«Եթերի իրավունք»-ը պետք է վաստակել

«Եթերի իրավունք»-ը պետք է վաստակել
Սպորտային մեկնաբան, հայտնի հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյանը 37 տարվա իր լրագրողական, ստեղծագործական անցած ճանապարհը որոշել է ամփոփել «Եթերի իրավունք» վերտառությամբ հեղինակային գրքում:



Գրքում ներառված են հեղինակի հուշերը, հանդիպումները հայտնի մարդկանց հետ, հետաքրքիր եւ երբեմն էլ զավեշտալի դրվագներ լրագրողի ոչ ստանդարտ կյանքից: Գիրքը սկսվում է իր ծննդյան օրից, ներկայացրել է ծնողներին ու ընտանիքը: Գրքում ներառված են նաեւ հեղինակի գործընկերների, մտերիմների, հեռուստատեսային անվանի գործիչների կարծիքները Համլետ Ղուշչյանի մասին: Գրքի շնորհանդեսն արդեն կայացել է Մոսկվայում, այժմ նախատեսվում է Երեւանում կազմակերպել:



Հեղինակն իր գիրքը բերել էր խմբագրություն, եւ մենք, օգտվելով առիթից, զրուցեցինք նրա հետ:



- Ի՞նչ եք ընդգրկել եւ ի՞նչ չեք ընդգրկել այս գրքում:



- Սա հեռուստատեսությունում իմ անցած 37 տարիների կյանքի պատմությունն է: Գիրքը խորհրդային շրջանի եւ անկախ Հայաստանի հատվածի հեռուստատեսության պատմությունն է: Գիրքն ինչ-որ տեղ նաեւ ուսուցողական նշանակություն ունի: Հայտնի մարդկանց մասին հուշեր կան, մարդիկ, ովքեր արդեն չկան: Հետաքրքիր պատմություններ կան: Մի խոսքով՝ ծանր չի, շատ թեթեւ գիրք է ստացվել:



- Մինչեւ վերջ անկե՞ղծ եք եղել:



- Հա, լրիվ անկեղծ եմ գրել: Բան չեմ թաքցրել: Հիմնականում աշխատել եմ արժանի մարդկանց հիշատակել:



- Կարելի՞ է ասել, որ միայն Ձեր՝ հեռուստատեսությունում անցկացրած տարիներն են ամփոփված այս գրքում, թե՞ ինչ-որ տեղ երկրի, պետության անցած ժամանակաշրջանը:



- Չէ, կա նաեւ երկրի անցած ճանապարհը, մեր մարզաշխարհը, հայկական սպորտն իր բոլոր հերոսներով, մեր անկախ պետության առաջին տարիների քայլերը: Ես, աշխատելով Ռուսաստանի Դաշնությունում, Ամերիկայում, բնականաբար շփվել եմ պետական բարձրաստիճան այրերի հետ, առաջին, երկրորդ, երրորդ նախագահների հետ: Մի խոսքով, դրանք ժամանակահատվածներ են, որոնք մեկը մյուսից ինչ-որ բանով տարբերվել են: Վերջիվերջո ընթերցողն ինչ-որ չափով նաեւ ինֆորմացիա կստանա:



- Բայց լրագրողի կյանքում բազմաթիվ վտանգավոր, կուրիոզ դեպքեր են լինում: Եթե մինչեւ վերջ անկեղծ եք եղել, չե՞ք վախենում, որ գիրքը կարդալուց հետո կարող եք խնդիրներ ունենալ:



- Չէ, չեմ կարծում, որովհետեւ էդ կուրիոզ դեպքերը, որոնք կան գրքում, ոչ մի վտանգ չեն ներկայացնում: Գիրքն ավելի շատ ինֆորմացիա է պարունակում:



- Չե՞ք փորձել Ձեզ հերոսականացնել:



- Չէ, չէ, տենց բան չկա: Ընդհակառակը: Ես ավելի շատ փորձել եմ հերոսականացնել իմ գործընկերներին: Ես դրա կարիքը չունեմ: Ես 20 տարեկանից եթերում եմ եղել եւ ճանաչված մարդ եմ եղել: Ամեն մարդ չէր կարող այդ տարիքում արդեն եթեր դուրս գալ: Չնայած ես համոզված եմ, որ եթե սպորտային մեկնաբան չլինեի, ինձ այդքան շուտ եթեր չէին տա: Այդ պատճառով էլ գիրքը կոչվում է «Եթերի իրավունք»: Այդ իրավունքը պետք է նվաճել:



- Շարունակելո՞ւ եք, թե՞ այս գրքով կսահմանափակվեք:



- Չէ: Այս գրքի նպատակը իմ հուշերը պահպանելն էր: Սկզբում ես գրում էի օրագրի տարբերակով: Հետո մոտիկ մարդկանցից մի քանի հոգի նայեցին-ասացին՝ գիրք գրի, եւ ես էլ հետո տեսա, որ որպես գիրք կարող է լինել, համաձայնեցի: Ասելիք կար, դրա համար էլ գրեցի: 37 տարի հեռուստատեսությունում՝ քիչ ժամանակ չէ: Մոսկվայում մի քանի օր առաջ շնորհանդես եղավ, եւ իմ ռուս գործընկերներից մեկը հանձն առավ գիրքը թարգմանել ռուսերեն: Շուտով գրքի շնորհանդեսը կլինի նաեւ Հայաստանում:



- Ի՞նչ միջոցներով է հրատարակվել գիրքը:



- Իմ անձնական միջոցներով: Ոչ մի հովանավոր չկա:



Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ