35` անժամանակ ժամանակ

35` անժամանակ ժամանակ
Նվիրում եմ անմոռանալի ուսուցչուհիներիս` Ս. Փարեմուզյանի եւ Լ. Հովհաննիսյանի հիշատակին

-Դու արդեն մեծ աղջիկ ես եւ գիտես, որ երազանքները նույնությամբ չեն իրականանում,-դասընկերոջ ձայնը աղերսալի չդառնալու համառությամբ ձգտում է համոզիչ լինել:



-Գալու ես:



- Չեմ գալու: Չեմ ուզում: Ես գիտեմ, որ շատ կհոգնեմ:  Դա շատ երկար ճանապարհ է: Էլ մի համոզեք, այլեւս ոչ մեկդ չզանգեք այդ հարցով: Չեմ գալու: Ես չեմ ուզում Ալավերդու քնձռոտ ձորերը, ես միայն Լոռի բերդն եմ ուզում, նրա չքնաղ բնությունը: Իսկ դուք բոլորդ ինձ ատում եք: Դասընկերուհու ձայնը կերկերաց.



- Մի ամբողջ տարի ամեն օր պատկերացրել եմ դասարանական հանդիպումը, երազել, որ  Ստեփանավանի վեհապանծ սարերի փոխարեն  Դսեվանքի չնգիլնե՞րը գցեք ինձ: Չեմ գալու, այլեւս չխնդրեք: Ես միշտ էլ իմացել եմ, որ մեր դասարանի համար ոչ մի նշանակություն չունեմ:



- Հավատացած եմ` իրականում այդպես չես մտածում: Դու գալու ես, անպայման գալու ես: Հանգստացիր, կես ժամից զանգիր՝ պայմանավորվենք, թե առավոտյան քանիսին եմ գալիս քո եւ դստերդ հետեւից: Դու պետք է շուտ քնես, որ կարողանաս վաղ արթնանալ: Կես ժամը չլրացած, դասընկերը զանգում է` նոր եռանդով համոզելու իրեն լքված, չսիրված ու քամահրված զգացող դասընկերուհուն, որ ավելի շուտ համառ իշուկ է հիշեցնում:



- Քեզ մի տանջիր, արդեն համոզվել եմ,- զրնգում է 51-ամյա կնոջ ծիծաղը,- առավոտյան մի քիչ շուտ կգաս, որ չուշանանք: Դպրոցն ավարտելու 35-ամյակն ենք նշելու, եւ այս երկխոսությունը տարբեր վարիացիաներով կրկնվում է ամբողջ դասարանի եթերում: Ժամանակը սխալվում է` կարծելով, թե իշխում է մեր հոգիների վրա: Դասարանի ավարտական յուրաքանչյուր հավաքույթի մենք նույն այն 14-17 տարեկան պատանիներն ու պարմանուհիներն էինք: Փոխվում էին մեր մարմինները, մաշկի առաձգականությունը, աչքերի փայլը, բիբերը լցվում էին մեղքի արյունով, մազերի ճերմակը թաքցվում էր կեղծավոր ներկի տակ, քայլերը զգուշավոր էին դառնում, թռիչքները` ցատկերի չափ, վերելքները` շնչահատ, բայց մեր հոգիները նույնն էին: Գուցե հենց այստեղից է ծագել հոգու անմահության գաղափարը: Եվ 35 տարի անց էլ մեր վեճ ու կռիվները նույնն են, բառերն ու ընկալումները` նույնը:



Յուրաքանչյուրիս մեջ տասնամյակների ազնվությունն ու ինքնասիրահարվածությունն է, տասնամյակների կաշկանդվածությունը, անվստահությունը, սիրահարվածությունը, հիացմունքն ու հիասթափությունը: Նույն անողոքությամբ Համլետն ու Վահեն կծում են իրար` չնայած ժանիքները փոխարինվել են դնովի ատամներով, նույն կերպ բոլոր տղաները գրոհում են Համլետի վրա, իսկ աղջիկները քրքջում ու հիանում նրա կծու հումորով: Նույն կերպ Համլետը շարունակում է մղվել դեպի թամադայություն` իր հրաշալի ձայնով երգելու փոխարեն հարուստ բառապաշարով ու ինքնատիպ մտածողությամբ ձանձրացնելով սեղանակիցներին: Նույն կերպ ես պատկերացնում եմ, թե ինքս եմ ղեկավարում խնջույքը, եւ փոխվել է` ինչ կուզեի, որ ուրիշ լիներ:



Ինքս ինձ ընտրում եմ թամադա, քանի որ ես էլ չեմ փոխվել ու մտքիս մեջ նույն համարձակն ու ինքնաբավն եմ: Ես շնորհավորում եմ դասարանի բոլոր այն կիսատներին, որ գտել են իրենց կեսերին` ամբողջանալու համար, հայտարարում եմ, որ իմ լիարժեք ամբողջականությունն իր վրա չի հանդուրժում ոչ մի կարկատան: Հետո, հին սովորությամբ, լքում եմ սեղանակիցներիս, լիցքավորում իմ խեղճ ինքնավստահությունը ու ձայնի իրավունքը տալիս եմ Վահեին:



- Օբյեկտի ընտրությունը հերթականություն չի բնորոշում,-ասում եմ,- ձեզնից յուրաքանչյուրին ես սիրում եմ իր անհատականության համապատասխան, իսկ բոլորիդ` սիրում հավասար: Փիլիսոփայելու, վերլուծելու, քննարկելու հիվանդ բնույթս չի բուժվել, բայց Վահեն քննադատելի ոչինչ չունի, եւ մենք պարզապես գրկախառնվում ենք, իսկ նրա կինը, որի հետ մեր ընդհանրությունը սկսվում է անունով եւ ավարտվում Վահեով, այնպես անտարբեր է նայում մեզ, ինչպես կնայեր, եթե ամուսինը կոճղ գրկած լիներ: Պաշտում եմ մեր դասարանի հարսների այդ համերաշխ անտարբերությունը դասարանի աղջիկների նկատմամբ իրենց ամուսինների պաշտամունքի զեղումների հանդեպ:



Վահեն առաջարկում է իր «նախագահ» ընկերոջ կենացը: «Նախագահ ընկերը» Նուրծ Րան է, գրող ու պետական բավական բարձր պաշտոնյա միաժամանակ, որի նկատմամբ հիացմունքն ու սերը Վահեն երբեք չի խառնում շահախնդրության հետ:



- Գնացի կառավարության կլոր շենքը, պատուհանների դեմ աղջիկներ են նստած: Ասում եմ` նախարար ընկերոջս պետք է տեսնեմ: Նայում է ցուցակները, թե` այդ անունով նախարար չկա: Ասում եմ` կա: Եթե դու չգիտես՝ չի նշանակում, թե իմ ընկերը նախարար չի: Դու պաշտոնների մեջ մի նայիր, դու անունների մեջ նայիր: Գտավ: Հետո Վարդանը չի համբերում ու ընդհատում է Վահեին. 35 տարի չասվածն ասելու ցանկություն է ծնվել ներսում, ու քանի որ ցանկությունների ամբարտակը քանդվում է, երբ մի քանի բաժակ սպիրտ ես լցնում մեջը, Վարդանը ոգեւորվում է.



- Դե, բոլորն էլ գիտեն, թե դպրոցական տարիներին ում էի սիրահարված: Ուրեմն ամեն առավոտ շքամուտքի դռան հետեւը թաքնված՝ սպասում էի, մինչեւ ինքը հասներ մեր շենքին, հետո միամիտ-միամիտ՝ իբր պատահաբար դեմառդեմ դուրս եկանք, մոտենում էի, վերցնում իր պայուսակը, ու միասին դպրոց էինք գալիս: Մի օր էլ կանգնած սպասում եմ, դու մի ասի` դուռը պոկված, մի կերպ տեղը դեմ տված է: Դեռ Լիլիթը մեր մուտքին չհասած` դուռը տեղից ընկավ, ու ես հայտնվեցի իր դեմ` շշկլված ցցված:Ու չնայած սա մի պատմություն է` ծանոթ համարյա բոլորիս, մենք անկեղծորեն քրքջում ենք արցունքոտվելու չափ:



Մեր դասարանական զգացմունքները չեն եղել պարզ սիրահարվածության սահմաններում. մենք անբնական խանդոտությամբ պահպանում էինք դասարանական սահմանների անձեռնմխելիությունը, եւ կորիզն ամբողջ դասարանն էր` իր ստեղծման պահի դրությամբ, իսկ դրանից հետո եկած յուրաքանչյուր աշակերտ` օտար մարմին, ուստի դպրոցն ավարտելու 35-ամյակը նշում ենք «կորիզով»` նրանց հետ, ովքեր 9-10-րդ դասարաններ չեն էլ հաճախել: Սրանում ենք մենք տեսնում հավատարմության մեր հաստատումը: Միակ բացառությունը Կարենն է` խելոք գառ, ով խոստովանում է, որ արդեն 4 դասարանի հետ նշել է դպրոցն ավարտելու հոբելյանը: Կարենն այն մարդկանցից է, ում հետ շփվող ամեն մեկին թվում է, թե Կարենի ամենահարազատ ու մտերիմ մարդն է ինքը: Ու սխալվում է բոլորի պես:



Հետո բաժակ է բարձրացնում Սոսը, ու Սուսանի դուստր Սրբուհիկը թեքվում է ականջիս.- Ինչ լավն է ձեր Սոսոն՝ ոնց որ աստված լինի:Ում սա սրբապղծություն կթվա՝ չգիտեմ: Ինձ հիացրեց: Ու հիշեցի, թե ինչպես հերթական դասարանական հավաքույթից հետո Սոսոն համառում էր ողջ գիշեր պահակել մեր բակում, որ հանկարծ որեւէ մեկի մտքով չանցնի ինձ անհանգստացնել, քանի որ տանը մենակ էի լինելու: Հետո Աննան արտասանում է, ու մտքիս մեջ ասում եմ, որ մեր գեղեցկուհին, ում նմանեցնում էին մեր սերնդի կուռքերից մեկին` Բրիջիդ Բարդոյին, այդպես էլ արտասանել չսովորեց, բայց տեղնուտեղն էլ մեղքի զգացում եմ ունենում. լավ էլ արտասանում է: Մեր միջեւ սեպի պես խրված է մեկը, որին վիճակված էր երկուսիս էլ դժբախտացնելու առաքելությունը, բայց կարծես թե ես էլ, Աննան էլ հաղթահարել ենք դա:



Ուզում եմ մեկառմեկ ձայն տալ բոլորին: Բայց դա անհնար է: Պետք է եզրափակեմ` խոստովանելով, որ այս հանդիպումը նախաձեռնելիս ահ կար սրտիս մեջ: Ես գիտեմ, որ հիշողության պոեզիան հուշերի մեջ է, եւ շատ վտանգավոր է այն իրականության փորձությանը ենթարկել: Բայց կասկածների ու մտավախությունների մեջ երկար ապրել չէի կարող: Պետք է համոզվեի, որ մեր հուշերի ռոմանտիկան մաքուր ակն ունի, եւ այդպես էլ կա: Մենք սիրում ենք իրար:



ԱՇՆԱ