Քաղաքապետարանը ամենաառատաձեռնն է

Քաղաքապետարանը ամենաառատաձեռնն է
Հայաստանյան գերատեսչություններում Մարտի 8-ը որքան կանանց տոնն է, այնքան էլ՝ տղամարդկանց: Այս առիթն օգտագործում են գործընկերուհիների հետ մի լավ զվարճանալու, ավելի ճիշտ՝ շքեղ ռեստորաններում տոնը կերուխումի վերածելու համար:



Բա նվերները...  որոշ  պետական հիմնարկներում շեֆերը գեղեցիկ սեռի ներկայացուցիչների նյութական պահանջները բավարարելու համար անցնում են պետական բյուջեին ու «նալոգ» հավաքելուն: Օրինակ Երեւանի նորընտիր քաղաքապետ Կարեն Կարապետյանը փորձել է ետ չմնալ նախկին քաղաքապետից, որը կանանց տոները նշում էր ծաղիկներով ու հավելավճարներով: Նա շնորհավորել է բոլոր կանանց: Քաղաքապետը նաեւ բավական առատաձեռն է գտնվել՝ բոլոր կին աշխատակիցներին նվիրել է 20 հազար դրամանոց  նվեր-քարտեր:



Ով ուզում է՝ կարող է իր համար նվեր գնել, ով ուզում է՝ փողը վերցնել: Ինչ վերաբերում է այլ գերատեսչությունների, օրինակ տրանսպորտի եւ կապի նախարարությունը շատ համեստ է նշել կանանց տոնը:  Ինչպես փոխանցեց նախարարության մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը, միայն կանանց հաշվին փոխանցվել է  ամենամյա մարտիության նվերը՝ գումարի տեսքով, օրենքի շրջանակում: Թե որքան է գումարի չափը, մամուլի քարտուղարը չգիտեր: Իսկ նախարարի կողմից առանձին դրսեւորում չի եղել:



Եթե անցած տարի նախարարության աշխատակազմը հավաքվել է ֆուրշեթի սեղանի շուրջ, ապա այս տարի դա էլ չի եղել: Առողջապահության նախարարությունից փոխանցեցին, որ շռայլություններ թույլ չեն տվել, խնջույք չեն կազմակերպել, ինչպես ամեն տարի, այնպես էլ այս «պրոֆմիության» նվերներով են բավարարվել, ինչն էլ ստանալու են այսօր: