Կոալիցիան «սղղացնում է» իր նախագիծը

Կոալիցիան «սղղացնում է» իր նախագիծը
Ազգային ժողովը երեկ ավարտեց Ընտրական օրենսգրքում կոալիցիոն ուժերի առաջարկած փոփոխությունների քննարկումը: Այն այսօր կդրվի քվեարկության: Սա այն օրինագիծն է, որ կոալիցիան, ի դեմս պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի, անցյալ տարի հունիսին թաքուն ներկայացրել էր ԵԽ Վենետիկի հանձնաժողովին՝ փորձագետներին հավաստելով, թե ընդդիմությունը տեղյակ է այդ փոփոխություններին:



Կատարվածը բացահայտվել էր այն ժամանակ, երբ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձագետները եկել էին Երեւան ու հանդիպել «Ժառանգության» պատգամավորների հետ: Ինքը` Դավիթ Հարությունյանը, մեր թերթին տված հարցազրույցում հայտարարեց, թե նման բան չի ասել, ու որ փորձագետները, եթե նման բան են ասում, ճիշտ չեն ասում: Այնուհետեւ «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն հանդես եկան Ընտրական օրենսգրքի համատեղ փոփոխություններով ու դրանք ուղարկեցին Վենետիկ: Մինչ այդ  ԱԺ-ն հասցրել էր մերժել «Ժառանգության» առաջարկած ԸՕ-ն: ԸՕ կոալիցիոն առաջարկի առթիվ ՀԱԿ-ը հայտարարեց, որ ինքը դրան չի մասնակցում, քանի որ իր առաջարկություններն արդեն իսկ ուղարկել է ԵԽԽՎ, իսկ այդ փոփոխությունը իշխանությունը ներկայացնում է՝ ասելու համար, թե 2008թ. խայտառակ ընտրությունների ու մարտի 1-ի պատճառը ոչ թե իրենց ապօրինի գործողություններն էին, այլ վատ ԸՕ-ն:



Երեկ կոալիցիայի ներկայացրած օրինագծի քննարկումներն ընթացան կիսադատարկ դահլիճում: «Ժառանգությունը» հայտնի պատճառներով չէր մասնակցում, իսկ ՀՅԴ-ն ԸՕ կոալիցիոն փոփոխությունը հռչակեց իմիտացիա: «Ակնհայտ է, որ Հայաստանում ժողովրդավարական միջոցներով ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու ավանդույթ չկա: Վստահություն առաջացնելու համար հարկավոր է իշխանության եւ ընդդիմության համաձայնության արդյունքում ստեղծել Ընտրական օրենսգիրք, մինչդեռ արդեն իսկ ակնհայտ է, որ մենք չենք գնացել ընդդիմության եւ իշխանության համաձայնության, նրանց մոտեցումները մոտեցնելու ճանապարհով»,- Դաշնակցության անունից հայտարարեց Արմեն Ռուստամյանը: Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ Հանրապետականը կողմ է քվեարկելու առաջին ընթերցմամբ քննարկվող նախագծին:



ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը եւ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իրենց խմբակցությունների անունից հայտարարեցին, որ «կողմ են» նախագծին: Ըստ այդմ՝ կոալիցիան գտնում է, որ բանակը պետք է մասնակցի քվեարկությանը, որ ընտրության օրը տեղամասերում անընդմեջ տեսանկարահանում իրականացնելը նպատակահարմար չէ, իսկ ընտրությունից հետո ընտրական ցուցակները ենթակա չեն հրապարակման: Դավիթ Հարությունյանը զինվորներին ընտրական իրավունքից զրկելը համարում է սխալ, քվեարկության ողջ օրվա նկարահանումը` ծախսատար, ընտրական ցուցակների չհրապարակումը` ընտրության գաղտնիությունն ապահովելու միջոց: Կոալիցիան փորձում է կանոնակարգել նաեւ բարեգործության հարցը: «Կային բազմաթիվ հարցադրումներ, որ բարեգործության անվան տակ իրականացվում է քարոզչություն: Ուստիեւ առաջարկվում է նոր մոտեցում, համաձայն որի՝ բարեգործական կազմակերպությունները, որոնց անվանումները կարող են նմանեցվել, կամ որոնք կարող են ասոցացվել որոշակի կուսակցություններին, թեկնածուներին կամ կուսակցությունների դաշինքին, նրանք նախընտրական քարոզչության ժամանակ իրավունք չունեն իրականացնելու բարեգործություն»,-հայտարարեց Դավիթ Հարությունյանը: Ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած մեկ թեկնածուի առկայության դեպքում նոր ընտրությունները կնշանակվեն, որպեսզի  հնարավորություն լինի այլընտրանք ապահովելու:



Կոալիցիան առաջարկում է փոխել ընտրական հանձնաժողովների ձեւավորման կարգը. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 7 անդամներին 15 թեկնածուներից նշանակում է երկրի նախագահը, թեկնածուներին առաջադրում են մարդու իրավունքների պաշտպանը, Փաստաբանների պալատի եւ վճռաբեկ դատարանի նախագահները: Ընտրատարածքային հանձնաժողովների նախագահներին նշանակում է ԿԸՀ-ն: Ներկա կարգի համաձայն` թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեն նաեւ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը: Դա կշարունակի գործել միայն տեղամասային ընտրական հանձնաժողովներում: Փոփոխություններով սահմանված է նաեւ ընտրական հանձնաժողովի անդամի ետկանչի մեխանիզմը:



Երեկ Դաշնակցությունը խորհրդարանին ներկայացրեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների իր՝ այլընտրանքային տարբերակը: Ի տարբերություն իշխող կոալիցիայի՝ Դաշնակցությունը կողմ է տեսանկարահանմանն ու ընտրացուցակների հրապարակմանը, ինչպես նաեւ էլեկտրոնային քվեատուփերի ներդրմանը, երբ յուրաքանչյուր պահի հնարավոր կլինի իմանալ, թե քանի քվեաթերթիկ կա տուփում:



ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ իրենց օրինագծի ընդունումը հիմքեր կստեղծի իսկապես ժողովրդի իշխանության ձեւավորման եւ հաստատման համար:



Ակնհայտ է, սակայն, որ իշխող կոալիցիան հակված է անցկացնելու իր՝ Դավիթ Հարությունյանի գրած տարբերակը, որով փորձելու է ապահովել սեփական վերարտադրությունը, ուստի այսօր քվեարկելու է դրա օգտին: