Մթնոլորտը պետք է փոխվի

Մթնոլորտը պետք է փոխվի
Սոչիում նախագահների հանդիպումից, եռանախագահների հայտարարություններից հետո թվում էր՝ գոնե դիպուկահարների հարցը պետք է լուծում ստանա, սակայն չկա օր, որ մենք շփման գծից կրակոցների ու զոհերի մասին տեղեկություններ չստանանք: Մի բան պարզ է, որ ոչ մի ամենաբարձր մակարդակի պայմանավորվածություն դեր չի խաղում. զոհերը կան եւ լինելու են, քանի դեռ այս անհասկանալի՝ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակը շարունակվում է: Ես պատկերացնում եմ, թե ինչ է կատարվում երեկ զոհված 20-ամյա տղայի տանը: Պատկերացնում եմ, թե ինչ տագնապ ու վախ է պատել բոլոր այն տներին, որոնք բանակում ծառայող զավակ ունեն: Հասկանում եմ նաեւ, թե ինչ ապրումներ կարող են ունենալ բանակի ու երկրի ղեկավարները, որոնք չեն կարող չզգալ իրենց պատասխանատվությունը, ինչու չէ՝ նաեւ մեղքն այս անմեղ զոհերի, այս ընդհատված կյանքերի, այս իրավիճակի համար: Բայց փաստ է, որ ոչինչ չի փոխվում: Մանավանդ՝ եթե ականջ դնես բանակից եկող սահմռկեցուցիչ պատմություններին: Երեկ, օրինակ, մեր լրագրողներից մեկն ասում էր, թե ինչ է պատմել բանակում ծառայող իր եղբայրը. սահմանի վրա դիպուկահարների կրակոցներից տղաները զոհվում են այն ժամանակ, երբ դիրքերից դուրս են գալիս օղու շշերը հեռացնելու համար: Զոհվում են ամենախեղճերը, քանի որ հրամանատարներն ու «կռուտոյները» հենց նրանց են հանձնարարում բլինդաժից դուրս գալ եւ տարբեր ծառայություններ մատուցել իրենց: Ես չգիտեմ որքանով է այս ամենն իրական, բայց գրում եմ այս մասին, որ հասարակության, բանակի ղեկավարության ուշադրությունը հրավիրեմ սրա վրա: Բանակում բարոյահոգեբանական վատ, ամոթալի, ստորացուցիչ մթնոլորտ է տիրում, եւ բանակում կատարվող շատ երեւույթների դեմ պետք է պայքարել այդ մթնոլորտը շտկելով: