Բա ձեր բանուգործի անունն ի՞նչ է

Բա ձեր բանուգործի անունն ի՞նչ է
Երեկ Երեւանի ավագանու հերթական նիստն էր, ինչպես նաեւ հարցուպատասխանի օր: Այդ պատճառով նիստին մասնակցում էին նաեւ վարչական շրջանների ղեկավարները: Բայց ավագանու օրակարգի հաստատումից հետո, երբ հերթը հասավ նիստի երկրորդ մասին՝ հարցուպատասխանին, ԲՀԿ-ականներն առաջարկեցին հետաձգել նիստը, քանի որ չեն հասցրել կարգին պատրաստվել:



Մի տեսնեիք, թե այս առաջարկին ինչ ուրախությամբ արձագանքեց ՀՀԿ-ական ֆրակցիան: Պարզվեց, որ ՀՀԿ-ականներն էլ չէին պատրաստվել եւ, «ի շնորհիվ» ԲՀԿ-ի, ազատվեցին այդ գլխացավանքից: Ամեն դեպքում, Կարապետյանը հնարավորություն տվեց պատրաստվածներին իրենց հարցերն ուղղել: Ամբիոնին մոտեցավ ՀՀԿ-ական Հրաչիկ Պողոսյանը եւ սկսեց քննադատել ավագանու աշխատանքը: «Ես կարծում եմ՝ մեր ավագանու աշխատանքը մի քիչ սկսեց հիշեցնել սովետական տարիների քաղսովետի դեպուտատների աշխատանքին, երբ, անտեղյակ լինելով, մարդիկ ուղղակի քվեարկում էին, այդպես ընդունված էր»,-սրտնեղեց ՀՀԿ-ականը:



ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐՆ ԱՅՍՈՒՀԵՏ ԱՆՎՃԱՐ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ



Երեկվա նիստի օրակարգոմ տեղ էր գտել նաեւ մի որոշման փոփոխություն, որով ապրիլի 1-ից բարձրացվելու են քաղաքապետարանի աշխատակիցների ու վարչական շրջանների ղեկավարների աշխատավարձերը, ինչպես նաեւ անվճար են դառնալու երեւանյան մանկապարտեզները: Քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը  50 հազար դրամով կբարձրանան, իսկ վարչական շրջանների ղեկավարներինը՝ 45: Ի դեպ, այս բարձրացումով պարոն քաղաքապետն ակնկալելու է կոռուպցիայի նվազում: «Մենք փորձում ենք մաքսիմալ վիճակի բերենք ու կոռուպցիոն ռիսկը քաղաքապետարանում նվազեցնենք եւ շատ լավ ակնկալում  ենք, որ առանց վարձավճարի փոփոխության դա իլյուզիա է:



Չեմ կարծում, որ էս հարցով մենք այս հարցերը լուծում ենք, բայց որոշակի ձեւով արդարությունը վերականգնում ենք աշխատակազմի նկատմամբ»: Ինչ վերաբերում  է մանկապարտեզներին, ապա Երեւանի համայնքային բյուջեից մեկ երեխայի հաշվով հատկացվելու է 18 հազար դրամ եւ  յուրաքանչյուր մանկապարտեզին՝ 500 հազար՝  հաստատուն ծախսերի համար: «Կարծում եմ՝ պրինցիպիալ որոշում է, քանի որ տրադիցիոն ցենզ էր ձեւավորվել, տարբեր մոտեցումներ տարբեր վարչական շրջաններում, մինչեւ 0-ից  8 հազար դրամ վճարման համար այսօր բոլոր մանկապարտեզներում 25 հազար երեխա է: Մենք կարծում ենք՝ այս որոշումը փոփոխելուց հետո երեխաների քանակը մանկապարտեզներում գուցե շատանա... Մենք հետեւելու ենք, որ ծախսային բանաձեւերը մանկապարտեզում լինեն օպտիմալ»,- զգուշացրեց Կարապետյանը:



 



ԴԻՏԱՐԿՈՒՄԸ ՀՈՒԺԿՈՒ ԷՐ, ԱՓՍՈՍ, ՈՐ ՓԱՍՏԱԿԱՆ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՐ



Կարապետյանն անդրադարձավ նաեւ բացօթյա առեւտրի արգելման դեմ բողոքի ակցիաներին: Նրան հատկապես վրդովեցրել էր պատգամավորների ակտիվացումը: «Բացօթյա առեւտրի հետ կապված՝ մի շարք պատգամավորներ, որոշակի ձեւով ցույց տալով իրենց անհանգստությունն այդ ժողովրդի համար, անընդհատ ինչ-որ քայլեր են ձեռնարկում: Երբ որ մենք ֆորմալ ֆիքսում ենք, մեր այսօրվա թիմը կատարում է զուտ օրենքով նախատեսված գործառույթը, որոնք որ հենց այդ պատգամավորներն են ընդունել: 2004 թվականին իրանք ընդունել են, որ փողոցային առեւտուրն արգելվում է: Եթե իրանք որոշում ընդունեն, որ բացօթյա առեւտուրը թույլատրվում է, հաջորդ օրը մենք թույլ ենք տալու:



Բայց երբ որ իրանք հիմա դուրս են գալի եւ դրա դեմ կամ քաղաքապետարանի դեմ որոշակի հարցադրումներ են դնում, իմ մոտ հարց ա առաջանում՝ ո՞ւմ եք հարց տալի, փոխեք էդ օրենքը՝ թեման փակվում ա»,- ջղային  հարցադրում արեց պարոն քաղաքապետը՝ մոռանալով, որ նշյալ պատգամավորներն Ազգային ժողով են «մտել» 2007 թվականից, երբ այդ օրենքն արդեն երեք տարվա վաղեմություն ուներ: Ի դեպ, «Ժառանգության» պատգամավորները շաբաթ օրը քաղաքապետարանում  հանդիպում ունեին, ինչին հրաժարվել էին մասնակցել, քանի որ Կարեն Կարապետյանի փոխարեն իրենց ընդունելու էր համապատասխան վարչության պետը: Կարապետյանը երեւի պատվից ցածր է համարել այդ «ճղճիմ թեման» պատգամավորների հետ քննարկել, ինչն էլ վիրավորել է վերջիններիս: