Հիմա էլ դեղատան տնօրեններն են փողոց ելել

Հիմա էլ դեղատան տնօրեններն են փողոց ելել
Երեկ Վանաձորի Հայքի հրապարակում բողոքի ակցիայի էին դուրս եկել մի քանի դեղատների տնօրեններ, որոնց մեջ էր նաեւ «Սզնի» ՍՊԸ տնօրեն Գառնիկ Սահակյանը, որը նաեւ «Ժառանգություն» կուսակցության Վանաձորի տարածքային կառույցի ղեկավարն է։



Վերջինիս խոսքով՝ առողջապահության նախարարությունը  վարչական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին առաջարկ է ներկայացրել, որը վերաբերում է դեղորայքային շուկային. ըստ նրա, հարցը դեռեւս քննարկման փուլում է։ «Եթե դեղատոմսով բաց թողնվող դեղերը առանց դեղատոմսի բաց թողնելու դեպքում դեղատները տուգանվելու են 300 հազար դրամ գումարի չափով, իսկ դեղատոմսերի նորմատիվ պահանջներին չհամապատասխանող դեղատոմսեր գրելու համար բժիշկները կտուգանվեն 50 հազար դրամի չափով»։



«Մեր իրականության մեջ դեղատոմսերը բժիշկների կողմից ուղղորդվում են էն դեղատները, որտեղից բժիշկները տոկոսներ են ստանում: Դա հանրապետությունում հայտնի փաստ է, եւ որեւէ մեկն այն հերքել չի կարող»,-լրագրողների հետ զրույցում նշեց «Սզնի» դեղատան տնօրենը, որն ասում է, որ ինքն այս ամենին դեմ չէ, ուղղակի «պետք է ստեղծել հավասար դաշտ, շուկան դրանով ավելի է մոնոպոլիզացվում, եթե դեղերի մեծածավալ շուկան գտնվում է մի քանի ընկերությունների ձեռքին»: Իսկ այդ ընկերությունները «Նատալի Ֆարմ» եւ «Ալֆա Ֆարմ» դեղագործական ընկերություններն են, որոնք յուրաքանչյուրն ունեն երեւի թե 100-ից ավելի դեղատուն, իսկ Վանաձորում՝ ավելի քան 10։ Թեեւ Սահակյանը Հայքի հրապարակում կայանալիք բողոքի ակցիայի մասին տեղյակ էր պահել շուրջ 30 դեղատների տնօրենների, սակայն, չգիտես ինչու, հրապարակում միայն ինքն էր ու մեկ կին, ով նույնիսկ չգիտեր էլ, թե ինչի համար է եկել։ Մոտ 10 րոպե մնալուց հետո նա էլ հեռացավ, Հայքի հրապարակում մնացին միայն լրագրողներն ու Գառնիկ Սահակյանը։ «Սզնի» դեղատան տնօրենը լրագրողներին տեղեկացրեց, որ հարցը կբարձրացնի կառավարությունում։ Նա վստահեցնում է, որ այսօր բժիշկների կողմից տրամադրվող բոլոր դեղատոմսերն ուղղորդվում են միայն այդ դեղատներ. «Կուլիսային լսել եմ, որ դեղատուն կա, որ 5 տոկոս, դեղատուն կա՝ 10 տոկոս է զեղչ անում»։



Սահակյանը դժգոհեց նաեւ, որ կոնկրետ իր դեղատուն, որն օրական 300 հազար դրամի առեւտուր է անում, մոտ 2-3 դեղատոմսով այցելու է միայն մտնում: Ո՞ւր են գնում այդ դեղատոմսերը։ Սահակյանը պատմեց, որ պոլիկլինիկաներից մեկի տնօրենը վերջերս դիմել է իրեն՝ ասելով, թե իր դեղատուն կուղարկի անվճար դեղատոմսեր: «Ես էլ ասի, որ ատկատ չեմ տալու, այսինքն եթե կարծում ես, որ անվճար դեղատոմսից ես քեզ 10 տոկոս զեղչ եմ տալու, դա չի լինելու... Բյուջեից անվճար դեղատոմսերն էլ այդ ձեւով են բաց թողնում»,-ասում է «Սզնի» դեղատան տնօրենն ու ավելացնում. «Դեղատոմսերը դուրս են գրվում կոպիաներով, որը ստանդարտ ձեւ չի, դուրս են գրվում զեղչի կտրոններով»։



«Ո՞վ է կանգնած, ըստ Ձեզ, այս ամենի ետեւում»,- հարց ուղղեցինք Գառնիկ Սահակյանին: «Իշխանության վերնախավը, եւ նախագահի նստավայրին մոտ կանգնած մարդիկ կան, եւ վարչապետի աշխատավայրում, եւ առողջապահության նախարարությունում, եւ ԱԺ-ում, ովքեր կամ ամբողջական իրենց բիզնեսն ունեն ուրիշի անվամբ, կամ էլ փայատեր են»,-պատասխանեց Սահակյանը։ Նա չբացառեց նաեւ, որ այս օրենքը պատվիրված է հենց իր թվարկած օղակների կողմից։