Հայաստանի ապագան՝ 3 նախագահների եռանկյունուց դուրս

Հայաստանի ապագան՝ 3 նախագահների եռանկյունուց դուրս
Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի մասնակիցների կողմից Ազատության հրապարակը «վերանվաճելուց» հետո քննարկման թոփ թեման երկու հարց է՝ ինչո՞ւ Լեւոն Տեր-Պետրոսյանը չմոտեցավ Րաֆֆի Հովհաննիսյանին եւ ինչո՞ւ վճռական տրամադրված զանգվածին Ազատության հրապարակից տուն ուղարկեց:



Քննարկվող հարցերից էր նաեւ, թե ինչո՞ւ Րաֆֆի Հովհաննիսյանը հարթակ չբարձրացավ: Թեման բուռն քննարկվում էր հատկապես սոցիալական ցանցերում, որտեղ կրքերն այնքան էին թեժացել, որ բանը հասել էր անձնական վիրավորանքների: Հանրահավաքից առաջ կանխատեսումներ էին արվում, թե ինչպես են զարգանալու ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» հարաբերությունները Մատենադարանի հարթակում հրավիրված հանրահավաքից հետո: Ոմանք կանխատեսում էին, որ հանրահավաքի մասնակիցները երթով կգան եւ կփորձեն մտնել Ազատության հրապարակ՝ Րաֆֆի Հովհաննիսյանին ողջունելու, սակայն ոստիկանները թույլ չեն տա: Ոմանք էլ բացառում էին հրապարակ մտնելու տարբերակը: Ինչեւէ, ժողովուրդը մտավ հրապարակ, սակայն ընդդիմության ներկայացուցիչները եւ մասնավորապես Լեւոն Տեր-Պետրոսյանը Րաֆֆի Հովհաննիսյանի կողմն անգամ չնայեց:



«Ամեն մեկն ունի իր ներքին արժեքային համակարգը, իր մարդկային կերպարը եւ նաեւ իր քաղաքական դիմագիծն ու դիրքորոշումը։ Եթե դերերը հակառակը լինեին, մենք լինեինք հարձակվող, իսկ մյուսը՝ հացադուլի մեջ, ես կարող եմ ասել, որ ով էլ լիներ հացադուլի մեջ գտնվող համաքաղաքացին, նախագահ լիներ թե շարքային քաղաքացի, իշխանական գործիչ թե ընդդիմադիր, ես կփորձեի առաջինը լինել իրեն այցելելու եւ զորակցելու եւ իր հետ կիսելու իր ցավը եւ նաեւ իր պահանջը լուծելու հնարավորությունը։ Այս դեպքում ես, կարող եմ ասել, նման ակնկալիքով չէի լցված։ Ես եթե լինեի, ես կանեի»,-երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով արդեն հինգերորդ օրն է՝ հացադուլի մեջ է: Հարցին, թե ինչպես է գնահատում Լեւոն Տեր-Պետրոսյանի քայլը, նա պատասխանեց. «Ես չեմ ուզում գնահատել որեւէ մեկի գործունեությունը կամ անգործությունը։ Ես կատարում եմ իմ քաղաքացիական պարտքը եւ ներկա եմ եղել նաեւ Ազատության հրապարակում հանրահավաքին եւ ողջունում եմ այդ հանրահավաքի կայացումը եւ ժողովրդի վերադարձը Ազատության հրապարակ»:



Սակայն Րաֆֆի Հովհաննիսյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի քայլը գնահատեց ոչ որպես քաղաքական մշակույթի պակաս, այլ որպես քաղաքական դիրքորոշում եւ միեւնույն ժամանակ ավելացրեց. «Այդ քաղաքական դիրքորոշումը չի նպաստելու հասարակության եւ ազգի միասնության համատեղման, իրավատիրության օրակարգին, այլ՝ հակառակը: Կոչ չեմ անում, ոչ էլ խնդրում եմ կամ պահանջում, բայց արժի, որ բոլոր-բոլորը հիմա վերանայեն իրենց սեփական դիրքորոշումը եւ ինչու չէ՝ նաեւ քաղաքական մշակույթի իրենց պատկերացումները»: «Ժառանգության» առաջնորդը ողջունեց Ազատության հրապարակ մտնելը, սակայն նշեց, որ մեկ-երկու ժամով գալ-գնալն այնքան էլ նպատակահարմար չէ, եւ հայ ժողովրդի ներկայությունն այդ հրապարակում պետք է անընդմեջ եւ տեւական լինի: Հակառակ դեպքում՝ «առանձին-առանձին, ինքնագոհ դասական քաղաքական պայքարով ընթանալը նշանակելու է հերթական հիասթափություն, կործանման խորացում: Լուծումները պետք է լինեն հիմա, որին քաղաքակիրթ տարբերակով պետք է մասնակցեն գործող իշխանությունները, ընդդիմությունը եւ ամենակարեւորը՝ հասարակությունը»:



Ըստ նրա՝ հիմնականում անձնական, հոգեբանական, բարդույթային խնդիրները թույլ չեն տալիս, որ ընդդիմադիր դաշտը միավորվի, «որպեսզի մարդիկ կարողանան վեր կանգնել անցյալի սեփական սխալներից, անցյալի հակասություններից եւ հասկանան, որ միայն մի հրապարակում կանգնելով է, որ կկարողանանք հասնել երանելի նպատակին: ...Հայաստանի ապագա բարօրությունը պետք է դիտարկել 3 նախագահների եռանկյունուց դուրս»: Րաֆֆի Հովհաննիսյանը բացառեց իր եւ ՀԱԿ-ի միջեւ ցանկացած տիպի ներքին պայմանավորվածություն, իսկ իր՝ հարթակ չբարձրանալը մեկնաբանեց հետեւյալ կերպ. «Ես արդեն 3 օր հրապարակում էի, հացադուլի մեջ, իմ նստակյաց տեղում՝ մեր պետական դրոշի կողքը: Ժողովրդի մուտքը հոտնկայս ողջունեցի: ՀԱԿ-ի իմ գործընկերները բարձրացան հարթակ եւ հայտարարեցին ՀԱԿ-ի միտինգի մասին: Այսինքն՝ դա հռչակվեց ոչ թե համաժողովրդական, համազգային հավաք, այլ ՀԱԿ-ի հավաք»:



Երեկ փորձեցինք ՀԱԿ-ից պարզաբանումներ ստանալ այս  հարցերի վերաբերյալ, սակայն ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը մեր հարցերին հրաժարվեց պատասխանել, ասելով՝ «առանց մեկնաբանության»: