ՀԱԿ-ն ասում է ասելու համար

ՀԱԿ-ն ասում է ասելու համար
«Հայ ազգային կոնգրեսի ներկայացրած պահանջներին որոշ մարդիկ շտապեցին գնահատական տալ եւ նշեցին, թե այն ուլտիմատում է: Սակայն դրանով Կոնգրեսը ներկայացրել է մեր երկրի իրավիճակը եւ դրանից դուրս գալու ելքերը:



Առանց խորանալու՝ այն ներկայացվեց որպես ուլտիմատում»,- երեկ այս մասին «Հայելի» ակումբում հայտարարել է ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանը ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանի հետ բանավեճի ժամանակ: «Փաստորեն ստացվում է, որ ՀԱԿ-ն ասում է պարզապես ասելու համար, իսկ ներկայացված 15 պահանջներն էլ ապրիորի ցանկություններ են»,-նկատեց Մկրտիչ Մինասյանը:



Այդուամենայնիվ, Հարությունյանն անդրադարձավ նաեւ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի հայտարարությանը, որ ժամանակին Կոնգրեսը մեղադրում էր ՀՅԴ-ին Սերժ Սարգսյանի հրաժարականը չպահանջելու հարցում, իսկ հիմա իրենք 15 կետանոց առաջարկներում չեն պահանջում նրա հրաժարականը, եւ խորհուրդ տվեց. «Թող նա ուշադիր կարդա մեր 15 կետերը: Կետերում հստակ գրված է, որ այս հարցերից հետո մենք կնստենք ու կբանակցենք: Մեր երկրում ճգնաժամը ստեղծվել եւ ստեղծվում է կեղծված ընտրությունների հետեւանքով: Մեր գնահատմամբ՝ հետեւանքը վերացնելու ուղիղ ճանապարհը դրա բուն պատճառների վերացումն է»:



Նա հիշեցրեց, որ 15-կետանոց առաջարկների վերջում խոսվում է արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների մասին, որն իր խոսքով՝ արդեն հրաժարականի պահանջ է: Մինասյանը Հարությունյանին «հանգստացրեց», թե միայն ընդդիմությունը չի անհանգստանում երկրի վիճակով, վկայակոչելով Սերժ Սարգսյանի հրավիրած վերջին խորհրդաժողովը եւ հանձնարարականները: «Հստակ ասվել է՝ մայիս-հունիս ամիսներին մեր ժողովուրդն արդյունքը կտեսնի»,-հոխորտաց Մինասյանը: Մինչդեռ Հարությունյանը հակադարձեց. «Ի սեր Աստծո, ինչի՞ մասին եք խոսում, հենց այսօր դիզվառելիքի գները 10 դրամով թանկացել են, դա արվում է գարնանացանին ընդառաջ, իր ելույթից անմիջապես հետո...»: