ՀԱԿ-ն ուզենար՝ հեղափոխությունը պատրաստ էր

ՀԱԿ-ն ուզենար՝ հեղափոխությունը պատրաստ էր
Շատ տրամաբանական է, որ  երեկ ՀՀ ոստիկանապետն ասել է, թե հեղափոխությունների նկատմամբ սիմպատիա չունի, որովհետեւ հեղափոխությունը ցնցում է... Մինչեւ վերջին պահն էլ իշխանությունը պետք է փորձի ժողովրդին համոզել, որ Հայաստանում հեղափոխական տրամադրություններ չկան: Դրանով փորձում են ժողովրդի ռադիկալ տրամադրությունները մեղմել: Կույր պետք է լինել, որպեսզի չտեսնել, թե իրականում Հայաստանում ինչքան են հեղափոխական տրամադրությունները հասունացած: Եվ դա կարող է շատ ավելի շուտ հասունանալ, եթե Հայ ազգային կոնգրեսը լուրջ աշխատանք չտաներ ժողովրդի հետ եւ երբեմն զսպեր նրա ռադիկալ տրամադրությունները:



Բայց գալիս է մի պահ, երբ արդեն ամբողջ ժողովուրդն է հասկանում, որ ոչ մի դրական սպասելիք այս իշխանությունից ակնկալել չի կարող. օր օրի սոցիալական վիճակը ծանրանում է, ավելին՝ ահագնացող է դարձել: Եվ եթե Հայաստանը լքում են՝ միայն այն պատճառով, որ ոչ մի ապագա չեն տեսնում երկրում, դա արդեն իսկ հուշում է մեզ, որ երկրում հասունացել են հեղափոխական տրամադրությունները: Ինչու ոչ, եթե ժողովուրդը ցանկանում է, ապա միանշանակ այն կիրագործվի: Եթե այս պահին ժողովուրդն իր կամքն արտահայտի, եւ իշխանությունները, ինչպես նաեւ ոստիկանությունը փորձեն զսպել իրենց հայտնի մեթոդներով, դա ավելի կարագացնի հեղափոխական  գործընթացը:



Եվ սահուն իշխանափոխությունը կդնեն վտանգի տակ, իսկ ՀԱԿ-ն այսօր ուզում է սահուն իշխանափոխություն՝ ժողովրդի ցանկությամբ ու պահանջով: Վերջերս որոշ քաղաքական շրջանակներ հեղափոխությունը բացառում են մեր երկրում, դա նաեւ կապելով մեր մենթալիտետի հետ: Բայց Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի մենթալիտետը խիստ տարբերվում է հայ ժողովրդի մենթալիտետից:



Էնպես որ, թող չփորձեն իրենց մենթալիտետը փաթաթել մեր վզին: Մեր ժողովուրդը ազատատենչ ժողովուրդ է, արժանապատիվ ժողովուրդ է, եւ այն ստորացված վիճակը, որ այսօր կա Հայաստանում, եւ ժողովուրդը ընչազուրկ է, դա մեր ժողովրդին հուշում է, որ պետք է մտածել ապագայի համար: Ժողովուրդը ռադիկալ տրամադրությունների մեջ է, որովհետեւ այլընտրանք չի տեսնում, քան իշխանափոխությունն է: Հետեւաբար էդ իշխանափոխությունը տեղի կունենա: Իսկ որոշ մարդիկ սխալ են հասկանում «հեղափոխություն» արտահայտությունը: Ի վերջո հեղափոխություն՝ դա չի նշանակում արյունահեղություն, ալան-թալան, ջարդ ու փշուր, դա նաեւ ժողովրդի կամքի արտահայտումն է: Հեղափոխություն՝ նշանակում է բարեփոխում: Եթե ընդառաջ չգնան ժողովրդին, չեմ կարծում, թե կգտնվի թեկուզ մի քաղաքական ուժ, որը կկարողանա զսպել էդ տրամադրությունները:



Լյուդմիլա ՍԱՐԳՍՅԱՆ

ՀԱԿ ներկայացուցիչ