Նախընտրական զարգացումներ թիվ 15 ընտրատարածքում

Նախընտրական զարգացումներ թիվ 15 ընտրատարածքում
Արագածոտնի մարզի թիվ 15 ընտրատարածքը հանրապետությունում հայտնի դարձավ 2007թ. ԱԺ ընտրություններում ներկայիս ԱԺ պատգամավոր Խաչիկ Մանուկյանի եւ Թալինի քաղաքապետ Մնացական Մնացականյանի բուռն ընտրապայքարից, երբ ընտրությունները տեղափոխվեցին երկրորդ փուլ, ու այդ փուլում Խաչիկ Մանուկյանը կարողացավ ընտրվել ԱԺ պատգամավոր:



Վերջերս մամուլում եւ առավելապես Արագածոտնի մարզում լուրեր են տարածվում, թե 2012թ. ԱԺ ընտրություններին մեծամասնական ընտրակարգով թիվ 15 ընտրատարածքում առաջադրվելու է Արագածոտնի ներկայիս մարզպետ Սարգիս Սահակյանի եղբայր Նաիրի Սահակյանը: Ավելին` ասում են նաեւ, որ թիվ 15 ընտրատարածքում Նաիրի Սահակյանի թեկնածությունը պաշտպանելու է Հանրապետական կուսակցությունը: Ակամա հարց է առաջանում` բա Խաչիկ Մանուկյա՞նը, բա Թալինի քաղաքապետ Մնացական Մնացականյա՞նը, որը դարձյալ հանրապետական է, եւ որը 2003թ. ԱԺ ընտրություններում ներկայացնում էր Խ. Մանուկյանի շտաբը:



Հատկանշական է, որ 2007թ. ԱԺ ընտրությունների առաջին փուլում Նաիրի Սահակյանը նույնպես պաշտպանում էր Խաչիկ Մանուկյանի թեկնածությունը:



Պարզ է, որ Հանրապետական կուսակցությունը երեք անդամի միանգամից չի կարող «դաբրո» տալ, սակայն նշված հանրապետականների գործունեությունը միայն մի բանի մասին է ասում, որ պայքարը ներկուսակցականից տեղափոխվել է ներանձնական դաշտ, մանավանդ որ Նաիրի Սահակյանի եղբոր` Սարգիս Սահակյանի՝ մարզպետ դառնալու փաստը «ռազբորկաների» եւ ծեծկռտուքի առիթ դարձավ վերջիններիս եւ Խաչիկ Մանուկյանի միջեւ: Մենք կապվեցինք Խաչիկ Մանուկյանի հետ եւ հարցրինք, թե ինքն առաջադրվելո՞ւ է թիվ 15 ընտրատարածքում` որպես պատգամավորության թեկնածու, եւ ինչպե՞ս է վերաբերվում այն լուրերին, որ Հանրապետական կուսակցությունը պաշտպանել է Նաիրի Սահակյանի թեկնածությունը: «Լուրերն անհիմն եմ համարում, իսկ առաջադրվելը՝ անպայման առաջադրվելու եմ»,- ասաց Խաչիկ Մանուկյանը:



Իրադարձությունների այսպիսի սրընթաց զարգացմանը հաջորդեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Թալինի սկզբնական կազմակերպության մարտի 4-ին կայացած ընդլայնված ժողովը, որտեղ կուսակցության քաղխորհրդի անդամ, ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը հրապարակեց ԲՀԿ քաղխորհրդի որոշումը, որի համաձայն՝ կուսակցությունը  թիվ 15 ընտրատարածքում առաջադրելու եւ պաշտպանելու է Արագած Ախոյանի թեկնածությունը: Միանշանակ կարելի է ասել, որ սույն որոշումը այս ընտրատարածքում խառնեց բոլոր խաղաթղթերը:



Իսկ թե ինչու Ա. Ախոյանն առաջադրվելու է ոչ թե թիվ 14, այլ թիվ 15 ընտրատարածքում, Ա. Ախոյանն ասաց. «Առաջին հերթին դա պայմանավորված է կուսակցության որոշմամբ: Երկրորդը՝ վերաձեւավորվել են ընտրատարածքները. մնացել է բուն Արագածոտնի մարզն իր երկու ընտրատարածքով: Երկուսում էլ խնդիրներ չունեմ, իսկ թիվ 15 ընտրատարածքն իմ ծննդավայրն է՝ իրեն հարակից աշտարակյան գյուղերով, եւ Թալինը՝ հոգեւոր, մշակութային եւ ինչու չէ՝ արմատների սերտ կապով, որն ավելի է պարտավորեցնում ինձ այս ժողովրդի հանդեպ»:



Նշենք, որ Ա. Ախոյանը 2007թ. ընտրություններում մեծամասնական ընտրակարգով առաջադրվել էր թիվ 14 ընտրատարածքում եւ, հավաքելով 18 հազարից ավելի ձայն, իր հակառակորդից քիչ ձայների տարբերությամբ չէր ընտրվել ԱԺ պատգամավոր:



Այստեղից հետեւում է, որ մարտի 4-ից թիվ 15 ընտրատարածքում նախընտրական զարգացումները թեւակոխեցին նոր փուլ` սպասվող անխուսափելի անակնկալներով:



Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ