Գողանում են ընտրողին

Գողանում են ընտրողին
Կիրակի օրը Սյունիքի մարզի Կաղնուտ համայնքում  գյուղապետի ընտրություններում առաջադրված ՀՀԿ անդամ, գործող գյուղապետ Արթուր Հովհաննիսյանի եւ ԲՀԿ անդամ, ոչ մի տեղ չաշխատող Կարեն Փարամազյանի միջեւ թեժ պայքար է սպասվում։



83 ընտրող ունեցող գյուղում արդեն մի քանի շաբաթ է, կրքերը չեն հանդարտվում։ Սովորական կենցաղային վեճերը թեկնածուների կողմնակիցների միջեւ վերածվում են ծեծկռտուքի։ Հանրապետականները, ըստ մեր տվյալների, ծեծել են ԲՀԿ թեկնածուի կողմնակիցներից մեկին, ով բացահայտ ասել է, որ քվեարկելու է Փարամազյանի օգտին։ Հանրապետական թեկնածուի թիմակիցներն էլ պնդում են, որ ԲՀԿ-ն կաշառք է բաժանում։ Երկու թեկնածուներին էլ թվում է, թե իրենք են հաղթելու։ Գործող գյուղապետ  Արթուր Հովհաննիսյանը վստահ է, որ իրեն կհաջողվի 4-րդ անգամ էլ դառնալ գյուղապետ։ «Պաշտոնավարման 10 տարիների ընթացքում արդարացրել եմ ընտրողներիս շահերը»,-ասում է նա։ ԲՀԿ-ական Կարեն Փարամազյանն էլ գտնում է, որ արդեն հոգնել են ներկայիս գյուղապետից, ու գյուղին նորություն է պետք։ «Կաղնուտը պիտի բարգավաճի, ու առաջին հերթին, եթե ես ընտրվեմ, դպրոց եմ բացելու»,-ասում է ԲՀԿ-ական թեկնածուն։ Չնայած երկու թեկնածուներն էլ պնդում են, որ քաղաքակիրթ ընտրապայքար է, ու հերքում են, որ վիճակը լարված է, ԲՀԿ Կապանի տարածքային կառույցից ուրբաթ օրն ասացին, որ իրենց ընտրողներից հավաքում են անձնագրերը։ «Վերցնում են անձնագրերը, ասում են՝ կիրակի կտանք, բայց...»,-ասում են Գագիկ Ծառուկյանի կուսակիցները։ Ավելին, վերջիններիս խոսքով, գյուղից առեւանգել են ընտրողներից մեկին՝ Գրիշա Բեգլարյանին։



Նրան, ըստ կաղնուտեցիների, տարել է հենց իր եղբոր տղան։ «Գրիշան, նստելով մեքենան, ասաց, որ զանգեք տղերքին ասեք, որ ինձ գողանում են, ասում են, որ պիտի քվեարկեմ ՀՀԿ-ին, բայց չեմ ուզում»,-պատմում են գյուղացիները։ Իսկ Գ. Բեգլարյանի եղբորորդին Կապանի թիվ 3 դպրոցի  տնօրեն էդվարդ Բեգլարյանն  է ու հորեղբորն ասել է, որ իրեն ճնշում են, նույնիսկ «գործից կհանեն, եթե 3 օրով չթաքցնի հորեղբորը»։ ԲՀԿ Կապանի տարածքային կառույցից զանգահարել են տվյալ տնօրենին, զգուշացրել, որ «քվեարկության օրը ընտրողը պետք է գյուղում լինի»։ Տնօրենը փորձել է արդարանալ, բայց ԲՀԿ-ականները, չցանկանալով լսել նրան, անջատել են հեռախոսը։ Ի դեպ, թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը պաշտոնապես ոչ մի բողոք-դիմում դեռ չի ստացել։



ՀԳ - Երեկ ուշ երեկոյան տեղեկացանք, որ Գրիշա Բեգլարյանին ետ են բերել, բայց անձնագիրը չեն վերադարձրել:



Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ