Պատգամավորներն ինչպես են նշել մարտի 8-ը

Պատգամավորներն ինչպես են նշել մարտի 8-ը
Հայաստանի ԱԺ խմբակցություններում պատգամավոր կանանց Մարտի 8-ի տոնը տարբեր կերպ են նշել: Որոշ խմբակցություններում տղամարդիկ սահմանափակվել են միայն ավանդական բարեմաղթանքներ հղելով եւ ծաղիկներ նվիրելով, ոմանք էլ ճոխ քեֆ-ուրախություն են կազմակերպել հանուն կանանց: 



Այդուհանդերձ, ինչպես բոլոր հայ կանանց, կին պատգամավորների ցանկությունն էլ մեկն է՝ իրենց նկատմամբ ուշադիր եւ հոգատար լինել ոչ միայն Մարտի 8-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում, այլեւ տարվա բոլոր օրերին: Ինչեւէ, պարզեցինք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը կուսակցության կին-ակտիվին երեկ երեկոյան հրավիրել է «Օջախ» ռեստորան՝ տոնն այնտեղ նշելու: Ինչ են ակնկալում մեր կին գործիչները Մարտի 8-ին: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Մարտի 8-ին սպասում է ոչ թե մեծ նվերներ, այլ միայն ուշադրություն, ջերմ վերաբերմունք, նաեւ ծաղիկներ: «Վերջին շրջանում տղամարդկանց կողմից կանանց նկատմամբ վերաբերմունքը չնայած բավական փոխվել է, բայց ես կուզենայի, որ այդ վերաբերմունքը չսահմանափակվեր մեկ ամսով, այլ լիներ միշտ»,-ասաց Զոհրաբյանը:



Ի տարբերություն ԲՀԿ-ի՝ ՀՅԴ-ն  մեծ խնջույք չի կազմակերպել: Խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի փոխանցմամբ, խմբակցությունը միայն «հաճելի նվերներ» է մատուցել կին պատգամավորներին՝ ծաղիկներ, այլ նվերներ: Ավելին՝ Դաշնակցության բոլոր, այդ թվում՝ մարզային կառույցներում կուսակից կանանց համար, Գալստյանի փոխանցմամբ, տոնը չի անտեսվելու: «Դեռ առջեւում Ապրիլի 7-ն է, միամսյակը գեղեցիկ դիմավորել ենք ու հուսով ենք՝ կշարունակվի»,-հիշեցրեց պատգամավորը: Գալստյանը տոնը նշելու էր «սիրելի մարդկանց» հետ. «Կանանց համար ամենակարեւոր բանը սիրված լինելն է, որովհետեւ հավատում եմ, որ սիրված կինն իր միջավայրը, իր շուրջն էլ է սիրելի դարձնում, բայց այնպիսի ժամանակներ են, որ գրեթե անհնար է միայն ռոմանտիզմով ապրելը...»:



Իսկ տղամարդկանց կին պատգամավորը խորհուրդ է տալիս ոչ միայն տոնից տոն հիշել կնոջը, այլեւ «իրականությունն այնպես բարեփոխել, որ հայ կինն ամեն օր արժանապատիվ ապրելու հնարավորություն ունենա»: Չնայած «Ժառանգություն» կուսակցությունն ամեն տարի Մարտի 8-ի առթիվ պարտադիր միջոցառումներ է կազմակերպել, սակայն այս տարի կուսակցության համար Մարտի 8-ը տխուր օր է. պատգամավոր Զարուհի Փոստանջյանի փոխանցմամբ՝ մահացել է իրենց կուսակցական ընկերներից մեկը՝ Նորայր Վարդանյանը, հետեւաբար խնջույքի մասին խոսելն ավելորդ է:



«Լավ է, որ տոնում են, բայց պետք է ոչ թե տոնից տոն, այլ մշտապես հարգեն կանանց, ամեն օր»,-ասաց Փոստանջյանը: Նա անգամ տոն օրով էր պայքարի դուրս եկել. երեկ մասնակցում էր կանանց նկատմամբ բռնությունների դեմ կազմակերպված ակցիային: Իսկ ՀՀԿ խմբակցության կանայք էլ տոնը նշելու են ընտանեկան միջավայրում, խմբակցությունը եւս խնջույք չի կազմակերպել: Պատգամավոր Կարինե Աճեմյանի խոսքով՝ կարեւորը ուշադրությունն է, իրենց խմբակցության պատգամավորները շնորհավորել են, ծաղիկներ են նվիրել: «Իսկ նվերներ ես սպասում եմ միայն ամուսնուցս, ընտանեկան միջավայրում էլ նշելու եմ տոնը»,-ասաց Աճեմյանը:Ինչ վերաբերում է «Օրինաց երկիր» կուսակցությանը, ապա դրա ղեկավարը Անվտանգության խորհրդի ներկայացուցիչների հետ այս օրերին գտնվում է Հնդկաստանում, իսկ առանց նրա տոները չեն նշվում եւ սեղաններ չեն գցվում: Այնպես որ, ՕԵԿ կանանց Մարտի 8-ը շատ անշուք է անցել: