Զոհված զինվորի մայրը պատասխան է պահանջում

Զոհված զինվորի մայրը պատասխան է պահանջում
Նկարում պատկերված գեղեցկադեմ երիտասարդը մարտի 17-ին ԼՂՀ Ասկերանի շրջանում ադրբեջանական կրակոցներից ուսի շրջանում վիրավորված ու 1.5 ժամ անց մահացած 19-ամյա Ահարոն Հայրապետյանն է:



Նախօրեին Ահարոնի մայրը հանդես է եկել հայտարարությամբ, որն ուղարկել է մեր խմբագրություն:



«Ես՝ Մարետա Գեւորգյանս, ժամկետային զինծառայող Ահարոն Հայրապետյանի մայրը, բողոք եմ ներկայացնում, որ իմ որդու մահվան համար ոչ մի բացատրություն չստացա, եւ ոչ ոք պատասխանատվություն չի կրում: Կոչ եմ անում բոլոր հայ մայրերին՝ մի վստահեք ձեր զավակի կյանքը մեր անպատասխանատու հայ բանակի հրամանատարությանը: Նաեւ բողոքում եմ վիրավորված որդուս առաջին օգնություն ցույց տվող բժշկից, որ կարող էր փրկել որդուս կյանքը: Սխալ բուժօգնություն է ցույց տվել, եւ 1.5 ժամ պայքարելով կյանքի համար՝ որդիս արնաքամ լինելով, մահացել է հոսպիտալի ճանապարհին:



Ողբա հայ ժողովուրդ, քանզի արծիվ զավակներդ հատ-հատ զոհվում են խաղաղ հայրենիքիդ սահմանները պաշտպանելիս, եւ այս արհավիրքը կանխելու համար ձեռնարկվող միջոցներն անարդյունավետ են: Ձեզ են դիմում Ահարոն Արմենի Հայրապետյանի մայրը եւ նրա հարազատները, ով զոհվեց սահմանի վրա, անհասկանալի իրավիճակում, մարտի 17-ին: Ահարոնը հաղթանդամ երիտասարդ էր, 195 սմ հասակով, պետական համալսարանի 2-րդ կուրսի ուսանող, մարդասեր եւ հումորասեր 19-ամյա պատանի, կյանքով լեցուն եւ ապագայի հանդեպ մեծ ծրագրերով: Բայց նրա դին հանձնեցին ծնողներին՝ կարծես ոչինչ չի եղել, անտարբեր եւ անշուք»,-հայտարարում է մահացած զինվորի վշտահար մայրն ու հարց ուղղում. «Ո՞վ պետք է պատասխան տա այս ամենի համար»:



Նշենք, որ Ահարոնը Սոչիում մարտի 5-ին Հայաստան-Ադրբեջան բանակցությունների ֆոնին վերջին երկու շաբաթվա  3-րդ զոհն է: