Ազատամարտի՞կ է Արթուրը, թե՞ ոչ

Ազատամարտի՞կ է Արթուրը, թե՞ ոչ
Արագածոտնի մարզի Կաքավաձոր փոքր համայնքը Արցախյան ազատամարտին չէր կարող դիտորդի կարգավիճակում դիտել, թե ուրիշներն ինչպես են կռվում: Մեսրոպ Մխիթարյանը, Կայծեր Շեկիկյանը, Վահե Բաղդասարյանը հերոսաբար ընկան Արցախում, իսկ Անանիա Խաչատրյանը պատերազմից ամիսներ հետո իր մահկանացուն կնքեց հայրենի գյուղում:



Մարտակերտի շրջանում զոհված բժիշկ Վահե Բաղդասարյանի մասին այսօր էլ լեգենդներ են շրջում: Մատաղիսի զինվորական կարեւորագույն հենակետերից մի քանիսը կոչվում են նրա անունով` «Վահե 1», «Վահե 2», «Վահե 3»: Կաքավաձորցի Արթուր (Արեւշատ) Սահակյանին բախտ վիճակվեց պատերազմից ողջ վերադառնալ: Մեծացրեց, դաստիարակեց երեք երեխաներին, որոնցից Արտավազդն այսօր ծառայում է ազգային բանակում: Արթուրն ապրում է հայրական տանը եւ երազում տղաներից մեկի համար տուն կառուցել: «Բայց մինչ տուն կառուցելը,- պատմում է Արթուրը,- ցանկացա մի վագոն-տնակ ունենալ հողամասում: Երբեք չեմ շահարկել իմ ազատամարտիկ լինելը, հայրենիքից ոչինչ չեմ պահանջել, մանավանդ որ այսօր երկիրն այնքան էլ երանելի վիճակում չէ»:



Անցյալ տարի Արթուրը նամակով դիմել է Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին, որպեսզի հարեւան Օթեւան գյուղում եղած երեք անօգտագործելի եւ գրեթե անպիտան վագոն-տնակներից մեկը հատկացնեն իրեն: Մարզպետարանում, մինչ Արթուրի նամակին պատասխան տալը, փորձել են ճշտել՝ Արթուրը մասնակցե՞լ է Արցախյան ազատամարտին, թե՞ ոչ: Այս պատմության մեջ զավեշտն այն է, որ Արագածոտնի մարզպետ Ս. Սահակյանն ավարտել է Կաքավաձոր գյուղի միջնակարգ դպրոցը, իսկ մարզպետի գլխավոր խորհրդական Սարգիս Մուրադյանը ծնվել-մեծացել եւ այժմ էլ ապրում է նույն գյուղում: Ավելին` նախկինում եղել է Կաքավաձոր համայնքի ղեկավար: Եվ դժվար թե չիմանային, որ Արթուրն իրոք մասնակցել է Արցախյան ազատամարտին: Մենք տեղեկացանք, որ մարզպետարան են հրավիրել Օթեւանի համայնքապետ Բրո Ֆաթոյանին, ով պատճառաբանել է, թե վագոն-տնակներում պետք է տեղադրի համայնքապետարանը: Փորձեցինք ճշտել, թե այսօր վագոն-տնակները ծառայո՞ւմ են այդ նպատակին, եւ պարզեցինք, որ ոչ միայն չեն ծառայում, այլեւ անցյալ տարի համայնքապետն ամիսներ շարունակ բացակայել է հանրապետությունից եւ հիմա էլ է բացակայում:



Բացի այդ, երեք վագոն-տնակներից երկուսը լիովին բավարար էին գրեթե մշտապես բացակայող գյուղապետին գյուղապետարանի թղթերը պահելու համար: Սակայն այս պատմության մեջ սա այնքան էլ էական չէ: Գուցե կարեւոր էլ չէ իշխանությունների վերաբերմունքը Արցախյան ազատամարտի մասնակիցների նկատմամբ, որովհետեւ վաղուց արդեն ձեւավորվել է մի իրավիճակ, երբ իշխանությունները խուսափում են անխուսափելիից, իսկ անխուսափելին Սահմանադրությամբ իրենց վերապահված լիազորություններն են, եւ ակամա հայտնվել են հակառակ դիրքերում` ազատամարտիկի հետ, ուսուցչի հետ, շինականի հետ:



Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ