Ժողովուրդը ցնծում էր՝ համոզված, որ հաղթել է

Ժողովուրդը ցնծում էր՝ համոզված, որ հաղթել է
«Հաղ-թա-նակ, հաղ-թա-նակ, հաղ-թա-նակ». երեկ երեկոյան մոտ հարյուր հազար ազատության մարտիկ (Տեր-Պետրոսյանի հաշվարկով) Ազատության հրապարակը թնդեցրին այս կոչերով:



Վերջին անգամ նման ոգեւորություն ու հավատ,  էմոցիաների տեղատարափ Ազատության հրապարակում եղել էր 2008-ի փետրվարի այն հանրահավաքին, երբ Հանրապետության հրապարակում Սերժ Սարգսյանի միտինգին եկած քաղաքացիները միացան Ազատության հրապարակին: Հազարավոր քաղաքացիներ ցնծություն ապրեցին, երբ ոստիկանական պատը փլուզվեց, ու ժողովրդի լավան հոսեց դեպի հրապարակ: Ազատության կոչերով վազում էին դեպի Օպերայի հարթակ, որպեսզի բարձրից վայելեն մարդկանց հզոր հոսքը: Երգ ու երաժշտության ներքո կենդանացավ հրապարակը, նույնիսկ Գագիկ Ջհանգիրյանը չկարողացավ էմոցիաները զսպել ու սկսեց պարել հարթակում: Նրա պարը վարակեց ժողովրդին, խմբեր կազմեցին ու քոչարի բռնեցին:



Այնպես էին ոգեւորվել, որ ոչ երեկոյան ցուրտն էին զգում, ոչ  ժամանակը: Ավելին, սրտի տրոփյունով սպասում էին, թե Կոնգրեսի ներկայացուցիչները կավետեն անժամկետ պայքարի սկիզբը: Ընկեր-բարեկամներին հորդորում էին՝ «տաք շորեր վերցրեք, իջեք հրապարակ, նստելու ենք»: Շատերը կարծում էին, թե թավշե հեղափոխությունը սկսվել է, Սերժ Սարգսյանն էլ՝ արդեն հրաժարական տվել: Այս լիաթոք ցնծության մեջ, սակայն, մարդիկ նկատեցին ու տխրեցին, որ Տեր-Պետրոսյանը չմոտեցավ արդեն երեք օր այնտեղ հացադուլ անող Րաֆֆի Հովհաննիսյանին, որն ըստ էության բացեց Ազատության հրապարակի փակ դուռը: Մինչդեռ Կոնգրեսին ու միտինգավորներին «Ժառանգության» անդամները դիմավորեցին ուրախ բացականչություններով:



ՐԱՖՖԻՆ ԼՈՒՍԱԲԱՑԸ ԽԱՂԱՂ ԷՐ ԴԻՄԱՎՈՐԵԼ



«Ժառանգության» առաջնորդը շարունակում է «Ծոմ ազատությանը»: Երեկ առավոտվանից արեւոտ ու տաք հրապարակում տարբեր քաղաքական գործիչներ ու քաղաքացիներ էին գալիս նրան աջակցություն հայտնելու: Բարեբախտաբար, գիշերը խաղաղ էր անցել, չնայած մի քանի լակոտ-լուկուտի լկտի պահվածքին, որոնք եկել՝ ռեպլիկներ էին թողել ու հեռացել: Խաղաղ լուսաբացից տարբերվում էր կեսօրը, անհանգստություն կար:



Քանի որ առջեւում հանրահավաքն էր, ու չէր բացառվում, որ ոստիկանները Հովհաննիսյանին դուրս կհանեն հրապարակից: Որոշ մարդկանց մոտ անհանգստությունը տագնապի վերածվեց, երբ ժամը 3-4-ի կողմերը ոստիկանական ջոկատները սկսեցին վազել հրապարակով մեկ, միմյանց հրահանգելով՝ «շարվեք, ամուր, շուտ» եւ այլն: Պարզվեց՝ ոստիկանական պարիսպ են կառուցում: Կարճ ժամանակ անց արդեն այն ամուր միջնաբերդի վերածվեց: Մուտք ու ելք չկար, ավելի ճիշտ՝ մուտք չկար: Նույնիսկ «Ժառանգության» անդամները կռիվ տալուց հետո միայն կարողացան ներս մտնել: Բայց զավեշտն այն էր, որ լրագրողների համար մուտք սահմանեցին Հյուսիսային պողոտայի կողմից, իսկ երեկոյան 6-ից հետո արդեն բոլոր մուտքերը փակվեցին բոլորի առջեւ: Օպերան շրջափակող շղթան մի քանի մետր հաստության պատ էր դարձել՝ վահաններով ու դուբինկաներով զինված ոստիկաններով: Հովհաննիսյանին սատարող քաղաքացիները եւս շարժվեցին դեպի Մատենադարան, ոստիկաններով շրջապատված հրապարակը թողնելով  «Ժառանգության» առաջնորդին ու իր կուսակիցներին:



Հրապարակի պատասխանատուն երեկ Երեւանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանն էր, ում հետ էլ բանակցում էին ընդդիմության ներկայացուցիչները՝ հրապարակ մտնելու համար: Մինչ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը բանակցում էր, մենք Ներսիկ Նազարյանից հետաքրքրվեցինք հատկապես ցուցարարների քանակով:



- Ձեր հաշվարկով այսօրվա հանրահավաքին որքա՞ն մարդ է մասնակցում:



- Հիմա՝ 10 հազար, 9,5-ից մինչեւ 10 հազար:



- Նախորդ միտինգին որքա՞ն էր:



- Նախորդին՝ 11, մինչեւ 12:



- Աչքաչափ չունե՞ք, պարոն Նազարյան:



- Իմ աչքաչափն արդեն 27 տարի է:



- Իսկ ինչպե՞ս եք հաշվում:



- Դուք կիմանաք, 9 հազար 800 քառ. Մատենադարանի տարածքն ա, չհաշված ծառերը, այգիները, 8 հազար մետր: Եվ մենք ունենք հատուկ չափելու...  Մեր համար 2 հազար, հինգ հազար էս կողմ, ոչ մի տարբերություն չկա: Նկարահանվում ա եւ վերեւից հաշվվում ա:



- Ամեն դեպքում, նախորդից շա՞տ է, թե՞ քիչ այսօր:



- Նախորդից մի քիչ քիչ էր էսօր՝ ասեմ Ձեզ: