Զոհերի ծնողները չեն հավատում բանակցություններին ու հայտարարություններին

ԵՊՀ հեռակա բաժնի 2-րդ կուրսի ուսանող 20-ամյա Ահարոնը ծառայում էր ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի Ասկերանի շրջանում: Մարտի 17-ին, ժամը 17:30-ի սահմանում ադրբեջանական կողմից արձակված գնդակից նա հրազենային մահացու վնասվածք է ստացել ուսի շրջանում, եւ նրա կյանքը փրկել չի հաջողվել: Ըստ ԼՂ ՊԲ հայտարարության, դեպքից անմիջապես հետո վիրավորը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 18:59-ին մահացել է: Պաշտպանության բանակի տարածած հաղորդագրությունում նշվում է. «Այն, որ ադրբեջանական բանակի կողմից ձեռնարկված հերթական նախահարձակ գործողությունն իրականացվել է մարտի 5-ին Սոչիի եռակողմ պայմանավորվածության շրջանակում տեղի ունեցած գերիների փոխանակումից ընդամենը մեկ ժամ հետո եւ գրեթե նույն պաշտպանական հատվածի դիրքերից մեկում, խոսում է այն մասին, որ ադրբեջանական կողմը ոչ միայն չի հարգում հրադադարի պահպանման ռեժիմը, այլեւ միտումնավոր կերպով փորձում է շրջանցել հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ցանկացած առաքելություն: Հանգամանք, որն անտարակույս՝ պետք է իր արժանի գնահատականը ստանա ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմամբ զբաղվող միջազգային կազմակերպությունների կողմից»:
Ահարոնը Սոչիում մարտի 5-ին Հայաստան-Ադրբեջան բանակցությունների ֆոնին վերջին երկու շաբաթվա 3-րդ զոհն է: Մարտի 13-ին Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում հուղարկավորեցին եւս մեկ երիտասարդի՝ 19-ամյա Արթուր Աղաբաբյանին: Վերջինս մարտի 10-ին, ժամը 18:20-ին մահացել է ադրբեջանական գնդակից: Արթուրը ծառայում էր Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում: Նրա ծնողները, ովքեր Ռուսաստանում էին ապրում, Հայաստան վերադարձան միակ տղային հուղարկավորելու համար: Արթուրի մայրը՝ տիկին Անահիտը, երեկ չկարողացավ խոսել մեզ հետ: «Ամսի 10-ին ինձ մի ընկեր ա զանգել, ասել՝ սենց բան ա եղել, երեխեն վիրավոր ա: Ես էլ զանգել եմ-ճշտել, որ վիրավոր չի, երեխեն տեղում էլ մահացել ա»,- մեզ հետ զրույցում պատմեց Արթուրի քեռին՝ Արամ Ավալյանը: Նրա խոսքով՝ Արթուրը վիրավորվել է կողքից, փայծախն է վնասվել: «Երեխեն 20 րոպե չի ապրել խփելուց հետո: Ինքը շատ համեստ, շատ կրթված երեխա էր: Ռուսաստանում մեծացած էր, բայց Հայաստանը շատ էր սիրում: Իր ծառայությունից էլ շատ գոհ էր: Շատ սիրում էր գիրք կարդալ, ասում էր՝ ծառայությունից հետո անպայման սովորելու եմ: Մի կրակոց է եղել: Դիպուկահար է կրակել: Ես կուզեի, որ մեր երեխեն էնտեղ չգնար, մնացած երեխեքն էլ, բայց դե որ հնար չունենք: Համ էլ՝ հայրենիքի համար ա»: Զոհված զինվորի քեռին չի հավատում ոչ բանակցություններին, ոչ հրադադարին, ոչ էլ դեպքերի առթիվ հետաքննություն անելու ԵԱՀԿ հայտարարություններին: «Էս արդեն որերորդ անգամն ա: Ոչ մի բան չկա, ի՞նչ հավատ: Մենակ մեր երեխեն չի: Ամեն օր էլ նույնը կատարվում ա: Ո՞վ ա դրա պատասխանը տալու: Ոչ մեկը»,-ասաց նա: Նա լուծումը տեսնում է Ղարաբաղի հարցի լուծման մեջ: «Ղարաբաղի հարցը պետք ա անպայման լուծվի, որ պրծնենք սենց բաներից: Ես երեք տղա ունեմ, էս դեպքից հետո չգիտեմ ոնց եմ երեխաներին բանակ ուղարկելու»:
Ադրբեջան-Հայաստան բանակցություններից առաջ մարտի 4-ին ադրբեջանցիների կողմից սպանվեց Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի բնակիչ, 20-ամյա Գրիգոր Շախկյանը: Գրիգորի վշտահար հայրը՝ Արամ Շախկյանը, երեկ չցանկացավ պատասխանել դեպքի հետաքննության առթիվ մեր հարցին: «Ես վրդովված եմ, չեմ ուզում ոչ մի բան ասեմ: Իմ երեխեն գնալուց հետո ուզում ա Ղարաբաղի հարց լուծեն, ինչ ուզում ա անեն, ինձ էդ չի հետաքրքրում»:
Երեկ Երեւանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսը Հայաստանի արտգործնախարարությունում նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է. «Եթե դուք ցանկանում եք բանակցություններում առաջընթաց ունենալ, նախեւառաջ դուք պետք է կրճատեք լարվածությունը: Եթե դուք խաղաղություն եք ցանկանում, դուք չեք կարող զենքերն ուղղել միմյանց դեմ: Եկեք դիպուկահարներին հեռացնենք շփման գծից, եկեք ստեղծենք 24 ժամ գործող թեժ գիծ: Կարծում եմ, որ եթե այս միջոցառումներն իրականացվեն, կօգնեն կրճատել լարվածությունը: Իսկ եթե լարվածությունը կրճատվի, այն կօգնի բանակցություններում հաստատել ավելի խաղաղ, ավելի ջերմ մթնոլորտ»: Ապա մանրամասնել է, թե հայկական կողմին առաջարկել է միակողմանիորեն ետ քաշել դիպուկահարներին շփման գծից, ինչը «բարի կամքի դրսեւորման լավ օրինակ կլիներ»:
«Այդ եւ նման առաջարկները կարող են տեղ գտնել այն դեպքում, երբ կողմերը ցուցաբերեն կառուցողական մոտեցում: Մենք այսօր հիմք ունենք հայտարարելու, որ Ադրբեջանն արդեն այս տարիների ընթացքում մի քանի անգամ խախտել է նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, եւ նման իրավիճակում մենք չենք կարող մեզ թույլ տալ պարոն Աժուբալիսի առաջարկությունն ընդունելու»,- ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպումից հետո հայտարարեց ԼՂ նախագահ Բակո Սահակյանը: Ըստ նրա՝ նման առաջարկը գործնականում կարող է քննարկվել միայն այն դեպքում, երբ տեսանելի լինի ադրբեջանական կողմի կառուցողական մոտեցումը, «իսկ մինչ այժմ հիմք ունենք հայտարարելու, որ Ադրբեջանը բազմիցս խախտել է ձեռք բերված համաձայնությունները, եւ այդ պարագայում դիպուկահարների միակողմանի դուրսբերումը սահմանից անթույլատրելի է»,- ասաց նա։
Հանդիպման ժամանակ խոսվել է նաեւ սահմանային միջադեպերի մասին, որոնք առավել հաճախակիանում են բանակցային գործընթացի առանցքային փուլերում։ Լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք ԵԱՀԿ-ն չի տեսնում այդ միջադեպերին արձագանքելու ավելի կոշտ հնարավորություններ, Բակո Սահակյանն ասել է, որ հայկական կողմը միարժեք կողմ է, որ ԵԱՀԿ-ն իր լիազորություններն օգտագործի այդ հարցում լիարժեքորեն եւ պատժամիջոցներ կիրառի։
Կարծիքներ