Հեղափոխություն, անցիր կողքովս

Հեղափոխություն, անցիր կողքովս
Երեկ մայրաքաղաքում ոգեւորության եւ միաժամանակ հիասթափության օր էր: Փոփոխությունների կարոտ մարդիկ միմյանց ներկայությունից թեւ առած, իսկ ավելի ուշ՝ ոստիկանության նահանջից սավառնելով, զգացել էին հեղափոխության շունչը, որն ադրենալինի հոսք էր ապահովել, ստիպել հավատալ, որ իրենց կյանքում էլ ինչ-որ բան կփոխվի, երիտասարդացրել ոմանց, ուժեղացրել մյուսներին: Դժվար է պատկերացնել, թե այդ զգացումներն ապրող մարդիկ ինչպես են տուն գնացել, երբ նրանք երիտասարդ ցլիկների նման դոփդոփում եւ պահանջում էին վճռական գործողությունների առաջնորդել իրենց ու վանկարկում էին՝ «հի-մա, հի-մա»: Առաջնորդի պատասխանն էլ է դժվար պատկերացնել. «Պետք է դադարեցնել բոլոր «հիմա»-ները, «այսօր»-ներն ու «վաղ»-երը»: Ապա՝ առավել տարօրինակ ելույթ. «Մենք շտապելու կամ իրադարձությունները փութացնելու խնդիր չունենք, համոզված լինելով, որ պայքարի հաջողությունը կախված է բացառապես մեր համբերությունից, ինքնավստահությունից, սառնասրտությունից ու կարգապահությունից»։ «Մենք բոքս չենք խաղում, այլ՝ շախմատ...»: Եվ վերջապես. մարտի 1-ին առաջ քաշած պահանջները փոխարինվում են նորերով՝ «քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակում, Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու հնարավորության ընձեռում եւ մարտի 1-ի սպանությունները բացահայտելու վերաբերյալ պաշտոնական հավաստիացում», ինչը «բավարար հիմք կարող է հանդիսանալ իշխանության հետ երկխոսություն սկսելու համար»: Ես չեմ ուզում կրկնել այն ցուցարարի կարծիքը, որը պնդում էր, թե՝ «Լեւոնը պայմանավորվել է իշխանության հետ», բայց չեմ էլ կարողանում այդ մարդուն բացատրել, թե ինչով էր պայմանավորված այս քայլն ու Ազատության հրապարակը գրաված մարդկանց տուն ուղարկելը: Գուցե իշխանության բեռը ստանձնելու վախո՞վ: