Ապօրինի անտառահատումները շարունակվում են

Ապօրինի անտառահատումները շարունակվում են
Չնայած բնապահպանական տեսչությունների եւ անտառտնտեսությունների աշխատակիցները պնդում են, թե վերահսկողությունն ուժեղացնելու արդյունքում անտառահատումների դեպքերը պակասել են, հանրապետության ճանապարհներին  քիչ չեն հանդիպում մատղաշ ծառերի փայտով բեռնված բեռնատար մեքենաներ:



Այս լուսանկարում, որը տրամադրել են «Էկոլուրը» եւ Իջեւանի «Օրհուս» կենտրոնը, բեռնատարը Տավուշի մարզի Հովք գյուղով շարժվում է դեպի Դիլիջան կամ գուցե Երեւան: Մեր աղբյուրի տեղեկացմամբ` մեքենան անարգել անցել է ճանապարհային ոստիկանների կողքով: Զավեշտալի է, բայց անտառածածկ տարածքների վիճակը երեւի բարվոք «տեսնելով», «Հայանտառ» ՊՈԱԿ-ը եւ գյուղատնտեսության նախարարությունը անտառային սեկտորում նախաձեռնում են ներդրումային բիզնես-ծրագիր իրականացնել: Բիզնեսը պետք է ներկայացնի պլան, թե ինչ քանակությամբ է փայտանյութ պահանջվում, ինչպես նաեւ ենթադրվող ներդրումներ` այդ քանակությամբ փայտանյութը վերամշակելու համար: Բայց մասնագետներն այլ կարծիքի են` որ Հայաստանում նման անտառներ չեն մնացել: Սկսած 90-ականներից, անտառը կերակրել եւ տաքացրել է ոչ միայն հայերիս: Անտառանյութը հարեւան Իրանում եւ Վրաստանում հաջողությամբ օգտագործվել է արտադրության մեջ:



Մեր օրերում արդեն մարդիկ կրկին ձգտում են անտառ` խուսափելով «Հայ Ռուսգազարդի» սահմանած թանկ գներից: Որպեսզի հեշտ լինի պատկերացում կազմել, թե որքան մարդ է օգտվում անտառի ռեսուրսից, բերենք Իջեւանի անտառտնտեսության տվյալները: Միայն նշված անտառտնտեսության սպասարկման տարածքում փայտով է տաքանում 8 հազար ընտանիք: Բացի Իջեւանից, Տավուշում կա եւս 3 անտառտնտեսություն` Արծվաբերդի, Սեւքարի եւ Նոյեմբերյանի, որոնք ավելի շատ տարեկան պլան ունեն: «Էկոլուրի» հաշվարկներով` եթե ամեն ընտանիք տարեկան վառում է 10-15 խմ փայտ, ստացվում է, որ Իջեւանի անտառտնտեսությունում վառվում է ամենաքիչը 80 հազար խորանարդ մետր, իսկ մնացած երեք անտառտնտեսություններում՝ եւս 240 հազար խորանարդ մետր անտառ: Անտառամերձ համայնքների բնակիչներն առանձնապես ոգեւորված չեն բիզնես-պլանով: Բոլորն էլ գիտեն, որ դարձյալ օլիգարխներն են շահելու դրանից, անտառի հաշվին փողեր են դիզելու, իսկ իրենք նույնիսկ օրենքի սահմաններում չեն կարողանալու անտառ մտնել: Վազաշեն գյուղի բնակիչներն օրինակ, ասում են, որ շրջակա անտառն արդեն պատմություն է դառնում: Հատումներն արվում են անխնա կերպով: Հատված ծառերը վերջին շրջանում սկսել են օգտագործվել նաեւ որպես փայտածխի հումք: Փայտածխի մի քանի արտադրամասեր են գործում Ազատամուտ, Վազաշեն, Սեւքար համայնքներում:



Վազաշենում տուբերկուլյոզով հիվանդ մեկը, չկարողանալով կերակրել բազմանդամ ընտանիքը, անմիջապես բակում փայտածխի արտադրամաս է դրել` թունավորելով շրջակայքը: Նշված բնակավայրերում չնայած դեռ բժշկական հետազոտություն չի անցկացվել, բայց, բուժաշխատողների վկայությամբ, արտադրամասերի արտանետած գազերն ու ծուխը բնակչության համար չափազանց վտանգ են ներկայացնում եւ դառնում տարբեր հիվանդությունների պատճառ: