Ծաղիկներս ո՞ւմ նվիրեմ...

Ծաղիկներս ո՞ւմ նվիրեմ...
Կանանց ու գեղեցկության միամսյակը նոր է մեկնարկել: Սյունեցի տղամարդիկ, սակայն, դժգոհ են միամսյակից, մասնավորապես Մարտի 8-ից ու Ապրիլի 7-ից: «Ծաղիկներն ահավոր թանկանում են, գոնե էժան լինեն, որ հեշտ պրծնենք»,-ասում են նրանք:



Չնայած ծաղկի խանութների առատությանն ու տրտունջներին, Սյունիքի մարզկենտրոնում երեկ օրվա վերջին համարյա ծաղիկ չկար: Համեմատաբար թանկ գները ծաղկավաճառները բացատրում են այն հանգամանքով, որ դեռ ջերմոցների ծաղիկներն են օգտագործում, իսկ դրանք էժան չեն: Էժանացման մասին  կարելի է խոսել, երբ դաշտային ծաղիկներն արթնանան ձմռան քնից: Կակաչների, հերբերաների, շուշանների, վարդերի ու շատ այլ տեսակների մեջ փորձառու ծաղկավաճառ Լուսյա Առուստամյանի խոսքով,  կապանցիները հիմնականում  նախապատվությունը տալիս են վարդերին: «Սովորել են, այլ ծաղիկներ չեն տանում, ասում են՝ մոդա չէ»,-պատմում է տիկին Լուսյան: Հակառակ կարծիքին է Անահիտը:



Նա գտնում է, որ հնաոճ ձեւերին կապանցիները հրաժեշտ են տալիս ու նորություն են ուզում: Նա խանութ մտնողներին հերթով ներկայացնում է պատրաստած կոմպոզիցիաները, պատմում, թե որ ծաղիկը որի հետ է սազում ու ինչ իմաստ ունի: Սակայն, ըստ ծաղկավաճառների, տղամարդկանց միայն մի հարց է հետաքրքրում` քանի՞ օր կմնան իրենց գնած ծաղիկները, հո ժամանակից շուտ չե՞ն թառամի: Իսկ բոլոր ծաղկավաճառների մտահոգությունը գներն են: Այսօր մայրաքաղաքից ուղարկված ծաղիկները թանկ արժեն: 500 դրամից մեկ վարդը հասել է 1500-ի, իսկ 120-130 դրամանոց կարճ վարդերը 500 են դարձել: «Բա մենք ի՞նչ անենք, ասում են՝ ՀԴՄ տեղադրեք, տպեք-տվեք, բա խի՞ երեւաններում չեն ասում բիրիկ ծախողներին, որ այս օրերին քառակի գին են բարձրացնում, որ ՀԴՄ դնեն, հետեւեն: Թե՞ աչքները մեզ ա կերել»,-ասում է ծաղկավաճառ տիկին Նունեն: Ըստ նրա, իրենք «համարյա գին չեն ավելացնում, հասկանում են մարդկանց»:



«Հազիվ սնունդ են առնում, հանապազօրյա հաց, պետք ա՞ նրանց 2 հազար դրամ տան, վարդ առնեն, մի քանի օրից դեն նետեն: Մայրը կնախընտրի, որ երեխան սոված չմնա, քան կընդունի ամուսնու տված ծաղկեփունջը»,-ասում է ծաղկավաճառը` հասկանալով տղամարդկանց: Ծաղկավաճառները բողոքում են. «Ո՞նց ծախենք, համարյա գին չենք մտնում՝ ելնելով սոցիալական վիճակից: Հազիվ էսօր սնունդ են գնում»: Ամեն դեպքում, Կապանի խանութներում Մարտի 8-ին աշխուժություն չկար: Մարդիկ նեղն են: