Բանակն էլ չի՞ ներգրավվի քաղաքական պրոցեսներում

Բանակն էլ չի՞ ներգրավվի քաղաքական պրոցեսներում
Երեկ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հարցերի հանձնաժողովը լսումներ էր կազմակերպել ՀՀ զինված ուժերի կարգապահական նոր կանոնագրքի շուրջ:  Սույն կանոնագրքով որոշակի իրավունքներ են տրվում զինվորին, ինչին դեմ էին արտահայտվում ներկա բարձրաստիճան զինվորականները: Մասնավորապես կանոնակարգի 18-րդ հոդվածը սահմանում է, որ զինվորին չպետք է տրվեն Սահմանադրությանն ու ՀՀ օրենքներին ակնհայտ հակասող հրամաններ, հակառակ դեպքում՝ զինվորը կարող է մեկ ամսվա ընթացքում դրանք վիճարկել վերադասի մոտ:



Տվյալ փոփոխությունը մտցվել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի խորհրդով, ինչին էլ հատկապես հակառակվում էին ներկա զինվորականները, թե՝ զինվորը պիտի հրաման կատարի, ու վերջ: Մյուս փոփոխությունն այն է, որ զորամասերում նախկին պատժախցերի՝ «կուբախտների» փոխարեն պետք է ստեղծվեն կարգապահական վաշտեր: Սրան էլ խիստ դեմ է ՊՆ նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանը, ով «կուբախտները» վերադարձնելու կողմնակից է: «Մենք 1997թ. պատժախուցը հանեցինք զորամասից եւ տեղափոխեցինք Ռազմական ոստիկանություն: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ եթե զորամասի 10 զինծառայողի ուղարկել են պատժախուց, եւ զորամասը գիշերը ժամը 5-ին ստանում է մարտական հրաման, եւ այդ 10 զինվորների շարքում է նաեւ զորամասի լավագույն դիպուկահարը, որը կարող է խափանել թշնամու գործողությունները»,- հարց բարձրացրեց Աղաբեկյանը:



Իրավապաշտպան Արթուր Սաքունցն ափսոսանք հայտնեց, որ նախորդ քննարկմանը հնչած առաջարկությունները չեն ներգրավվել նախագծում, ու այն ուղարկվել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ նախնական տեսքով, այնինչ պարզվեց, որ եղել են թե գրավոր, թե բանավոր առաջարկություններ: Քննարկմանը ներկա էին  բարձրաստիճան սպաներ ՊՆ-ից: Կանոնագիրքը ներկայացրեց ՊՆ փոխնախարար Արա Նազարյանը: Վերջում մի քանի հարց ուղղեցինք նրան:



- Պարոն Նազարյան, այս կանոնագիրքը հնարավորություն տալի՞ս է զինված ուժերին զերծ մնալ քաղաքական պրոցեսներին մասնակից լինելուց, ինչը մենք տեսանք մարտի 1-ին Երեւանի փողոցներում:



- Ասեմ՝ Ձեր բարձրացրած հարցն արդեն իսկ կանոնակարգված է ՀՀ Սահմանադրության 8/2 հոդվածով, որտեղ ամրագրված է հստակորեն, որ ՀՀ զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն եւ գտնվում են քաղաքացիական հասարակության վերահսկողության ներքո:



- Բայց մենք տեսանք, որ եղավ հրաման, ու զորքերը եկան Երեւան 2008 թ. մարտի 1-ին:



- Զորքերը, իմ իմանալով՝ մասնակցություն չեն ունեցել:



- Ուզում եք ասել՝ մենք երա՞զ ենք տեսել:



- Ոչ, մասնակցություն չեն ունեցել: Ես գիտեմ, չէ՞, ես տվյալ կառույցում եմ: Ինչի՞ եմ ասում՝ իմ իմանալով:



- Բայց զորքերը եկել են Երեւան մարտի 1-ին, պարոն Նազարյան:



- Գիտեք ինչ, Երեւան գալը որոշակի նպատակի համար էր, անգլերեն կոչվում է չեք-պոինտ: Այսինքն կարող է լինի կոմունիկացիաների կարեւորագույն կետերի պահպանություն, որ հարձակումներ տեղի չունենան ստրատեգիական կարեւորագույն կետերի վրա:



- Բայց անգամ սահմանն էին թողել-եկել, սահմանից էին զինվորներ բերել:



- Նման բան չի կարող լինել: Սահմանը ոչ ոք չի կարող թողնել:



- Պարոն Նազարյան, հիմա այս կանոնակարգով անօրինական հրամանը կարո՞ղ է զինվորը չկատարել:



- Չի կարող չկատարել: Ինքը պիտի կատարի բոլոր հրամանները: Խոսքը վերաբերում է օրենքի 18-րդ հոդվածին, որտեղ ամրագրված է, որ չեն կարող տրվել Սահմանադրությանն ու օրենքներին ակնհայտ հակասող հանձնարարականներ: Սակայն տվյալ հոդվածը բաղկացած է երկու մասից. երկրորդ մասում ամրագրված է, որ տվյալ դեպքում զինծառայողը պարտավոր է առաջնորդվել օրենքներով, իսկ հրամանը չկատարելը դա քրեորեն դատապարտելի արարք է: Դա չի նշանակում, որ ինքը չի կատարելու: Այլ հարց է, որ դա համապատասխան զսպման մեխանիզմ լինի: Բայց, ամեն դեպքում, նշված հոդվածը վերանայման կարիք ունի:



- Այսինքն՝ ի վերջո այս կանոնագիրքն ի՞նչ է փոխելու:



- Իրավական ակտը պետք է կիրառվի: Իսկ դա կիրառողը մենք բոլորս ենք: Հասարակությունն ու զինված ուժերը մեկը մյուսի բաղկացուցիչ մասն են: Եթե ծագում են որոշակի պրոբլեմներ, դա պետք է դիտարկել կոմպլեքս եւ համապատասխան միջոցառումներ ձեռնարկել եւ զինված ուժերում, եւ հասարակության մեջ: Որ մենք ունենանք իրավագիտակցությամբ ավելի բարձր քաղաքացիներ, որոնք ի վերջո ծառայելու են զինված ուժերին: