Չի բացառվում, որ զիջումներ պարտադրեն

Չի բացառվում, որ զիջումներ պարտադրեն
Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝  Սոչիում ստորագրած փաստաթուղթն էական բան չի տալու մեզ: Որեւէ երաշխիք չկա, որ պատերազմը չի վերսկսվի: Աստանայից հետո ղարաբաղյան գործընթացը բավական լուրջ վիճակի մեջ է հայտնվել:



Ռուսաստանի նախագահի օգնականի այն գնահատականը, որ վերջին տարիներին Հայաստանն աննախադեպ թուլացել է, Ադրբեջանը՝ ուժեղացել եւ առաջացրել է հրադադարի խախտում, ինչի արդյունքում պատերազմի վտանգն էապես մեծացել է, լիովին կիսում եմ: Այդուհանդերձ ինչ ֆորմատի հանդիպումներ էլ որ լինեն՝ եռակողմ թե Մինսկի խմբի ամբողջական ֆորմատով, դրական պետք է ընդունել. ցանկացած բանակցային պրոցես ինչ-որ իմաստով լիցքաթափում է իրավիճակը: Սակայն մեծ հաշվով Ղարաբաղի խնդիրը դժվարլուծելի հարց է, կողմերը տարբեր դիրքորոշումներ ունեն, եւ դիրքորոշումների ընդհանուր հայտարար գտնելն այսօր բավականին դժվար կլինի: Մեր կոնֆլիկտը շատ նման է Քաշմիրի, Պաղեստինի Կամ Կոսովոյի  կոնֆլիկտին, որը երկար ժամանակ չի լուծվի կամ կլուծվի ինքնորոշման սկզբունքի հիման վրա:



Բայց քանի որ Ադրբեջանն այդ սկզբունքին այսօր պատրաստ չէ, հետեւաբար չսպասենք, որ մոտ ժամանակները ընդհանուր հայտարարի կգան: Մյուս կողմից՝ չլուծված կոնֆլիկտը կամ կբերի տաք պատերազմի, կամ կոնֆլիկտը կսառեցվի: Ի դեպ, սառեցվում է այն ժամանակ, երբ կողմերից ոչ մեկը չի կարող հաջողության հասնել ռազմական ճանապարհի միջոցով: Նույն Կոսովոյում, երբ սերբական կողմը փորձեց ռազմական միջոցով լուծել այդ խնդիրը, միանգամից առաջացավ ՆԱՏՕ-ի գործոնը, արդյունքում՝ Կոսովոն ստացավ անկախություն: Այսինքն, եթե առաջանում է դիսբալանսի խախտում՝ նկատի ունեմ Հայաստանի եւ Ադրբեջանի, իսկապես առաջանում է պատերազմի վտանգ, մանավանդ որ ադրբեջանցիները երբեք չեն թաքցրել, որ իրենք, եթե խաղաղ ճանապարհով չհասնեն նպատակին, կդիմեն ռազմական գործողությունների:



Բայց քանի որ սա արդեն կապված է ոչ թե բանակցային գործընթացների հետ, այլ ներքին կյանքի, ապա այստեղ պետք է հիշել, որ ցանկացած արտաքին քաղաքականություն ներքին քաղաքականության տրամաբանական շարունակությունն է: Ներքին քաղաքականությունը թուլացնելով, օբյեկտիվորեն թուլացնում ես արտաքին քաղաքականության մանեւրի դաշտը: Հիմա Հայաստանը շատ թուլացել է, Ադրբեջանն էլ՝ ուժեղացել, վերջինս միջազգային հանրությանը հայտ է ներկայացրել, որ տեսեք՝ ես ուժեղացել եմ, ես իրավունք ունեմ ստանալու որոշակի ակցիաներ: Չի բացառվում, որ միջազգային հանրությունը, տեսնելով, որ Հայաստանը թուլացել է, պահանջի որոշակի զիջումներ: Բայց Հայաստանը զիջումների ռեսուրս չունի, ցանկացած զիջում կարող է բերել հետագայում շատ ավելի վատ վիճակի:



Միակ տարբերակը, որ դուրս գանք այս վիճակից, պետք է փոխենք ներքին խայտառակ քաղաքականությունը: Այլ տարբերակ գոյություն չունի, որովհետեւ պատերազմի պարագայում մենք հաղթելու շանս չունենք:



Երվանդ ԲՈԶՈՅԱՆ



քաղաքագետ