Սրբազան «Բենտլիի» ու ռեւերանսների մասին

Սրբազան «Բենտլիի» ու ռեւերանսների մասին
Որոշել էի նախորդ շաբաթվա իրադարձությունների հերթական անդրադարձիս մեջ այս անգամ միայն պոզիտիվ ու դրական լիցքերով հագեցած թեմաներ ընդգրկել: Ասենք, օրինակ, որ Հայաստան է եկել միջազգային բրենդ հանդիսացող «Cosmopolitan»-ը, եւ այդ ամսագիրը տպագրվելու է նաեւ Հայաստանում, հայերեն:



Որոշել էի ցիտել ամսագրի խմբագրուհի, հաղորդավարուհի, ասմունքողուհի եւ վերջապես` գեղեցկուհի Հրաչուհի Ութմազյանի խոսքը, թե` «Cosmopolitan»-ը եկավ պատասխան տալու կանանց եւ աղջիկներին հուզող բոլոր հարցերին, որոնք վերաբերում էին գեղեցկությանը, տղամարդ-կին փոխհարաբերություններին եւ այլն: Ու որոշել էի մեծ ուրախությամբ ավետել, որ ի դեմս իրենց հուզող բոլոր հարցերին պատասխան տվող այս ամսագրի, փաստորեն, նույնիսկ իրենց աշխատատեղերից զրկված, նախկինում բացօթյա առեւտրով զբաղվող հարյուրավոր կանայք արդեն որոշակի զբաղմունք կունենան պարապ ժամերին ու ապակայունացնող գործողություններով չեն խաթարի հայրենի իշխանությունների անդորրը: Բայց չի ստացվում, թույլ չեն տալիս, հենց ուզում ես բարիանալ` մյուս այտն են դեմ տալիս քրիստոնեաբար:



Քրիստոնեաբար ասեցի` հիշեցի: Անցած շաբաթվանից Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը նոր փոխադրամիջոցով է գալիս աշխատանքի: Փոխադրամիջոցը կոչվում է «Բենտլի», եւ այս մեքենայի գինը, կախված մոդելից, տատանվում է 100 հազարից մինչեւ 500 հազար եվրո: «Արդ, այսպես էլ` ձեզնից ով որ իր ամբողջ ունեցվածքից չհրաժարվի, չի կարող Իմ աշակերտը լինել»,- այս կապակցությամբ ասել է Հիսուս Քրիստոսը (Ղուկ. 14: 33): «Սրբազանն էլ է մարդ, ով ունի մասնավոր սեփականություն եւ գույք, այսինքն` այդ մարդն իրավունք չունի՞ մեքենա ունենալ կամ մեքենա նվեր ստանալ, դրանում ի՞նչ վատ բան կա»,- ի պատասխան` հարց է տվել Արարատյան թեմի մամլո դիվանի պատասխանատու Էլզա Մանուկյանը: «Գանձեր մի՛ դիզեք ձեզ համար երկրի վրա, ուր ցեց եւ ժանգ ոչնչացնում են. […] քանի որ, ուր ձեր գանձերն են, այնտեղ եւ ձեր սրտերը կլինեն»,- փորձել է բացատրել Հիսուս Քրիստոսը (Մատթ. 6: 19-21):



«Իմ սանիկներից մեկն իմ «Մերսեդեսը» վերցրել ա եւ տեղը «Bentley» ա տվել: Էդ ինքն ուզեց՝ ես իրան տվեցի, ինքն էլ դրա տեղը դա տվեց: Ի՞նչ կա դրա մեջ»,- արդարացել է Նավասարդ Կճոյանը: Ներկայումս 1710-ամյա քրիստոնյա ազգը երկմտանքի մեջ է, թե ով է հաղթելու այս բանավեճում…



Թերեւս նաեւ այս հանգամանքն է պատճառ հանդիսացել, որ եկեղեցուն դադարել է վստահել նույնիսկ Սերժ Սարգսյանը: Չնայած գյուղնախարարի ջանքերին` եկեղեցու աջակցությամբ փրկել հայրենի գյուղատնտեսությունը, անցած շաբաթ Սերժ Սարգսյանն այս ոլորտը հայտարարեց իշխանական առաջնահերթություն` հանձնարարելով վարչապետին ու նախարարներին հաճախ գնալ գյուղ, շփվել գյուղացու հետ: Կատակը` կատակ, բայց այն հանգամանքը, որ  գյուղատնտեսության նույնիսկ իր ամենակրիզիսային ժամանակահատվածներում թքած ունենալով նրա վրա, իշխանական վերնախավը հանկարծ սկսեց այն դասել առաջնահերթությունների շարքը, բավական ուշագրավ է: Մի շարք  իրադարձությունների, ասեկոսեների տարածման եւ վերլուծությունների ֆոնին առավել ուշագրավ կլինի, եթե շուտով, ասենք, Կենտրոնական բանկի կողմից հաստատվեն փոխօգնության կարգով գյուղացիներին տրվող վարկերի մեղմացված տնտեսական նորմատիվներ, ինչպես պահանջվում է ՀԱԿ մարտիմեկյան հանրահավաքի ներկայացրած 15 պահանջներից 11-րդում:



Սա թերեւս միակ կետն էր, որի մասին կարելի էր կարծել, որ իշխանությունները կխոսեն կամ կքննարկեն պաշտոնապես կամ գոնե իմիտացիա կանեն: Հո քաղբանտարկյալներին ազատ չէի՞ն թողնելու (1-ին պահանջ) կամ վերականգնելու «Ա1+»-ի գործունեությունը (5-րդ պահանջ) եւ այլն: Բայց հետաքրքիր է նաեւ այն, որ արդեն տեւական ժամանակ է, ինչ մի շարք լրատվամիջոցների մակարդակով շրջանառության մեջ են դրված այնպիսի պաշտոնյաների հնարավոր պաշտոնանկությունների մասին լուրերը, ինչպիսիք են վարչապետ Տիգրան Սարգսյանը, ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, դատախազ Աղվան Հովսեփյանը (13-րդ պահանջ)…



Եվ երբ ուշադրություն ենք դարձնում Սերժ Սարգսյանի վերջին ելույթներում առկա ռեւերանսներին նաեւ ընդդիմության նկատմամբ (իսկ դրանք իր տեքստն ասելիս նկատել է նույնիսկ ինքը` Սերժ Սարգսյանը, հավելելով. «Ասածս որպես ռեւերանս չընդունեք, բայց, փա՛ռք Աստծո, շատ պարագաներում ե՛ւ այս կողմում, ե՛ւ այն կողմում կան մարդիկ, ովքեր ունեն մեծ փորձ, գիտեն, թե ինչ է նշանակում պետություն եւ պետականություն, ովքեր կարող են տեսնել այն սահմանը, որը կա հայրենիքի, պետականության, ազգային խնդիրների եւ քաղաքական նկրտումների միջեւ»), ակամա մտածում ես, որ իշխանությունը կամ ժամանակ է ձգում, կամ արդեն պայմանավորվածություններ է ձեռք բերել ընդդիմության հետ: Ինչեւէ, սպասենք եւս երկու օր. ՀԱԿ-ի պատասխանի ադեկվատությունն ամեն ինչ կդնի իր տեղում:



Վահագն ԹԵՎՈՍՅԱՆ