Պայմանավորված էի՞ն

Պայմանավորված էի՞ն
Եթե հիշում եք, ՀԱԿ-ի վերջին հանրահավաքից առաջ ՀԱԿ ներկայացուցիչները հայտարարեցին, որ իրենց մոտ նոր մարդիկ են ելույթ ունենալու: Հետո, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ բեղերը սափրել ու հացադուլ-նստացույց է անում, ՀԱԿ-ին հարող մամուլը բավականին կոպիտ արձագանքեց Րաֆֆի Հովհաննիսյանի այդ քայլին:



Հացադուլ հայտարարելուց հետո, երբ Րաֆֆի Հովհաննիսյանին հարցրեցին՝ կմիանա՞ արդյոք ՀԱԿ-ի առաջիկա հանրահավաքին, ասաց, որ չի պատրաստվում լքել Ազատության հրապարակը (այդ հարցն իմ կարծիքով՝ անգամ պրովոկացիոն էր): Ինչեւէ, դատելով այս ամեն ինչից, իմ մոտ տպավորություն կա, որ կար նախնական պայմանավորվածություն Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի միջեւ, որը կարծես այդպիսով խախտվեց: Ինչի հետեւանքով էլ եղավ այն, ինչ եղավ. Լեւոն Տեր-Պետրոսյանը մարտի 17-ի ընդդիմության հանրահավաքին Ազատության հրապարակում չմոտեցավ Րաֆֆի Հովհաննիսյանին: Այդուամենայնիվ, արտառոց ոչինչ չկա. նախընտրական PS է, որը բավականին սուր է սկսվել: Սա վերաբերում է նաեւ ընդդիմադիր դաշտին, ի վերջո, ընդդիմադիր դաշտում էլ, չէ՞, կա մրցակցություն: Բնական է, որ ամեն մեկը պետք է փորձի յորղանը իր վրա քաշի: Րաֆֆի Հովհաննիսյանը էլեկտորատի խնդիր ուներ, դրա՞ համար այդ քայլին գնաց, հստակ չեմ կարող ասել, բայց որ դա ընդդիմադիր գործչի նախընտրական փուլի ակցիա է, միանշանակ է:



Անգամ կանխատեսելի չէ՝ այդ ակցիան դրական ազդեցություն կունենա՞ «Ժառանգություն» կուսակցության համար: Ժամանակը ցույց կտա: ...Որ կա իշխանության եւ ՀԱԿ-ի փոխադարձ հարաբերությունների ջերմացում, միանշանակ տեսանելի է: Բայց հստակ չի կարելի ասել, որ հեղափոխական տրամադրությունները ՀԱԿ-ի կողմից «ջարդվեցին» իբր իշխանություն-ընդդիմություն փոխհամաձայնության արդյունքում: Մանավանդ որ՝ նույն ՀԱԿ-ն ասում է, որ գնալու են թավշյա հեղափոխության եւ ոչ թե արյունոտ հեղափոխության: Նրանք ամեն օր իրենց քայլերով ուզում են ապացուցել, ցույց տալ, որ փողոցում ուժեղանում են: Ի դեպ, նույնն անում է իշխանությունը՝ ցույց տալով, որ այդպես չէ: Օրինակ, վերջիններս հանրահավաքին հայտարարեցին, որ իրենք են բացել Ազատության հրապարակը: Այսինքն՝ ուզենայինք, շուտ կբացեինք... Ամեն դեպքում, ժամանակը ցույց կտա՝ էս պահի համար որքա՞ն արդյունավետ էր ընդդիմության որդեգրած մարտավարությունը: Հիասթափված է հասարակությունը ՀԱԿ-ի պահվածքից, թե ոչ, դա էլ ժամանակը ցույց կտա, կտեսնենք՝ այսուհետ կլինե՞ն այդպիսի բազմամարդ հանրահավաքներ:



Կարեն ՔՈՉԱՐՅԱՆ



ընտրական տեխնոլոգ