Ազատություն Սամսոնին

Ազատություն Սամսոնին
Հայ ազգային կոնգրեսի Վանաձորի անդամները երեկ հանրապետության երրորդ քաղաքի Հայքի հրապարակում բողոքի ակցիա իրականացրեցին։ Հանդես եկան ելույթներով, ապա Տիգրան Մեծ պողոտայով ուղեւորվեցին դեպի  Լոռու մարզային դատախազության շենք, վանկարկելով՝ «Սամսոն-Սամսոն»։



Հիշեցնենք, որ մարտի 13-ին, ժամը 17:00-ին իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնի բաժին բերման էր ենթարկվել բռնցքամարտի աշխարհի չեմպիոն վանաձորցի Սամսոն Խաչատրյանը։ Ըստ ոստիկանության տարածած տեղեկատվության, 2011թ. մարտի 1-ին, ժամը 18:00-ի սահմաններում Սամսոն Խաչատրյանը Երեւանի Մաշտոց-Կորյուն փողոցների խաչմերուկում չի ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, դիմադրություն է ցույց տվել եւ հարվածել` մարմնական վնասվածք պատճառելով ոստիկաններից մեկին: Ոստիկանությունում Խաչատրյանը հայտարարել է, որ քաշքշուկի ընթացքում հնարավոր է հարվածած լինի, սակայն չի կարող ասել, թե ում է դիպել հարվածը: Նրան մեղադրանք է առաջադրվել քրօր. 316 հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալը): Կատարվում է նախաքննություն։ Վանաձորյան ցույցի մասնակիցները պահանջեցին անհապաղ ազատ արձակել Սամսոն Խաչատրյանին՝ «մարդ, որը Ղարաբաղում պայքարում էր ազատության համար»։ Նրանք պնդում էին, որ Սամսոն Խաչատրյանին ձերբակալել են միայն իր քաղաքական հայացքների համար։ Ակցիայի մասնակիցները դատախազության շենքի մոտ սկսեցին վանկարկել՝ «Ազատություն», ապա ՀՀՇ վարչության անդամ Աշոտ Մանուկյանի եւ Վանաձորի ոստիկանապետ Սերգո Ավետիսյանի միջեւ տեղի ունեցավ երկխոսություն։



Իրավապահներն առաջարկեցին անցնել հաջորդ մայթ, չբղավել՝ դիմացի շենքում հիվանդներ կան: Դատախազության ներկայացուցիչը տեղեկացրեց, որ Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանն առաջարկում է 5-7 հոգով բարձրանալ իր աշխատասենյակ, սակայն բողոքողները չհամաձայնեցին, պահանջելով, որ դատախազն անձամբ դուրս գա շենքից եւ հանդիպի իրենց հետ։ Րոպեներ անց շենքից իջավ դատախազը եւ լսեց ցուցարարներին։ Աշոտ Մանուկյանը նրան ասաց, որ Սամսոն Խաչատրյանին շինծու մեղադրանքներ են առաջադրվել. «Հիմքում ընկած է Սամսոն Խաչատրյանի ակտիվությունը ազգային ազատագրման շարժման մեջ»: Մանուկյանը նաեւ տեղեկացրեց, որ կազմակերպելու են ստորագրահավաք, որին, համոզված են՝ մասնակցելու է Վանաձորի 60 տոկոսը։ Կարեն Շահբազյանն առաջարկեց իրենց պահանջը ներկայացնել գրավոր, ինչը եւ արեցին ցուցարարները։ Սամսոն Խաչատրյանի կողմնակիցներն այսօր էլ են պատրաստվում բողոքի ակցիա անել։