Երբ «2» են ստանում դասախոսները

Երբ «2» են ստանում դասախոսները
«Հիմա էլ ես եմ լիկվիդ թողնելու, տեսնեմ ինչ ա անում»: Գեւորգը սովորում է Երեւանի պետական համալսարանի առաջին կուրսում: ԵՊՀ-ում 2003 թվականից անցկացվում է  դասախոսների գնահատում ուսանողների կողմից:



Հարցաթերթիկը, որով գնահատում են դասախոսներին, կազմվել է հոգեբանների, սոցիոլոգների եւ այլ մասնագետների կողմից: Այն մինչ օրս բազմիցս լրամշակվել է՝ պահպանելով հիմնական կառուցվածքը: Այստեղ ընդգրկված են հարցեր,  որոնք ենթադրում են բացահայտել դասախոսի աշխատանքի տարբեր կողմերը՝ ուսանողների հետ արտալսարանային աշխատանք, առարկայի հանդեպ  կոմպետենտություն, ինքնուրույն աշխատանքի խրախուսում, լսարանում  կարգապահության պատշաճ մակարդակ եւ այլն: Հարցումն անցկացվում է ամեն կիսամյակ՝  նախորդ կիսամյակում դասավանդած դասախոսների վերաբերյալ: Ինչպես Հանրային ռադիոյին տված հարցազրույցում նշել է ԵՊՀ ուսումնամեթոդական վարչության պետ Հրանտ Ժամհարյանը, հարցմանը մասնակցելը պարտադիր է, բայց թերթիկը լրացնելը՝  ոչ: «Դա ուսանողի իրավունքն է»,-ասել է նա:



«Ես բոյկոտեցի հարցումը: Ի՞նչ իմաստ ունի  անել մի բան, որ արդյունք չի տալու»,- ասում է  Կարենը, ով բուհում սովորում է  արդեն երկրորդ տարին: Ըստ պարոն Ժամհարյանի՝ ուսանողի թերահավատությունը անհամբերությունից է: «Նրանք ուզում են մի օր գնահատեն, երկրորդ օրը իրենց ցածր գնահատականով դասախոսը հեռացվի աշխատանքից: Բայց լուրջ խնդիրներն այդպես չեն լուծվում»,-ասում է  նա:



Հարցման արդյունքները յուրաքանչյուր կիսամյակից հետո ամփոփվում են, ուղարկվում ֆակուլտետներ՝ ամբիոնների նիստերում քննարկվելու: Ամբիոնի վարիչը պարտավոր է դասախոսին իրազեկել իր ստացած գնահատականի մասին: Հարցաթերթիկում կա նաեւ մի հատված, որտեղ ուսանողը կարող է գրել իր նկատառումները, անհատական  դիտողությունները, որոնք ամբիոններում վերլուծության են ենթարկվում: Ուսանողության մեջ մի թյուր կարծիք կա տարածված, որ հարցումների արդյունքներով հնարավոր է  աշխատանքից հեռացնել դասախոսին: Այս տվյալները պարզապես հաշվի են առնվում բուհի գիտական խորհրդի կողմից՝ դասախոսների վերահրամանագրման մրցույթի ժամանակ:



«Եղել են դեպքեր, երբ ուսանողների մի ստվար զանգված դժգոհ է եղել կոնկրետ դասախոսից, ով  մյուս մրցույթում պարզապես չի վերահրամանագրվել»,-ասում է պրն Ժամհարյանը: Թեպետ ուսանողները հակառակն են պնդում՝ տարիներ շարունակ «ջնջել» ենք դասախոսին, սակայն նա շարունակել է հայտնվել լսարանում:



Վերջերս նման հարցումներ անցկացվում են նաեւ շրջանավարտների շրջանում՝ հասկանալու, թե ինչքանով են բավարարված ուսանողներն իրենց ստացած կրթությունից:



Նարե ՍԱՀԱԿՅԱՆ