ՀՀԿ-Ն հաղթեց ԲՀԿ-ԻՆ

ՀՀԿ-Ն հաղթեց ԲՀԿ-ԻՆ
Սյունիքի մարզի 6 համայնքներում մարտի 20-ին անցկացվել են ՏԻՄ ընտրություններ: Դրանցից 4-ում վերընտրվել են ՀՀԿ-ական գործող գյուղապետերը:



Կաղնուտում վերընտրվել է Արթուր Հովհաննիսյանը, Շուռնուխում` Հակոբ Արշակյանը, Լորում` Դավիթ Առուստամյանը, Գորիսի Որոտան համայնքում` Սուրեն Օհանջանյանը: Համայնքի ղեկավարի համար թեժ պայքար է ծավալվել Կապանի տարածաշրջանի Կաղնուտ համայնքում, որտեղ, ի տարբերություն մյուս երեք համայնքների, առաջադրվել էր ոչ թե մեկ, այլ երկու թեկնածու` գործող ՀՀԿ-ական գյուղապետի հետ նաեւ ԲՀԿ-ական Կարեն Փարամազյանը: Այստեղ 81 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 76-ը, որոնցից 40-ն իր ձայնը տվել է ՀՀԿ-ական, իսկ 33-ը` ԲՀԿ-ական թեկնածուի օգտին: 3 քվեաթերթիկ համարվել է անվավեր: Հիշեցնենք, որ այս համայնքում կոալիցիոն կուսակցություններն իրար մեղադրում էին կաշառք բաժանելու, ընտրող առեւանգելու, ծեծկռտուքի մեջ:  Քվեարկության օրվանից  2 օր առաջ էլ ՀՀԿ-ն գողացել էր ԲՀԿ-ի ընտրողներից մեկին՝ Գրիշա Բեգլարյանին: Հետո բաց էին թողել, բայց անձնագիրը պահել էին: Ի դեպ, Գ. Բեգլարյանն այդպես էլ չի գնացել քվեարկության: