Կոշտ գործիքի առեղծվածը

Կոշտ գործիքի առեղծվածը
Հայրենի կառավարության բառապաշարը, պետք է ընդունել, Տիգրան Սարգսյանի պաշտոնավարության մեկնարկից այս կողմ զգալիորեն հարստացել է: Դրա համար մենք առաջին հերթին պարտական ենք հենց Տիգրան Սարգսյանին, նրա զարգացածությանն ու բանիմացությանը:



Չլիներ նա, երեւի ոչ ոք Հայաստանում չէր իմանա, որ տնտեսության այս կամ այն ճյուղը փրկելու (նաեւ կործանելու) համար պետք է, նույնիսկ անհրաժեշտ է «դեմքով շրջվել դեպի այդ ճյուղը» կամ այն հայտարարել «գերակա ճյուղ»: Չլիներ Տիգրան Սարգսյանը, ոչ ոք գլխի չէր ընկնի, որ գերակա կամ ոչ այնքան գերակա ոլորտում որեւէ բան փոխելու համար նախ պետք է «գործիքակազմ» ունենալ: Մինչեւ նրա պաշտոնակալությունը, հասկանում ես, մերկ ձեռքերով նետվում էինք պայքարի թատերաբեմ ու ձեռնունայն դուրս գալիս այդ պայքարից: Իսկ հիմա՞… Խնդրեմ, կիրառում ես գործիքդ, եւ արդյունքներն իրենց սպասեցնել չեն տալիս: Հինգ հազար դրամ տուգանք` գործիք եմ ասել: Տեսա՞ք ինչ արեց: Ո՞վ հիմա ամրագոտի չի կապում: Կարո՞ղ եք հիշել, թե երբ եք վերջին անգամ ՀԴՄ չունեցող խանութ մտել:



Չեք հիշի, որովհետեւ կառավարությունն այս ոլորտում էլ է նույն գործիքով գործել: Իսկ ի՞նչ պակաս գործիք էր բացօթյա առեւտրականների կամ վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների վարորդների դեմ գործադրվածը: Ճիշտ է, այս դեպքում այն բուլդոզեր էր հիշեցնում, բայց, ինչ էլ լինի, գործիք է վերջապես:



Բացօթյա մի առեւտրական կին, որ դեմ էր ելել այս բուլդոզերին, օրերս կառավարության տան առջեւ արած իր մի արտահայտությամբ այս բուլդոզերի յոթն ու քառսունքը մեկ օրում արեց: Մեղք չե՞ն հայերը, ասում էր, որ, իրենց երկիրը թողած, գնան Թուրքիայի քուչեքում գիքորություն անեն: Շշմելու բան է այս կնոջ ասածը: Բայց ի՞նչ կփոխվի դրանից, եթե այս կինը գործիք չունի, որ կարողանա բուլդոզերի «կովշի» դեմ կանգնել: Առաջավոր տեխնոլոգիաների Հայաստանս էլ ականջ չունի մարդուն լսելու: Գործիք ունի, բայց ականջ չունի:



Ի՞նչ պետք է անի հայրենի կառավարությունը, որ ժողովուրդը տեսնի նրա արդար լինելը: Այսինքն` ժողովուրդը հասկանա, որ կառավարությունը գործիքներ կիրառում է ոչ միայն իր դեմ, այլեւ իր համար: Եվ ահա, Տիգրան Սարգսյանը հայտարարում է, որ գործիք է կիրառելու նաեւ առաջին անհրաժեշտության մոտ 20 անուն ապրանքների գների կտրուկ աճը կանխելու համար: Կառավարության նիստ է հրավիրում եւ ամենայն լրջությամբ խոսում այս մասին, հետն էլ լսեցնել տալիս իր աշխատասենյակի պատուհանների տակ բողոքի ցույց անողներին:



Կարելի է մտածել, որ Հայաստանում այնքան շատ են ապրանքների գին որոշողները, որ վարչապետը չի կարողանում նրանց հախից գալ, ու որոշել է մի բուլդոզեր էլ նրանց դեմ հանել: Գնաճի դեմ ինչպիսի՜ պայքար` բուլդոզերով-բանով: Դուք տեսեք հիմա, թե ինչ է կատարվելու Երեւանի սուպերմարկետներում: Շաքարը, կաթը, բուսական յուղը, ալյուրը… մեխվելու-մնալու են նույն գնի վրա ու վարչապետի բուլդոզերի ահից որեւէ անհանգիստ շարժում չեն անելու: Խեղճ մոնոպոլիստներ, ձեր օրն էլ մի օր չի: Վարչապետը ձեր դեմ «կոշտ գործիք է» կիրառելու, ու վայն եկավ-տարավ նրան, ով կընկնի այդ գործիքի բերանը:



Հավանաբար Տիգրան Սարգսյանի այս դոնկիխոտությունը բռնել է այն բանից հետո, երբ նա իր մոտ է հրավիրել գին որոշողներին, ու սրանք հրաժարվել են գալ: Հրաժարվել են վարչապետի հետ նստել մի սեղանի շուրջ ու միասին քննարկել ստեղծված իրավիճակից ելք գտնելու խնդիրը: Այլապես հնարավոր չէ հասկանալ, թե ինչու ենք մեզ Չինաստանի տեղը դնում ու կառավարության հատուկ որոշումներ ընդունում միլիարդավոր անբարեխիղճ գործարարների դեմ, ովքեր, ամենքն իր հերթին, գնաճ են ապահովում երկրում: Մեզ մոտ գին թելադրող գործարարներին մի ձեռքի մատների վրա կարելի է հաշվել, ախր: Հիմա ի՞նչ, այդ մի քանի հոգու դե՞մ է ելել կառավարությունն իր կոշտ գործիքով: Եթե սա հողմաղացների դեմ պայքար չէ, եթե սա դոնկիխոտություն չէ, ապա ի՞նչ է, հարգելի կառավարություն:



ՀԳ - Մեծարգո վարչապետ, Ձեր հյութեղ բառապաշարը հայ ժողովրդի հյութեղ երեւակայությունն այնքան է բորբոքել, որ հիմա գրեթե բոլորը վառվում են Ձեր այդ կոշտ գործիքը տեսնելու ցանկությունից: Ուրիշ բան մի մտածեք: Մարդիկ դա հասկացել են այնպես, որ գին թելադրող 5-6 հոգու վերջն է եկել եւ, ով գիտե, գուցե մենաշնորհներ շռայլելու վերջը:



Աշոտ ՍԱՀԱԿՅԱՆ