Ղարաբաղի հարցի շահարկումները

Ղարաբաղի հարցի շահարկումները
Դեռ ղարաբաղյան պատերազմի սկզբից ես ընկերներիս եւ ծանոթներիս շրջապատում միշտ ասել եմ, որ այս պրոցեսը տեւելու է բազմաթիվ տասնամյակներ եւ նույնիսկ ավելի, քանի որ մոտ ապագայում ոչ մի նախադրյալ չկա, որ կողմերի իրարամերժ կարծիքները գոնե մի փոքր համընկնեն:



Վստահ եմ, որ այսօրվա ստատուս քվոն էլ շարունակվելու է տասնամյակներ, եւ դրա համար կան շատ պարզ տրամաբանական նախադրյալներ: Ադրբեջանցիները միշտ էլ սահմանի ամբողջ երկարությամբ, այսպես ասած, բոռի կծոցներ են անելու բազմաթիվ պատճառներով, եւ դրանցից ամենակարեւորը պարտվածի սինդրոմը չէ, այլ իր ժողովրդին եւ արտասահմանյան հասարակությանն այդ հարցի վրա «տաք» պահելու իմաստը:



Միանշանակ ուզում եմ շեշտել նաեւ, որ մեր բանակը պարտավոր է միշտ պատրաստ լինել ամեն մի ոտնձգության, քանի որ խաղաղ ապրելը՝ ուժեղ լինելն է: Սակայն հենց այստեղ նշեմ, որ եւ Հայաստանի բոլոր փորձագետները (դիմադիր թե ընդդիմադիր), իշխանություններն ու կուսակցական գործիչները, արտասահմանյան կազմակերպությունների ներկայացուցիչները տրամաբանության հետ բացարձակ կապ չունեցող եզրակացություններ են անում, թե շուտով պատերազմ է սկսվելու, եւ եթե Ադրբեջանն իմանա, որ ինքը մի քիչ ուժեղ է, անմիջապես կհարձակվի: Ես առավել քան հավատացած եմ, որ այդ բոլոր հրապարակումներն ունեն տարբեր եւ հաճախ շատ վատ հետին մտքեր: Դրանց մեծ մասը՝ նպատակ հարցերի սլաքն ուղղել ուրիշ ուղղությամբ: Ես վստահ եմ, որ նույնիսկ տասնամյակների կտրվածքով հնարավոր չէ լայնածավալ պատերազմական գործողությունների վերսկսում, եւ դրանում «մեղավոր» են բազմաթիվ տրամաբանական հասկացություններ:



ա) Պատերազմն իր ուզած վախճանին հասցնելու համար Ադրբեջանը պետք է գնա բլից կրիգի եւ այն ավարտի ամենաշատը 2-3 օրում, որպեսզի համաշխարհային հասարակությունը չհասցնի ուշքի գալ, բայց սա առնվազն միամտություն է, նույնիսկ, եթե նրա բանակը 10-20 անգամ հզոր լինի:



բ) Պատերազմ սկսելու համար Ադրբեջանի կամ Հայաստանի ղեկավարությունից, կարելի է ասել, համարյա ոչինչ կախված չէ: Պատերազմ հնարավոր է միայն ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի, այն էլ շատ մեծ ցանկության դեպքում, որը տեսանելի ապագայում գոյություն չունի: Դա, իհարկե, կախված չէ մեր կամ ադրբեջանցիների «սիրուն աչքեր»-ի հանդեպ սիրուց, քանի որ եւ ԱՄՆ-ն, եւ Ռուսաստանը, մեղմ ասած, թքած ունեն մեր երկու ժողովուրդների վրա: Ուղղակի նրանց շահերից չի բխում այդ պատերազմը: Նույնիսկ այն, որ վերջին տարում Ադրբեջանը զգալի զինտեխնիկա է գնում Ռուսաստանից, եւս մեկ անգամ ապացուցում է, որ Ռուսաստանին պետք չէ այդ պատերազմը, քանի որ նա չի կարող օգնել ոչ Հայաստանին, ոչ էլ Ադրբեջանին: Հակառակ դեպքում դա կլինի Ռուսաստանի կովկասյան քաղաքականության վերջնական կրախը, եւ դա Մոսկվայում չեն կարող չհասկանալ: Քանի դեռ Ադրբեջանում նավթ ու գազ կա, եւ քանի դեռ Աֆղանստանում հարցերը չեն կարգավորվել, ապա եւ ԱՄՆ-ին, եւ Եվրամիությանը, եւ Ռուսաստանին այդ պատերազմը պետք չէ:



գ) Հենց այդ նավթագազային խողովակաշարերը, որոնք անցնում են Ղարաբաղի սահմաններին մոտ, Հայաստանի համար, խաղաթղթերի լեզվով ասած՝ «կոզրի տուզերն» են: Ես զարմանում եմ, թե ինչու այդ մասին Հայաստանում ոչ մեկը չի ասում: Նույնիսկ անհավանական պատերազմի սկսման դեպքում հայկական զորքերի միակ եւ գլխավոր թիրախը պետք է հանդիսանա այդ խողովակաշարերի պայթեցումը հեռահար զենքերով` հենց Ղարաբաղի տարածքից, եւ Ադրբեջանը մանկիկի նման ծնկի կգա: Իհարկե, նա շատ լավ էլ հասկանում է դա եւ այդ պատճառով էլ չի կարող լայնամասշտաբ պատերազմ սկսել:



դ) Վստահ եմ, որ պատերազմի դեպքում պարտվող երկրի իշխանությունները փլուզման վտանգի տակ կհայտնվեն եւ դա հասկանալով՝ պատերազմ չեն սկսի:



դ) կետի արդյունքներից մեկն էլ այն է, որ Ղարաբաղի հարցի շուրջ ընթացող բանակցությունները լրիվ «պրոֆանացիա» են, եւ բանակցության բոլոր կողմերը, ներառյալ Մինսկի խումբը, սոսկ «քրտնաջան» աշխատանքի տպավորություն են թողնում, բայց որից ոչ մի միլիմետր առաջընթաց չկա եւ չի էլ կարող լինել, քանի դեռ հիմնական կողմերի տեսակետները գոնե մի փոքր չեն մոտեցել:



Անպայման ուզում եմ շեշտել, որ հայկական բանակը պետք է պիոներական ողջույնի խոսքի նման «միշտ պատրաստ» լինի եւ կարողանա արժանի հակահարված տալ վերոհիշյալ «բոռի կծոցներին»: Դրա համար շատ կարեւոր է նաեւ բարոյահոգեբանական լավ մթնոլորտը մեր բանակում, որը, մեղմ ասած՝ ցավոք, այդպես չէ:



 



ՀԳ 1 - Հայաստանում կա մի աքսիոմա եւս. ոչ թե լսիր, թե նա ինչ է ասում, այլ տես, թե ով է ասում: Կամ՝ ինչպես կասեր Կոզմա Պրուտկովը, խորացիր արմատի մեջ (зри в корень):



 



ՀԳ 2 - Դիմադիր եւ ընդդիմադիր կողմերից լսվող այն պնդումը, թե առանց Ղարաբաղի հարցի լուծման Հայաստանում ժողովրդավարության հաստատում չի կարող լինել, մտացածին է եւ սին: Դրանք բացարձակապես տարբեր խնդիրներ են եւ ոչ մի կապ չունեն իրար հետ: Առավել եւս` հանգիստ կարելի է ապացուցել, որ ժողովրդականության հաստատման դեպքում մենք Ղարաբաղի հարցում շատ ավելի լավ արդյունքների կհասնենք:



 



Գագիկ ՂԱՐԱԳՅՈԶՅԱՆ



ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու