Ժնեւահայությունը «ոչ» է ասել Ամենայն հայոց կաթողիկոսին

Ժնեւահայությունը «ոչ» է ասել Ամենայն հայոց կաթողիկոսին
Անցած կիրակի ժնեւահայությունը «ոչ» է ասել Ամենայն հայոց կաթողիկոսի ցանկությանը՝ եկեղեցական թեմ հիմնել Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում: Մարտի 6-ին Ժնեւի Հայ առաքելական եկեղեցու անդամական ժողովը 88 դեմ, 2 կողմ ձայներով մերժել է Ժնեւում թեմ հիմնելու կաթողիկոսի առաջարկը, որը պետք է գործեր Ժնեւի համայնքի միջոցներով:



Ժնեւի ոչ մեծաթիվ հայ համայնքը կարծում է, որ դրա անհրաժեշտությունը չկա, որ եկեղեցու ներկա կարգավիճակը բավարար է, ու լրացուցիչ ծախսեր պետք չեն համայնքի հաշվին: Նշենք, որ այս առթիվ շուրջ մեկ տարի լարված են Ժնեւի հայ համայնքի ու Էջմիածնի հարաբերությունները: Գարեգին Բ-ն պնդում է, որ պետք է Շվեյցարիայում եկեղեցական թեմ լինի, սակայն համայնքը դեմ է:  Անցյալ տարի բազմաթիվ քննարկումներ են եղել ինչպես եկեղեցու հոգաբարձուների խորհրդում, այնպես էլ համայնքի տարբեր կազմակերպություններում, ու մեծամասնությունը դեմ է արտահայտվել կաթողիկոսի ցանկությանը: Մարտի սկզբին կաթողիկոսի հրավերով Հայաստան են ժամանել Ժնեւի եկեղեցու մի խումբ հոգաբարձուներ՝ հանդիպում ունենալու կաթողիկոսի հետ: Կաթողիկոսը պնդել է թեմ հիմնելու իր որոշումը: Կիրակի օրը Ժնեւ վերադարձած պատվիրակները եկեղեցու անդամներին են ներկայացրել կաթողիկոսի առաջարկը, այն դրվել է քննարկման եւ ջախջախիչ մեծամասնությամբ մերժվել: Ժնեւահայությունը որոշել է դիմադրել այդ հարցում Էջմիածնին միչեւ վերջ: