Բացառություն արեցինք ուղղակի
Հստակ էր, որ ցուցարարներին չքաշքշելու ցուցմունք էր տրվել վերեւից: Հիշեցնենք, որ այս օրերին Հայաստանում են գտնվում ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ակսել Ֆիշերը: Իսկ այսօր տարածաշրջանային այցի շրջանակում Հայաստան է ժամանում նաեւ ԵԱՀԿ գործող նախագահ Ադրոնիուս Աժուբալիսը: Ընդդիմության կողմից Ազատության հրապարակի երեկվա նվաճումից հետո Հյուսիսային պողոտայում հանդիպեցինք Երեւանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանին ու զրուցեցինք նրա հետ:
- Պարոն Նազարյան, Դուք հրահա՞նգ ստացաք՝ լքելու հրապարակը:
- Չէ, մենք մեր ծառայությունը տանում ենք, ինչի՞ լքելու:
- Ուղղակի տեսնում եմ, որ հեռանում եք հրապարակից:
- Չէ, ուղղակի քայլում ենք, էնտեղ հեռախոս չի բռնում, գալիս ենք էս կողմ, որ հեռախոսով խոսանք: Էնտեղ հեռախոսով խոսալ չի լինում: Բանակցեցինք, խոսեցինք իրար հետ, որ էնտեղ խաղահրապարակ կա, չեն վնասի, պայմանավորվեցինք, որ նորմալ, հանգիստ անցկացվի: Ճիշտ է՝ իրանք խախտեցին իրենց գրաֆիկը: Քաղաքապետարան դիմումի համաձայն՝ պետք է երթով գնային Ամիրյան փողոց, հրապարակ, Նալբանդյան եւ գային էստեղ՝ Հյուսիսային պողոտա, բայց իրենք խախտեցին: Ուղղակի մենք չուզեցանք, որ լարվածություն լինի, եւ որոշում կայացվեց, որ եթե ուզում են, թող անցկացնեն էնտեղ: Բայց իմ անհանգստությունն է, որ երեխաների խաղահրապարակին վնաս չլինի:
- Բայց սա կարող է եւ շարունակություն ունենալ ու նստացույց լինի:
- Ես չեմ կարող բացառել: Մենք ամեն ինչին պատրաստ ենք, որ անկարգություններ չլինեն:
- Այսինքն եթե նստացույց լինի, թույլ կտա՞ք:
- Ոչ:
- Ինչո՞ւ:
- Չի կարելի: Օպերայի շենքի մոտ ինչ-որ մարդիկ միջոցառումներ են անում ամեն օր, ներկայացումներ կան: Չի կարելի: Իրենց ժամանակը մինչեւ ժամը 11-ն է՝ ըստ հայտի: Կարող են մինչեւ 11-ը հանրահավաք անեն եւ նորմալ դուրս գան-գնան: Պարտադիր չի խախտել որեւէ բան:
- Իսկ այսoրվա բացառությունը կապ ունե՞ր այն հանգամանքի հետ, որ Հայաստանում են գտնվում Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողները, ԵԱՀԿ գործող նախագահը: Ասել է թե՝ այս հանդուրժողականությունը դրսի մարդկանց ինչ-որ բան ցույց տալու համար էր:
- Բացարձակ: Մենք ոչ արգելել ենք, ոչ բան: Նրանք էլ լավ հասկանում են՝ որտեղ թույլատրվում ա, էնտեղ պետք ա անել: Իսկ իրենց մոտ տենց չի՞: Որտեղ թույլ են տալիս, էնտեղ է արվում:
- Պարոն Նազարյան, սա նշանակո՞ւմ է, որ իշխանությունը, ի դեմս ոստիկանության, հանձնեց Ազատության հրապարակը:
- Ո՞ւմ հանձնեց:
- Ընդդիմությանը:
- Սա համընդհանուր հրապարակ ա: Ի՞նչ ա նշանակում՝ հանձնեց: Համընդհանուր հրապարակ է, եւ երբեք չի եղել, որ իրենք դիմեն, իշխանությունները թույլ չտան հանրահավաք անել: Բայց տեղ կա անելու, ժամ կա: Եվ պայմանավորվածությունը եղավ, խախտեցին իրենք: Կարող է մի անգամ բացառություն արեցինք ուղղակի:
- Ասել է թե՝ հաջորդ անգամ նման բացառություն չի՞ լինի:
- Ասում են՝ երբեք մի ասեք՝ երբեք, բայց եթե նորմալ պահեն իրենց, անկարգություններ չլինի, եթե քաղաքում չորոշեն ինչ-որ անկարգություններ անեն, հնարավոր է բանակցենք: Երբ որ ամեն ինչը նորմալ ա լինում, մենք ինքներս տրամադրված ենք լինում, որ...: Պետք չի էդ ամեն ինչը կապել ղեկավարության հետ: Հասարակական կարգի պատասխանատուն մենք ենք, ես եմ: Պետք չի կապել՝ իրանք որոշեցին, թողեցին, չթողեցին: Դա մեր որոշումն էր, իմ եւ պարոն Աֆյանի:
- Նախորդ հանրահավաքների ժամանակ ոստիկանությունն անգամ թույլ չի տվել մոտենալ Ազատության հրապարակին: Նաեւ այսօր ցերեկը բռնություն է կիրառվել հրապարակ մտնել փորձող «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի նկատմամբ, ում թույլ չէին տալիս մտնել հրապարակ:
- Տենց բան չկա: Ամբողջ օրը ով ուզեցել ա, մտել ա, ինչքան ուզեցել ա, մտել ա՝ եւ ՀԱԿ-ի անդամները, եւ սովորական ժողովուրդը: Նման բան բացառվում ա:
- Իսկ «Ազատություն» ռադիոկայանի վիդեոկադրե՞րը:
- Ի՞նչ կադրեր: Ես տեղյակ չեմ:
- Պարոն Նազարյան, փաստորեն, այսօր կրկին փակ էին ճանապարհները, մարդիկ չէին կարողանում գալ քաղաք:
- Ո՞ր ճանապարհները: Նման բան չկա, մի հատ օրինակ բերեք:
- Մեր խմբագրությունն այսօր առավոտվանից ահազանգեր է ստանում մարզերի քաղաքացիներից, որ չեն կարողանում Երեւան գալ: Տաքսիստների վարորդական վկայականներն են հավաքել, սպառնացել են տուգանել:
- Մեր ոստիկանապետը լավ բան ասեց. մարդ կա՝ չի ուզում գա, ասում ա՝ ճամփեն փակ ա:
- Պարոն Նազարյան, եթե բարձրաստիճան եվրոպացիները Երեւանում չլինեն, ի՞նչ է սպասվելու ընդդիմությանը, որը հավանաբար հաջորդ անգամ եւս կփորձի մտնել հրապարակ:
- Իսկ ինչի՞ անպայման պիտի փորձեն մտնել էնտեղ:
- Այսօր արդեն մարդիկ իրար շնորհավորում էին: Հնարավոր է նաեւ շուրջօրյա հանրահավաքներ սկսվեն:
- Թույլ չենք տա նման բան: Մնալ, փակել՝ թույլ չի տրվելու: Ես Ձեզ ասեմ:
- Հիմիկվանից սպառնո՞ւմ եք ընդդիմությանը:
- Չէ, ինչի՞ եմ սպառնում: Իրենց ժամկետի մեջ՝ խնդրեմ, թող անեն: Թույլ չենք տա մտնեն, ինչ-որ պալատկաներ խփեն, թույլ չենք տա նման բան:
- Իսկ ի՞նչ կանեք այդ դեպքում:
- Հասարակական կարգը կպահպանենք:
Կարծիքներ