Արդյոք արմավիրցիները կկարողանա՞ն փոխել քաղաքապետին
Քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, ով այդ պաշտոնը զբաղեցնում է 2004-ից, ինչպես բոլոր ընտրովի կամ նշանակովի պաշտոնյաները՝ փորձում է վերարտադրվել: Պաշտոնը զարմանալի հմայք ունի, եւ ոչ ոք չի ուզում կամավոր հրաժարավել դրանից: Մյուս թեկնածուները, որ տարիքով ավելի երիտասարդ են, համարում են, որ Խլղաթյանի համար դա բավարար է, եւ եկել է իրենց ժամանակը: Ի պատասխան իր հասցեին հնչող քննադատության՝ Խլղաթյանն ասում է. ջահելները թող խելքները գլուխները հավաքեն: Այսինքն, հույս չունենան, թե այդքան հանգիստ հրաժարվելու եմ: Մի քանի տողով ներկայացնենք թեկնածուներից յուրաքանչյուրին:
Ռուբեն Խլղաթյանը Հայաստանի անկախացման շրջանն անցկացրեց երկրից դուրս` Ռուսաստանում, որտեղ կուտակեց իր նախնական կապիտալը եւ Հայաստան վերադարձավ, երբ կյանքն այստեղ կամաց-կամաց կարգավորվում էր: 2002-ին նա տեղի գավառական համալսարանի ռեկտորին ընտրությունների միջոցով նշանակեց քաղաքապետ, իսկ ինքը դարձավ նրա տեղակալը: 2004-ին քաղաքապետը ստիպված էր «սրտի նոպա» ունենալ, որպեսզի հրաժարական տա եւ նրա փոխարեն արտահերթ ընտրություններում քաղաքապետ ընտրվի Ռուբեն Խլղաթյանը: Այն հերոսական տարիներին նա հավաստիացնում էր, որ ինքը բիզնեսմեն է, աչք չունի քաղաքի բյուջեի եւ սեփականության վրա եւ իր նպատակը համայնքի բնակիչների բարեկեցությունն է:
Հետագա տարիները ցույց տվեցին, որ Արմավիրը դարձավ նրա բիզնեսի մի մասը, դրանից բխող բոլոր հետեւանքներով: Ինչ վերաբերում է նրա քաղաքական հայացքներին կամ կողմնորոշմանը, ապա Խլղաթյանն իր գործունեության առաջին տարիներին մտերիմ հարաբերություններ ուներ ՀՅԴ մի շարք գործիչների հետ, բայց հետո հասկացավ, որ ավելի հեռանկարային է լինել ՀՀԿ անդամ, եւ խնամիական կապեր հաստատեց Ռուբեն Հայրապետյանի հետ: ՀՀԿ-ն պաշտոնապես պաշտպանում է նրա թեկնածությունը, իսկ Արմավիրի մարզպետ, ՀՀԿ մարզային կազմակերպության ղեկավար Աշոտ Ղահրամանյանը նրա վերընտրությունը համարում է իր հեղինակության հարցը եւ բոլոր գյուղապետերին պարտադրում ակտիվորեն մասնակցել ընտրարշավին, բայց ոչ այն պատճառով, որ գնահատում եւ արժեւորում է քաղաքապետին, այլ գիտակցում է, որ ՀՀԿ-ական քաղաքապետի պարտությունը կարող է թանկ արժենալ իր կարիերայի համար:
Խլղաթյանի հիմնական մրցակիցը Արմավիրի ավագանու անդամ Սեւակ Մինասյանն է, ով Խլղաթյանին քննադատում է ավագանին իր սեփական նպատակների իրականացման գործիքը դարձնելու մեջ: Չնայած Խլղաթյանն իշխանության թեկնածուն է, բայց Մինասյանի թեկնածությունը կարող են պաշտպանել որոշ իշխանական կառույցներ, քանի որ նրա հայրը՝ Սեդրակ Մինասյանը, Արմավիրի մարզի դատախազի տեղակալն է, մայրը նոտար է: Ազգականներ ունի պետական այլ կառույցներում եւս, ինչը շատերին հիմք է տալիս կարծելու, որ պետական կամ իշխանական էլեկտորատի ձայները կարող են կիսվել: Բայցի այդ, Սեւակ Մինասյանը վայելում է երիտասարդության համակրանքը, եւ շատերը համարում են, որ արդար ընտրությունների դեպքում նա հաջողության հասնելու իրական հնարավորություն ունի:
Մյուս թեկնածուն Առնակ Գեւորգյանն է, ով մինչեւ առաջադրվելը ՀՅԴ անդամ էր, բայց թեկնածությունն առաջադրելու պահին կուսակցությունը նրան նախ կախակայեց, ապա ընդհանրապես հեռացրեց շարքերից: ՀՅԴ այս պահվածքը պաշտոնապես բացատրվում է նրանով, որ ավագանու ընտրությունների ժամանակ Գեւորգյանն առաջադրվել է ավագանու թեկնածու եւ պարտվել է: ՀՅԴ-ն մտահոգություն ունի, որ եթե պաշտպանի նրան, ապա Առնակ Գեւորգյանի պարտությունը կարող է վերագրվել ամբողջ կուսակցությանը: Ընդհանրապես, ՀՅԴ-ն պարտվելու տոտալ վախի մեջ է: Ինքը՝ Գեւորգյանը համարում է, որ եթե կուսակցության անդամներից մեկը ցանկություն ունի պայքարելու եւ հաղթելու, ապա կուսակցությունը պետք է կանգնի իր անդամի կողքին եւ ոչ թե նրան հետ պահի պայքարից կամ թողնի մենակ: Գեւորգյանը մի ժամանակ մտերիմ հարաբերություններ է ունեցել գործող քաղաքապետի հետ, աշխատել է նրա խորհրդականի պաշտոնում, բայց հիմա քննադատում է նրան, հայտարարելով, թե բյուջետային միջոցները նպատակային չեն օգտագործվում:
Քաղաքապետի մյուս թեկնածուն մինչեւ 2007թ. խորհրդարանական ընտրությունները Արմավիրի մարզի դատախազի տեղակալ աշխատած Կարեն Վարդանյանն է: 2007-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ նա առաջադրեց իր թեկնածությունը, հրաժարվեց պաշտոնից, բայց հետո դուրս եկավ ընտրապայքարից, քանի որ գործ էին խոստացել: Բայց խոստումը մնաց անկատար: Նա ծնվել է Ախալքալաքում եւ իր հիմնական ընտրողներին համարում է Արմավիրում ապրող ախալքալաքցիներին: Եթե նույնիսկ բոլոր ախալքալաքցիները նրան ձայն տան, դա, միեւնույն է, բավարար չէ հաղթելու համար: Բայց բացի ընտրություններում հաղթելը, կա դրանց մասնակցելու այլ շարժառիթ եւս: Վարդանյանը թերեւս ձգտում է ցույց տալ, թե որքան էլեկտորատ ունի Արմավիրում: Նա մի ժամանակ ուզում էր դառնալ ՕԵԿ Արմավիրի կառույցի ղեկավար եւ այդ մասին պայմանավորվածություն ուներ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ: Բայց ՕԵԿ ղեկավարությունը մարզային կառույցի ղեկավար նշանակեց Լենդրուշ Մանուկյանին, ով կարողացել էր ՕԵԿ ղեկավարությանը համոզել, որ ինքն ավելի մեծ թվով կողմնակիցներ ունի մարզում: Արթուր Բաղդասարյանը Վարդանյանին առաջարկել էր դառնալ Մանուկյանի տեղակալը, սակայն նա հրաժարվել էր: Հիմա Վարդանյանը փորձելու է ապացուցել, թե ինչքան մեծ հենարան ունի ինքն Արմավիրում, որը կարող է ՕԵԿ ղեկավարությանը ստիպել փոխելու իր վերաբերմունքը նրա նկատմամբ:
Մարտի 16-ին Արմավիրի ԱԼՏ հեռուստաընկերությունը կազմակերպել էր կլոր սեղան, որին հրավիրել էր բոլոր չորս թեկնածուներին. հրավերն ընդունել էին բոլորը, բացի գործող քաղաքապետից: Բոլոր երեք թենածուներն էլ խոսում էին փոփոխությունների անհրաժեշտության եւ փոփոխություններ իրականացնելու իրենց կարողության մասին: Արմավիրցիներն իսկապես ուզում են փոփոխություններ, բայց բոլորի մոտ նստած է այն ներքին վախը կամ կասկածը, որ, միեւնույն է՝ ոչինչ էլ չի փոխվելու, քանի որ կա գործող քաղաքապետին պաշտպանելու ՀՀԿ որոշում: Այս հարցում շատ բան կախված է նաեւ կենտրոնական իշխանությունից, որը չպետք է ամեն գնով կառչի անցյալից ու անցյալի դեմքերից, որքան էլ նրանք ժամանակին ընտրական կամ այլ բնույթի ծառայություններ մատուցած լինեն իշխանությանը: Երեւի իմաստ ունի ընդառաջել հասարակության փոփոխությունների ձգտմանը, եւ այդ դեպքում գուցե այդ ծառայությունների անհրաժեշտությունը եւս վերանա, քանի որ հասարակության կարծիքի անտեսումը քաղաքապետի եւ ընդհանրապես՝ տեղական ընտրությունների ժամանակ առաջացնում է նմանատիպ ընտրական ծառայությունների մատուցման անհրաժեշտություն համապետական ընտրությունների ժամանակ:
Աշոտ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարծիքներ