Ի՞նչ էր ուզում անել «Սիվիլիթասը»

Ի՞նչ էր ուզում անել «Սիվիլիթասը»
Մարտի 17-ին «Սիվիլիթաս» հիմնադրամի կողմից կազմակերպվել էր միջոցառում, որին երեւի թե ամենամոտիկը կսազեր «հասարակական բանավեճի փորձ» անվանումը (չնայած «հասարակական» տերմինն օգտագործելիս նախ պետք է ինքներս մեզ հարց տանք՝ իսկ կա՞ արդյոք հասարակություն, որպես այդպիսին, այսօրվա Հայաստանում):



Խորագիրն էլ բավական գրավիչ ու առավել հրատապ թեմայով էր` «Թանկացումներ, համաշխարհային գնաճ, հայկական մենաշնորհներ»: Հրավիրված բանախոսներն էլ, բնականաբար, բոլորը տնտեսագետներ էին` մարդիկ, որոնք առավելագույնս իրենց ասելիքը պետք է ունենային հարցադրման ու ընդհանրապես` երկրում այսօր ստեղծված իրավիճակի ու դրանից դուրս գալու հնարավոր ուղիների շուրջ: Եվ եթե անկախ տնտեսագետ Սամվել Ավագյանի անունը շատերին կարող էր անծանոթ լինել, ապա ԱԺ պատգամավոր, ՀՅԴ ներկայացուցիչ Արա Նռանյանին եւ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանին ներկայացնելու կարիք չկա:



Այս ամենով հանդերձ, չգիտես թե ինչին վերագրես այն դատարկության ու հիասթափության զգացումը, որով լքում ես նման միջոցառման վայրը. բանախոսների` ասելիք չունենալո՞ւն (չնայած նրանց արհեստավարժության ու բանիմացության մեջ կասկածելու բարոյական իրավունք չունենք), բանավեճը վարողի` սրություն չպարունակող, ուրեմնեւ` աննյութ պատասխանի համար հող նախապատրաստող հարցադրումների՞ն, այդ ամենին այդպես էլ գրեթե անհաղորդ մնացած ներկաների ներգրավվածությա՞նը, թե՞ միգուցե ի սկզբանե էլ հիմնադրամը նպատակ ուներ մի հերթական միջոցառում անցկացնել, ֆինանսավորողների «դաբրոն» ունենալ եւ իր մասին հիշեցնել, որպես մեր հասարակական կյանքին արյուն ներարկող մի օղակ: Այն, որ իշխանական մարմիններն այսօր ի վիճակի չեն երկիրը հանել ստեղծված վիճակից, պարզ է բոլորիս, այն, որ մեղավոր են մենաշնորհները, չինովնիկները եւ առաջին հերթին կառավարությունը, որը երբեք չի ունեցել ու չունի իր կողմից մշակված տնտեսական քաղաքականություն, նույնպես պարզ է: Սակայն արդյո՞ք այս ամենի մասին մի հերթական անգամ լսելու համար էր այդքան մարդ հրավիրվել: Թե՞ մենք պետք է հաշտվենք այն իրողության հետ, որ մեզանում առողջ կառուցողական միտքն ու առաջարկն արդեն միայն երազանք են դառնում: Միթե նման միջոցառումներով որոշ կազմակերպություններ ընդամենը նպատակ ունեն իրենց միջազգային դրամաշնորհների հաշվին հասարակական հատվածի ակտիվության պատրանք ստեղծել (հասկանալի է` ոմանց աչքում):



Ցավն այն է, որ այսօր, ինչպես երբեք, առողջ մտքի, նոր առաջարկի խիստ կարիք կա, բայց նաեւ` դրա նույնքան խիստ դեֆիցիտ, եւ չի երեւում այդ բացը «լցնելու» որեւէ միտում կամ անգամ փորձ: Իսկ նման միջոցառումները միայն էլ ավելի են խորացնում մեր այն տագնապը, թե արդյո՞ք երբեւէ որեւէ մեկն ի վիճակի է ինչ-որ բան ասելու եւ առավել եւս` անելու...