Նոր հանքավայր, նոր աղետ

Նոր հանքավայր, նոր աղետ
Հրազդան քաղաքի Բանավան շրջանի բնակիչներին փորձում են տարհանել իրենց բնակարաններից եւ դրա համար ստորագրել պայմանագրերը: Նրանց առաջարկում են վարձով սենյակներ եւ խոստանում, որ մեկ այլ տեղ տուն կկառուցեն եւ կտեղափոխեն այնտեղ:



Բանն այն է, որ Հրազդանի երկաթի հանքը, որ գտնվում է հենց քաղաքի մեջ, վերջերս սեփականատիրոջ՝ Վարդան Այվազյանի կողմից վաճառվել է չինական մի ընկերության, եւ խոսվում է, որ հանքավայրը շուտով շահագործվելու է: Բնապահպանները, սակայն, բազմիցս բարձրաձայնել են, որ հանքի շահագործումը բնապահպանական եւ առողջապահական լուրջ վնասներ կարող է հասցնել ողջ քաղաքի բնակչությանը: Բնակիչները խոսում են նաեւ, որ հանքավայրերում աշխատելու են բացառապես օտարերկրացիներ: «Մարդիկ անտեղյակ են, թե ինչ են ստորագրում: Այսինքն՝ նրանք ստորագրություն են դնում փաստաթղթի վրա, մոտավորապես իմանալով, որ խոսքը գնում է Հրազդանի այդ հանքավայրի շահագործման եւ ֆաբրիկայի կառուցման մասին:



Մինչդեռ, եթե տեղափոխման հարց կա, ապա պետք է լրիվ պրոյեկտը ներկայացվի, ռիսկերը, դրանց գնահատումը, ռիսկերի նվազեցման համար ինչ է նախատեսվում եւ այլն: Փաստորեն, դա արդեն պետք է շահագործվի», ասաց «Էկոլուր» բնապահպանական կազմակերպության փորձագետ Ինգա Զարաֆյանը: Նա տարակուսանք հայտնեց, քանի որ 2009-ից այս հանքավայրի օգտագործման նախագիծը, իր խոսքով, բնապահպանության փորձաքննության արդյունքում սառեցվել էր: «Հրազդանում մոտ 2 հազար ստորագրություն էր հավաքվել ընդդեմ այդ հանքի շահագործման»,- ասաց նա՝ հավելելով. «Հավանաբար հանքը ձեռք բերած նոր ընկերության կողմից է այս ստորագրահավաքն իրականացվում, որպեսզի հակառակը փաստեն»: