Ամենակարեւորը` սերն ու ռոմանտիկան են պակասել մեր Երեւանից

Ամենակարեւորը` սերն ու ռոմանտիկան են պակասել մեր Երեւանից
Հարցազրույց ռեժիսոր Արթուր Էլբակյանի հետ, որը վերջին տարիներին ապրում է Լոնդոնում:



- Ձեր գիրքը կոչվում է «Մեր մասին», այն կարելի՞ է ինքնակենսագրական համարել:



- Այն ինքնակենսագրականի միջոցով պատմում է մեր մասին: Իմ սերնդի եւ մեր ապրած ժամանակների մասին: Մանկությունից մինչեւ մեր օրերը: Մենք բոլորս համարյա նույն կյանքն ենք ապրել, երբ կառուցվում էր «փայլուն կոմունիստական ապագան»: Մեր խաղերի մասին. «հոլ» էինք խաղում ու «ղայիշ լախտի», կարկատած շալվարով բակ էինք դուրս գալիս ու այնպես քայլում, որ աղջիկները չնկատեն: 



Այն մասին, թե ինչպես Հայաստան տատս  արցունքն աչքերին պատմում էր, որ պապուս 37-ին տարան ու իր նման անմեղների հետ գնդակահարեցին: Այն մասին, թե ինչպես համադասարանցիները թշնամանում էին միմյանց հանդեպ, երբ մոտենում էին ոսկե մեդալով ավարտելու ժամանակները: Փողով, ծանոթով, ամեն կերպ ինստիտուտ ընդունվելու ու կոմսոմոլի կարիերիստների մասին: Երեւանի այն ժամանակների բառի բուն եւ լավ իմաստով՝ Գրիգոր Հասրաթյանի մասին: Այն մասին, երբ իշխանության եկավ ԿԳԲ-իստ Անդրոպովը, ինչպես էին մեզ բոլորիս ցուցակով ստիպում, որ առավոտյան իննին լինենք աշխատատեղում. դա այն դեպքում, երբ թատրոններում աշխատանքը սկսվում էր 11-ին: Ու հատուկ  «ստուկաչներ« էին նշանակել: Այն մասին, թե ինչպես ես, լուսահոգի Վազգեն Սարգսյանն ու Ստեփան Լուսիկյանը արժանացանք կոմսոմոլի մրցանակի եւ ինչպես մեզ ստիպեցին հրաժարվել այդ մրցանակի փողային մասից: Հիշում եմ՝ Վազգենն ականջիս ասաց. «Տղերքի հետ խմելու փող էլ չթողեցին, գնանք՝ պարտքով փող վերցնենք»:



Համով-հոտով երեւանցիների մասին: Ցուրտ ու մութ տարիների զրկանքների եւ հնարած ու կեղծ անկախության մասին ու էլի շատ հետաքրքիր պատմություններ:



- Վերջին անգամ  ե՞րբ եք եղել Հայաստանում, ինչպիսի՞ տպավորություններով եք հեռացել:



- 2008-ի աշնանն այցելեցի հայրենիք: Իրարամերժ տպավորություններով եմ հեռացել: Մի կողմից՝ հասկանում եմ, որ Երեւանը պետք է զարգանա ու կառուցվի, մյուս կողմից՝ տխրեցի, որ ամեն ինչ կառուցվում է հին քաղաքի հաշվին: Բազում անճաշակ ու իմ Երեւանի հետ կապ չունեցող շինություններ տեսա: Ոչ մի ճարտարապետական միտք: Ով ինչ եւ որտեղ ուզել՝ կառուցել է: Աշխարհի որ երկիր ուզում ես գնա՝ այնտեղ պահել ու պահպանում են իրենց քաղաքների դեմքը՝ հին քաղաքը: Հեռու մի գնացեք, այցելեք հարեւան Վրաստան եւ նայեք հին Թիֆլիսը:



Հիմա մեր քաղաքը միքս է դեմիրճյանական ժամանակների խայտառակ տգեղ  բարձրահարկերի, հրաշքով փրկված մի քանի հին շինությունների ու նորագույն կառույցների, որոնք ներդաշնակ չեն հնի հետ: Շատ բան է փոխվել: Ամենակարեւորը՝ երեւանցին է փոխվել: Ներմուծված, պատվաստված երեւանցիների քաղաք է դարձել: Բայց դա հիմա՛ չեղավ: «Հիմա»-ն հետեւանք է նախկին սխալների: Երբ մետրո կառուցելու ու քաղաքը միլիոնանոց սարքելու համար գյուղերը դատարկեցին-տեղահան արեցին, բերեցին Երեւան, որպեսզի լրացնեն այդ միլիոնը: Ես գյուղացու դեմ ոչինչ չունեմ: Ուղղակի խախտվեց բալանսը: Գյուղերն ամայացան, քաղաքն էլ կամաց-կամաց սկսեց կորցնել իր դեմքը: Իսկ հիմա մի անհասկանալի տեսակի մարդկանց եմ հանդիպում Երեւանում:



Ցավոք սրտի, շատ անկիրթ ու ցինիկ  մարդկանց:  Թիկնապահամանիան հասել է հիվանդագին տենդի: Քիչ է մնում թնդանոթով ու տանկերով շրջեն Երեւանում: Ումի՞ց են պաշտպանվում: Ժողովրդի՞ց:  Աշխարհի ոչ մի քաղաքակիրթ երկրում նման բան չես տեսնի: Դա հատուկ է Մոսկվային ու Երեւանին: Բայց ամենակարեւորը՝ սերն ու ռոմանտիկան են պակասել մեր Երեւանից: Ցավոք կասեմ՝ իսպառ բացակայում է: Ասեմ իմ գրքի հերոսի խոսքերով.  «Կարծես Երեւանի վերջին տրամվայի հետ սերն ու ռոմանտիկան էլ հեռացան քաղաքից»: Իսկ  հանդուրժողականությունը եւ բարեկիրթ լինելն այժմ  ծիծաղելի են ու ծաղրելի մեր Երեւանում:



- Ի՞նչ զգացումներ ունեք հայրենիքի ու Հայաստան պետության նկատմամբ: Հետեւո՞ւմ եք Հայաստանի ներքաղաքական զարգացումներին:



- Հայրենիքս շատ եմ սիրում: Երեխա լինեի, կգրեի` «ամպի չափ»: Ինչ վերաբերում է պետությանը, ապա կասեմ, որ հարգում եմ որպես խորհրդանիշ՝ ոչ ավելին: Ինչպես, ասենք, ամերիկացին հարգում է նախագահի ինստիտուտը՝ անկախ նրանից, թե ով է իր երկրի նախագահը: «Հայրենիքը» եւ «պետությունը» տարբեր հասկացողություններ են: Ինչպես նաեւ պետություն եւ իշխանավորներ:



Խոսքս իշխանավորների եւ չինովնիկների մասին է լինելու: Ի՞նչ  է պետությունը: Սահմանադրություն եւ օրենքներ՝ իշխանություն եւ ժողովուրդ: Ինձ մոտ այն տպավորությունն է ստեղծվել, որ իշխանությունը եւ իշխանավորներն ապրում են ուրիշ երկրում ու ուրիշ օրենքներով, իսկ ժողովուրդն ապրում է ուրիշ կյանքով: Ժողովուրդն  իրենց  հարկավոր է լինում միայն ընտրությունների օրերին, այն էլ ոչ թե ընտրելու համար, այլ՝ որ ցույց տան, որ ժողովուրդը մասնակցել է ընտրություններին: Ժողովուրդն ապրում է աղքատ, իսկ պաշտոնյաները չաղանում են ու կլորանում:



Մարդիկ հուսալքված են, բոլոր բնագավառներում իշխում է անգրագիտությունը: Խախտվում եւ արհամարհվում են օրենքները իշխանավորների եւ հենց օրենք գրողների կողմից: Ում հետ խոսեցի եւ շփվեցի՝ բողոքում էին եւ ասում այն, ինչ հիմա շարադրեցի: Սիստեմը չփոխվեց: Մինչեւ շարժման սկիզբը կոմունիստներն էին, որոնք իրենց սպառել էին, ու կաշառակերությունը սահման չուներ: Հետո՝ էլի կոմունիստները՝ քողարկված ձեւով (պարզապես մի կլանը փոխարինվեց մյուսով), իսկ հիմա՝ կոմսոմոլը: Խորհրդային ժամանակների վատ կրկնօրինակն է հիմա:  Սիստեմը չփոխվեց:



Կառավարման ձեւերը մնացին նույնը: Ինչ կատարվում է Մոսկվայում, նույնը կապկում են Հայաստանում՝ ավելի անճաշակ եւ չհղկված ձեւով: Հիմա Մոսկվայում բրեժնեւյան լճացման տարիներն են եւ ուժային կառույցների ամենաթողության ժամանակաշրջանը: Արդեն վաղուց այդ երկրի երկու ղեկավարները դարձել են ամենօրյա անեկդոտների հերոսներ: Հիշո՞ւմ  եք Մարքսի խոսքերը.  «Մի ուրվական էր շրջում երկրում՝ կոմունիզմի ուրվականը»: Այդ ուրվականը կարծես Հայաստանում էլ է շրջում:



Ինչ վերաբերում է Հայաստանի ներքաղաքական կյանքին, ասեմ, որ ոչ մի ներքաղաքական կյանք էլ չկա: Կա մի կուսակցություն՝ ՀՀԿ: Ինչպես Ռուսաստանում «Եդինայա Ռոսիան» կամ նախկինում ԽՄԿԿ-ն: Մնացյալն ածանցյալ է եւ թվացյալ: Իշխանության պնակից մի պատառ թռցնելու կռիվ: Պատգամավորի մանդատով եւս չորս կամ հինգ տարի «ինքզինքը»  ապահովագրելու կատաղի պայքար, որ չբռնեն, որ ձեռքից թալանածը չտանեն: Տեղերը քիչ են, իսկ ցանկացողները՝ շատ: Եվ թող ներող լինի այն իշխանավորը եւ պատգամավորը, ով ազնիվ է եւ օրուգիշեր ժողովրդի մասին է մտածում:



Ընդդիմություն ասածն ինձ մոտ ժպիտ է առաջացնում:  Ընդդիմություն նույնպես չկա: Իշխանության կռիվ, ուրիշ ոչինչ: Ընդդիմությունում՝ բացառությամբ մի քանի մարդու, որոնց գիտեմ ու հարգում եմ՝ որպես ազնիվ մարդկանց: Մնացած բոլորը եղել են իշխանավորներ եւ հեղինակն են այն արատների, որ հիմա արդեն մետաստազներ են  տվել:  Ընդդիմությունում պետք է լինեն չվարկաբեկված մարդիկ:



«Եթե դու երկրի վրա աղքատի զրկանք տեսնես եւ իրավունքի ու արդարության հափշտակություն, մի զարմացիր այդ բաների վրա, որովհետեւ բարձր դիրքի մի պաշտոնյա պաշտպանված է մեկ այլ բարձր դիրքի պաշտոնյայի կողմից, իսկ դրանցից էլ ավելի բարձր մի երրորդ պաշտոնյա կա»: