում ընդդիմանում են, եւ հայանպաստ հասարակական դիրքորոշումը հաղթանակում է: Առաջին անգամ անցյալ տարի էր, որ Էրդողանն սպառնաց ոչ օրինական կերպով Թուրքիայում գտնվող իբր 100 հազար հայաստանցիներին վերադարձնել Հայաստան: Հայտարարությունը հնչելուց անմիջապես հետո մամուլը եւ ՀԿ-ներն աղմուկ բարձրացրին, թե՝ պրն վարչապետ, կներեք, Թուրքիայում ընդամենը տասը հազար աշխատանքային միգրանտ կա Հայաստանից:



Նախագահ Գյուլը միջամտեց, թե՝ Թուրքիայում հազիվ 40 հազար հայաստանցի լինի, նրանք մարդասիրական օրենքների պաշտպանության ներքո են եւ չեն կարող քաղաքական գործընթացների մեջ ներքաշվել: Վերջը ասպարեզ իջավ հայազգի Շիրինօղլուն՝ «Սուրբ Փրկիչ» ազգային հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդից, եւ հավատացրեց, թե իրենց միությունն  էր վարչապետին թյուրիմացության մեջ գցել` քսան հազարի փոխարեն հարյուր հազար թիվը տրամադրելով: Ինչու էին այդպես վարվե՞լ. հարցը մնաց անպատասխան: Փոխարենը ամենքն ականատես եղան, որ Թուրքիայում հասարակությունը ոչ միայն հակահայկական տրամադրություններ չունի, այլեւ անգամ սեփական իշխանություններին է ընդդիմանում ի սեր արդարամտության:



Ինքնաբերաբար նույն եզրակացությունն է արտածվում նաեւ արձանի շուրջ զարգացած իրադարձություններից, ոմանք կարող են կարծել` տրված ներկայացումից:  Դատելով թուրքական մամուլի հրապարակումներից, նույնօրինակ եզրահանգումների տանող երրորդ սցենարին պետք է սպասել ապրիլին, Հայոց ցեղասպանության զոհերի  հիշատակի ոգեկոչման օրերին: Իսկ ինչպես հավանականությունների տեսությունը կամ տեսությանը նմանակող սրամտությունն է սովորեցնում՝ «երբ դեպքը պատահում է մեկ անգամ` պատահականություն է, երկու անգամ` զուգադիպություն, երեք անգամ` արդեն օրինաչափություն»:  Հետեւաբար Թուրքիայի իշխանություններ-հասարակություն հակահայ-պրոհայ բախումների հիմքում էլ օրինաչափություն կա: Դա կարծես Թուրքիայի արտաքին քաղաքականության տապալումներն են վերջին մեկ տարում: Այդ մասին՝ հաջորդիվ: