Անձամբ Քոչարյանից` սխալներով եւ ստորագրությամբ

Անձամբ Քոչարյանից` սխալներով եւ ստորագրությամբ
Մարտի 9-ին խմբագրությունում ստացվեց նոր գրություն` «GPartners» գրասենյակից, որով երկրորդ անգամ էին փորձել «Քոչարյանին  ոչնչացնում են, Ծառուկյանին բացատրո՞ւմ» հոդվածի հերքում պահանջել:



Առաջին փորձին փետրվարի 22-ի «Ինքնակոչ նամակ Քոչարյանի անունից» հոդվածով պատասխանել էինք եւ բացատրել, թե ինչու է «GPartners»-ն ինքնակոչի դերում, ինչու իրավասու չէ հերքում պահանջել, ինչ փաստաթղթի առկայությամբ, ով նման իրավասություն կունենա, եւ այլն: Սակայն զուր չէ ասված` մի խորհրդից հետո տասը նոր խորհուրդ է պետք, թե այն ինչպես կիրառել:



Նախորդ հոդվածից սովորելով, որ հերքում պահանջելու իրավասու է Քոչարյանը կամ իր կողմից լիազորված երկրորդ անձը, այս անգամ խմբագրություն էին ուղարկել Քոչարյանի ստորագրությամբ լիազորագիր եւ մի քանի տողանոց «Հերքում», ավելի ստույգ` «Հերքում» վերնագրված անհեթեթություն: Կարեւորը` ընդամենը այդ երկու գրության մեջ պրն  Քոչարյանը եւ իր կողմից լիազորագիր ստացած Ա. Մելիքբեկյանը («GPartners»-ի աշխատանքային խմբի ղեկավար) անտեղյակության, սխալների ու անհեթեթությունների մի այնպիսի հրավառություն են սարքել, որ «GPartners»-ի նախորդ գրությունը թողել են ստվերում:



ԿՈՒՅՐ ԱՉՈՔ



Արդյոք «GPartners»-ում մոռացե՞լ էին լիազորագիրը խմբագրություն ուղարկվող ծրարի մեջ դնել, թե՞ համարել էին, որ դա անձնական տվյալներ պարունակող փաստաթուղթ է եւ ավելի ապահով կլինի էլեկտրոնային փոստով ուղարկել այն, ամեն դեպքում՝ լիազորագրի պատճենն ինձ ուղարկվել էր էլեկտրոնային տարբերակով, հավաստելով, որ կարող են նաեւ բնօրինակը տրամադրել:  Շնորհակալությամբ հրաժարվեցի, նախ՝ որովհետեւ ոչ ոք չէր կարող Ռոբերտ Քոչարյանի անձնագրային  տվյալներն ունենալ եւ լրացնել առանց իր համաձայնության. այդքանով էլ լիազորագրի վավերականությունը կասկածից վեր էր: Երկրորդ` ընդամենը մի քանի տող կարդալուց հետո պարզ էր, որ տրված լիազորագիրն առոչինչ է` վավեր թե անվավեր:



Հաջորդ օրը զանգահարեցի «GPartners»: Հետաքրքիր էր` գոնե գիտակցո՞ւմ են, որ ուղարկված թուղթն առոչինչ է: Ա. Մելիքբեկյանին, ում տրված էր լիազորագիրը, ասացի, որ փաստաթղթում խնդիրներ եմ տեսնում: Ակնհայտ անակնկալի եկավ, հետո. «Եթե ասեիք ինչ խնդիր, օրիգինալի հետ համեմատելով՝ գուցե պարզաբանենք, պատասխանենք...»: Ասացի, որ կասեմ, բայց՝ թերթով:



Համաձայն ՀՀ քաղօրենսգրքի՝ «Լիազորագիրը, որում նշված չէ դրա կատարման տարին, ամիսը եւ ամսաթիվը, առոչինչ է» (հոդված 322): Քոչարյանի կողմից Ա. Մելիքբեկյանին տրված լիազորագրում չկա ամսաթիվ` տառերով գրված է տարին, ամիսը, բայց ոչ ամսաթիվը: Ընդ որում դժվար է ասել՝ խորամանկել են եւ կարծել, թե փաստաթղթի առոչինչ լինելը չի նկատվի՞, թե՞ իսկապես չգիտեն, որ ամսաթիվ չպարունակելը լիազորագիրն առոչինչ է դարձնում:



Խնդրո առարկա լիազորագիրն առոչինչ էր նաեւ մի երկրորդ հանգամանքով: Ժամկետանց անձնագրով հնարավոր չէ որեւէ գործողություն կատարել, ներառյալ` լիազորագիր տալ:  Ա. Մելիքբեկյանին տրված լիազորագրում նշված է, որ Քոչարյանին անձնագիրը տրվել է 1998-ին, ինչն ինքնաբերաբար նշանակում է, որ այն ժամկետանց է դարձել տասը տարի անց` 2008-ին: Պարզ է, որ կյանքում Քոչարյանին անձնագիր պետք չի գալիս, արտերկիր էլ երեւի մեկնում է դիվանագիտական անձնագրով: Բայց ինչ արած... անողոք իրականություն է` անձնագրի ուժը կորցնելուց երեք տարի անց հնարավոր չէ այդ անձնագրով քաղաքացիական հարաբերություն ստեղծել եւ լիազորություններ տալ:



Այնպես որ, 1998-ին անձնագիր ստանալուց եւ ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելուց հետո, այժմ էլ երկրորդ անգամ պետք է պրն Քոչարյանը դիմի՝ անձնագիրը փոխի եւ ուժի մեջ համարվող անձնագրով լիազորագիր տա, որպեսզի կարողանա իմ հոդվածի հերքում պահանջել (կամ էլ կարող է անձամբ պահանջել` անձնագիրը թողնելով մի կողմ): Իսկ մինչ այդ իր տված առոչինչ լիազորագիրը դնում ենք մի կողմ:



ԿՈՒՅՐ ՄՏՈՔ



Հիմա` տրված լիազորագրի հիմնական, բովանդակային նոնսենսը: Տարրական տրամաբանությունը իրավունքից կիլոմետրերով հեռու անձին էլ կհուշի, որ լիազորագիրն անձին լիազորում է կատարելու որոշակի գործողություններ եւ ոչ թե` ինչ մտքին գա: Հետեւաբար, որպեսզի Ռոբերտ Քոչարյանն անձամբ չպահանջի հոդվածի հերքում, պետք է լիազորեր երկրորդ անձին՝ իր անունից «հանդես գալ զանգվածային լրատվամիջոցների հետ հարաբերություններում, ըստ հարկի պահանջել ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումների, տեղեկությունների հերքում, օրենքով սահմանված կարգով կազմել եւ ուղարկել պատասխաններ...» եւ այլն:



Մինչդեռ տրված առոչինչ լիազորագրում, որի օրինակն ուղարկվել է ինձ, ՀՀ քաղդատօր.-ից մի քսան-երեսուն տող «copy-paste» կա, թե փաստաբանն ինչ կարող է անել դատարաններում, առանց գիտակցելու, որ լիազորագիրը տվյալ դեպքում տրվում է ԶԼՄ-ի առջեւ ներկայանալու համար: Մտքով կույրը միայն կարող է լիազորագիր վերցնել կամ տալ որոշակի գործողության համար, իսպառ այդ մասին չնշելով լիազորագրի մեջ: Պարզից էլ պարզ է` եթե լիազորությունները չեն նշվել, նշանակում է դրանք չեն էլ տրվել: Տարակուսում եմ միայն, թե այդ դեպքում ինչո՞ւ են լիազորագիրն ընդհանրապես կազմել:



Տառասխալների թեման ընդհանրապես շրջանցում եմ, թեեւ, գրողը տանի, գոնե այն երկրի անունը, որի քաղաքացին, էլ չասած` նախագահն ես եղել, պետք է գրել կարողանալ կամ սխալ գրված լինելը նկատել` թղթի վրա ստորագրություն դնելուց առաջ:



ՆՄԱՆԸ ԶՆՄԱՆՍ ԳՏԱՆԵ՞



Դժվար չէ պատկերացնել, եթե փաստաբանական գործունեություն իրականացնող մեկը «գրագիտության» այն մակարդակում լինի, որ առոչինչ լիազորագիր վերցնի, ինչի համար լիազորվում է` դրա մասին էլ նույնիսկ  տեքստում չնշի, ապա լրագրության ասպարեզում թոթովելու դեպքում «մտքի ինչ գոհարներ» շաղ կտա: Վկայաբերելով օրենքը, որ սահմանում է հրապարակման նույն ծավալով, նույն լրատվամիջոցում պատասխան տպագրել A4 չափի, մեկեւկես էջ ծավալով հոդվածի դիմաց («Քոչարյանին ոչնչացնում են, Ծառուկյանին բացատրո՞ւմ», «Հրապարակ», 12 փետրվարի 2011թ.), «GPartners»-ից հինգ-յոթ տողանոց կիսագրագետ մի տեքստ են ուղարկել` վերնագրված «Հերքում»: Եվ ինչ են գրել` ոչ ավել, ոչ պակաս. «Հրապարակ» օրաթերթը հայտնում է...»:  Ա. Մելիքբեկյանին հարցնում եմ. «Ձեզ ո՞վ է լիազորել ««Հրապարակի» անունից խոսելու: Քոչարյանն է լիազորագիր տվել՝ խոսեք իր անունից...»:



Մեկը, որը չտարբերի, թե իրեն ով է լիազորել խոսելու...: Շարունակենք ընթերցել. «Հոդվածում տեղ գտած տեղեկություններն ամբողջությամբ չեն համապատասխանում իրականությանը...»: Նախ՝ հերքում պահանջողը տեղեկությունների հետ ընդհանրապես գործ չունի, այլ գործ ունի «փաստացի անճշտությունների» հետ` համաձայն օրենսդրության պահանջների: Երկրորդ` ամբողջությունը դատարկ բազմություն չէ` այն բաղկացած է ամբողջի մասերից, այս դեպքում` փաստացի անճշտություններից: Ամբողջին անցնելուց առաջ կամ հետո պետք է բարեհաճել ամբողջի մասերին անդրադառնալ, գոնե մի քանիսին, թեկուզ մեկին, եւ նշել, թե ինչը չի համապատասխանում իրականությանը:



Այլապես օրենքի սահմանած մեկամսյա ժամկետի ավարտին ի՞նչ պատկեր է ուրվագծվում: Ամբողջ մի ամիս «GPartners»-ի աշխատակիցները Քոչարյանի հանձնարարությամբ որքան էլ ջանացին «Քոչարյանին ոչնչացնում են, Ծառուկյանին բացատրո՞ւմ» հոդվածում «փաստացի անճշտությունները» գտնել՝ չհաջողվեց: Եվ դա այն դեպքում, երբ ինքներս էինք հրապարակավ առաջարկել օրենքի պահանջին համապատասխան («Զանգվածային լրատվության մասին» օրենք, 8-րդ հոդված, 5, 6, 7 կետեր) հոդվածի փաստացի անճշտությունները գտնել, նույն` մեկեւկես էջ ծավալում դրանք մեջբերել, հերքել, տեքստն էլ ուղարկել խմբագրություն՝ տպագրության: Ուղարկեցի՞ն:  Իսկ եթե փաստական անճշտությունը չեն կարողանում մեջբերել եւ հերքել, ներողություն, ուրեմն ինչի՞ համար են գրություններ ուղարկում խմբագրություն:



Ի վերջո կամ ուղարկեք փաստական անճշտությունները եւ դրանց հերքումը, որն այսօր լրացող մեկամսյա ժամկետից հետո էլ պատրաստ ենք տպագրել, կամ դադարեք ժամավաճառությամբ զբաղվել: