Չսթափվելու իրավունք չունենք

Չսթափվելու իրավունք չունենք
Ժամանակին Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանի կատարած արտառոց հրավերի կապակցությամբ հայտարարեց, թե ինքը Գյուլին Հայաստան չէր հրավիրի:



Նկատենք, որ Վլադիմիր Պուտինը մինչ օրս Դմիտրի Մեդվեդեւին չի ասել, որ ինքն Էրդողանի հետ այսպիսի «շուխուր» չէր բարձրացնի 1921թ. Մոսկվայի ռուս-թուրքական, այսպես կոչված, պայմանագրի 90-ամյակի կապակցությամբ: Ինչի՞ մասին է խոսում այս` առաջին հայացքից անհամեմատելի թվացող համեմատությունը: Միայն մեկ բանի` թե Ռուսաստանը եւ թե Հայաստանը առաջնորդվում են Ռուսաստանի շահերով: Նոնսե՞նս: Ռազմավարական դաշնակիցների փոխհարաբերության առումով` այո, իսկ ահա ռուսական շահի տեսանկյունից` ոչ:



Այստեղ հարկ է հիշել Սոչիի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներից հիասթափված Սերժ Սարգսյանը հայ քաղաքական վերլուծաբանների շուրթերով շտապեց հայտարարել, որ Սոչիում գրեթե ոչինչ տեղի չի ունեցել, որեւէ առաջընթաց չի գրանցվել: Մի քանի օր անց, սակայն, Լատվիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահն անդրադարձավ Սոչիի եռակողմ բանակցությունների կարեւոր նշանակությանը` ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման գործում: Ի՞նչ փոխվեց: Մեր կարծիքով` Ռուսաստանին ձեռնտու չէր ղարաբաղյան խնդրի լուծման գործընթացում իր դերակատարության նշաձողի իջեցումը համաշխարհային հանրության աչքին, եւ  Սերժ Սարգսյանն այդ մասին համապատասխան մեսիջ ստացավ անմիջապես: Նախագահի բացատրություններին հեւիհեւ հետեւեցին հայ վերլուծաբանները, բայց արդեն Սոչիում առանձնապես բան տեղի չունեցավ, սակայն մի քանի հարցերի կապակցությամբ ձեռք բերվեցին ահա այս, այս եւ այս պայմանավորվածությունները, միանգամայն նոր տոնայնությամբ եւ Ռուսաստանի դերակատարության կարեւոր շեշտադրումներով:



Չի բացառվում, որ Սոչիում Սերժ Սարգսյանն անակնկալի է եկել Դմիտրի Մեդվեդեւի դիրքորոշումից: Կասեինք` նրա ադրբեջանամետ եւ թուրքամետ հանկարծահաս դիրքորոշումից, որին պետք էր սպասել Հյուսիսային Աֆրիկայի եւ արաբական աշխարհի մի շարք երկրներում տեղի ունեցած գլոբալ տեղաշարժերից հետո: Արեւմուտքի այս աննախադեպ առաջխաղացումը մեր մայրցամաքում դարձյալ եւ այս էլ որերորդ անգամ Ռուսաստանին եւ Թուրքիային (իսկ այսօր՝ նաեւ Ադրբեջանին) դրդում է մերձեցման եւ կանգնեցնում ժողովրդավարական ալիքի դեմ համատեղ ուժերով պայքարելու հրամայականի առաջ:



Այս ֆոնի վրա, ահա, Ֆրանսիայի արտգործնախարարը ելույթ է ունենում իր երկրի խորհրդարանում եւ հայտարարում, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի ազգերի ինքնորոշման սկզբունքի հիման վրա` հասկացնելով հայերիս, թե ով է մեր իսկական բարեկամը: Ճիշտ այդ օրերին Սերժ Սարգսյանն սկսում է խորհրդակցություն խորհրդակցության հետեւից անցկացնել, բարեփոխումներ կատարելու կուրս է վերցնում, ինչն անխոս՝ 180 աստիճանով տարբերվում է այն գործընթացներից, որոնք Ադրբեջանում եւ Թուրքիայում աչքի ընկան ընդդիմության ելույթները ճնշելու կոշտությամբ: Սերժ Սարգսյանը գնաց բոլորովին այլ ճանապարհով. փոփոխություններ կատարելու իր ծրագրերի բարձրաձայնմամբ նախ` զսպեց արեւմտամետ ընդդիմության ծայրահեղականությունը եւ ապա` ԱԺ նախագահին ու վարչապետին գործուղեց Եվրոպա` ռազմավարական գործընկեր Ռուսաստանին ու չարակամ հարեւաններին հասկացնելով, որ Հայաստանն այլընտրանքներ այնուամենայնիվ ունի: Պետք է ասել, որ ռուս-թուրքական նոր մերձեցմանն արժանի պատասխան էր սա, եւ Եվրոպան ու Արեւմուտքն էլ ըստ արժանվույն գնահատեցին այս քայլը: Հայաստանը նոր ծագող աստղ Եվրամիության դրոշի վրա` սա էր Հայաստանի ջանքի գնահատականը, որ հնչեց Եվրոպայից: Ի՞նչ է սա` Հայաստանը դառնում է երկրորդ Վրաստա՞ն: Այդ պատճառո՞վ գուցե Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցները վախեցան իջնել ներքեւ եւ անձամբ ընդունել հայ երիտասարդների բողոքի նամակը` ուղղված Մոսկվայում գրկախառնվող Մեդվեդեւին ու Էրդողանին: Գուցե: Իսկ գուցե չցանկացան վշտացնել Էրդողանին ու Ալիեւի՞ն, ովքեր այսօր այնքա՜ն պետք են Ռուսաստանին: Դա Հայաստանի համար արդեն կարեւոր չէ:



Կլինե՞ն նոր, խոշոր վարկեր եւ ՀՀ տնտեսությունը փոսից հանելու գործնական քայլեր Արեւմուտքի կողմից, Արեւմուտքը կնկատի՞ մեր կողմից փոփոխություններն առաջ տանելու վճռականություն, մինչեւ վերջ կկանգնի՞ ղարաբաղյան խնդիրը ազգերի ինքնորոշման սկզբունքով լուծելու որոշման վրա` ցույց կտա միայն ապագան, բայց ինչ էլ լինի, մենք ստիպված ենք հաշտվել այն մտքի հետ, որ պատմությունը հերթական պտույտն է կատարել ի շրջանս յուր, եւ Հայաստանը, Ռուսաստանն ու Թուրքիան հայտնվել են ճիշտ այն իրավիճակում, որ գոյություն ուներ 1921 թվականի մարտին: Այն ժամանակ մենք մնացինք ռուսական մուրճի եւ թուրքական սալի արանքում: Այն ժամանակ էլ Արեւմուտքի ձեռնարկները` փրկել Հայաստանի օրինավոր պետությունը, կիսատ մնացին: Այսօր մենք իրավունք չունենք մոռանալու այդ դասը: Մենք քսանամյա անկախ երկիր ենք, մենք անգերագնահատելի ձեռքբերումներ ունենք, որոնցից անգամ մեկ հետքայլի իրավունք չունենք: Մենք մեր մեջ պետք է գտնենք այդ ուժը` ողջ հայ ժողովրդի, մեր երկրի ընդդիմության եւ, իհարկե, մեր երկրի իշխանության համախմբման մեջ: Չսթափվելու իրավունք պարզապես չունենք:



Աշոտ ՍԱՀԱԿՅԱՆ